«Հայաստանում փոթորիկ է լինելու»

04/09/2007

«ՌԲԿ դեյլի» պարբերականի փոխանցմամբ՝ «Խաղատների մասին» նոր օրենքը ռուսաստանյան ընկերություններից շատերին ստիպելու է բիզնեսը տեղափոխել արտասահման: «Հայաստանում փոթորիկ է լինելու» վերնագրի ներքո «ՌԲԿ դեյլին» հաղորդում է, որ Ռուսաստանի խաղային բիզնեսում մեծությամբ երկրորդ ընկերությունը՝ «Storm International»-ը մտադիր է 300 միլիոն դոլարի ներդրում անել Հայաստանում եւ կառուցել զվարճանքի համալիր՝ խաղատնով, իսկ հաջորդ տարվանից Հայաստանում ստեղծել խաղադահլիճների ցանց: «Storm International» ընկերությունը ստեղծվել է 1992 թվականին, այդ հոլդինգի մեջ են մտնում 23 խոշոր խաղասրահներ՝ «Սուպերսլոտ», «Շանգրի Լա», «Ջազթաուն» եւ այլ խաղատներ: «Storm International»-ի մամլո քարտուղար Լավրենտի Գուբինը «ՌԲԿ դեյլիի» թղթակցին փոխանցել է, որ ընկերությունը զվարճանքի համալիրը կառուցելու է Երեւանի մոտակայքում գտնվող 15 հեկտար տարածության վրա՝ միաժամանակ չնշելով կոնկրետ վայրը: Գուբինի խոսքերով, այնտեղ հիմա կա հազար քառակուսի մետր տարածությամբ մի խաղատուն, որը կվերակառուցվի եւ կանվանվի «Շանգրի Լա-Երեւան»: Հարակից տարածքում ընկերությունը կառուցելու է հինգաստղանի հյուրանոց՝ 200 համարով, համերգասրահ, առեւտրի կենտրոն, ռեստորաններ, ինչպես նաեւ՝ գիշերային բար: «Ընկերությունը մտադիր է ներդնել թե՛ սեփական ֆինանսական միջոցները եւ թե՛ հայաստանցի գործընկերների միջոցները»,- ասել է «Storm International»-ի մամլո քարտուղարը՝ հրաժարվելով հայտնել հայաստանցի գործընկերների անունները: Ըստ «ՌԲԿ դեյլիի», «անցյալ տարի Հայաստանի պետբյուջեն խաղային բիզնեսից երկուսուկես միլիոն դոլար է ստացել»: Խաղային բիզնեսի մասին նոր օրենքը, որը Ռուսաստանում ուժի մեջ է մտել 2007 թվականի հունվարի 1-ից, արգելում է նոր խոշոր համալիրների կառուցումը եւ սահմանում, որ մինչեւ 2009 թվականի հուլիսի 1-ը խաղային բիզնեսը պետք է տեղափոխվի չորս հատուկ գոտիներ: Դրա հետեւանքով խոշոր ընկերություններից մի քանիսն արդեն սկսում են բիզնեսի մի մասը տեղափոխել արտասահման: