Ինչո՞ւ չի աղմկելու Գետառը

04/09/2007 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Երեւանում քանդման մի խելահեղ գործընթաց է սկսվել: Քանդում են հին շենքերն ու առանձնատները, փողոցները, քանդում են անգամ բլուրներն ու ժայռանման տեղանքները: Քանդողները կամ քաղաքային իշխանություններն այս բոլորի համար ինչ-որ բացատրություն կամ հեռավոր արդարացում են տալիս:

Ասենք, ի՞նչ վատ բան է, որ հին տները փոխարինում են էլիտար շենքերով, անցումներ են կառուցում, որ երթեւեկությունը կարգավորեն, ռելսերը հանում են ու փողոցներն են ասֆալտապատում, որպեսզի Երեւանն ունենա բարեկարգ ճանապարհային ցանց: Սակայն, քանի որ գրեթե ամեն ինչ մայրաքաղաքում սկսել են քանդել միաժամանակ, դա, մեղմ ասած, կասկածելի է թվում, ինչին կանդրադառնանք առաջիկայում: Իսկ մինչ այդ Երեւանի կենտրոնում եւս մի քանդման-կառուցապատման գործընթաց է տեղի ունենում, որի համար ներկայացվող որեւէ բացատրություն հիմնավոր չի թվում: Խոսքը Գետառի փակման ծրագրի մասին է: Գետառն առանց այդ էլ քաղաքի որոշ հատվածներում հոսում է փակ տարածության մեջ: Հիմա քաղաքային իշխանությունները Խանջյան փողոցին զուգահեռ բաց մնացած հատվածը քանդում են եւ այդ հատվածում ճանապարհ են կառուցում: Ծրագրի հեղինակները դա բացատրում են նրանով, որ այդպիսով լայնացնում են փողոցը: Իսկ բնապահպաններն ահազանգում են, որ Գետառի փակումը կվատացնի Երեւանի առանց այդ էլ բարդ էկոլոգիական վիճակը:

«Մեր կենտրոնը գտնվում է գոգավորության մեջ: Երբ ձմռանը երկարատեւ մառախուղ է լինում, աղտոտվածությունները հավաքվում ու մնում են կենտրոնում,- ասում է բնապահպանության նախկին նախարար Կարինե Դանիելյանը: -Նախկինում երբ կառուցապատումներ էին անում, երբ փողոցներ էին նախագծում, հաշվի էին առնում նաեւ օդափոխության խնդիրները, որպեսզի եղած քամիներին չխոչընդոտեն, որ քաղաքի օդային ավազանը մաքրվի: Հիմա իրար կողքի դրված այս բարձրահարկ շենքերը խոչընդոտում են դրան: Քաղաքում եթե մի փոքր բնական հատված էր մնացել, գոնե դա պետք է պահպանեին: Գետառում նաեւ բավականին մեծ կանաչ զանգված էր առաջացել: Այդ կանաչը երկու ֆունկցիա էր կատարում՝ մաքրում էր ջուրը: Ջրից վերցնում էր ֆոսֆորը, ազոտը, այն բոլոր նյութերը, որոնք որպես պարարտանյութ անհրաժեշտ էին, եւ դրանով ջուրը մաքրվում էր: Բացի այդ, դա բնական կանաչ հատված էր, բնական լանդշաֆտ էր մնացել ամբողջովին բետոնով ու ասֆալտով պատված քաղաքի կենտրոնում»,- ասում է տիկին Դանիելյանը:

Սակայն, ինչպես նշեցինք, քաղաքային իշխանությունները որոշել են, որ Գետառը այլեւս պետք է հոսի բետոնե խողովակով: Մինչդեռ, ըստ բնապահպանների, գետակը փակ տարածքով հոսելու դեպքում սկսելու է նեխել: Փակ տարածքով հոսելու դեպքում ջրի որակը խիստ վատանալու է, որովհետեւ ջուրը պետք է անընդհատ օդի, թթվածնի հետ շփման մեջ գտնվի, որպեսզի այդպիսով նաեւ կատարվի ջրի մաքրման պրոցեսը: Իսկ փակ տարածության մեջ հոսելու դեպքում, ինչպես նշեցինք, տեղի է ունենալու անընդհատ նեխման պրոցես, եւ հետո այդ ջուրը լցվելու է Հրազդան գետ, Երեւանյան լիճ: Նշենք, որ Գետառը նաեւ սելավատար է: Երկարատեւ հորդ անձրեւների եւ ձնհալների դեպքում գետի ջրերը վարարում են: «Իմ կյանքի ընթացքում ես տեսել եմ, որ ջուրը բարձրացել է այնքան, մինչեւ հավասարվել է եզրերին,- ասում է Կ.Դանիելյանը: -Վերջերս Նորքից, Ավանից բնակիչները զանգահարում են, ասում են՝ երբ հորդառատ անձրեւներ են լինում, ջուրը կարծես թե խելագարվում է, տեղ չի գտնում դուրս գալու, որովհետեւ նրա բնական հունը Գետառ լցվելն է: Իսկ այդ հատվածում նույնպես Գետառը ծածկել են: Էստեղ փակեցինք, էնտեղ փակեցինք, մի կտոր մնացել էր, այն էլ փակում ենք: Այս առումով դարձյալ մեզ հանգստացնում են, թե քաղաքի հյուսիսում կառուցված են հատուկ հիդրոտեխնիկական կառույցներ, որոնք թույլ չեն տա, որ սելավ լինի: Գիտեք, այսօրվա կլիմայական փոփոխությունների պայմաններում հույսը դնել այդ կառույցների վրա, շատ սխալ է: Մի՞թե Դրեզդենը չունի այդպիսի կառույց, որ ամենաթանկարժեք թանգարանների առաջին հարկերը ջրի տակ էին անցնում: Եվ այս պայմաններում սելավատար փակելը շատ սխալ քայլ է»,- պնդում է բնապահպանության նախկին նախարարը:

«Երեւաննախագիծ ինստիտուտի» տնօրեն Գուրգեն Մուշեղյանը, ով Երեւանի ճանապարհային շինարարության գրեթե բոլոր նախագծերի հեղինակն է, ասում է, թե այս ծրագրով փակվելու է Գետառի միայն մի հատվածը, թեեւ այսօր տեսանելի է, որ Խանջյան փողոցին զուգահեռ՝ գրեթե ամբողջ երկայնքով աշխատանքներ են ընթանում: Բացի այդ, բնապահպանների ասելով՝ կոնկրետ Գետառի նախագիծը բնապահպանական փորձաքննություն չի անցել:

«Գետառի նախագիծը ոչ թե առանձին, այլ Կենտրոնի ճանապարհային շինարարության մյուս նախագծերի հետ միասին է անցել փորձաքննության,- ասում է Գուրգեն Մուշեղյանը: -Բացի այդ, Գետառի ծրագիրն ընդգրկված էր նաեւ Երեւանի գլխավոր հատակագծի եւ գոտիավորման պլանի մեջ»: Մինչդեռ Երեւանի գլխավոր հատակագծում բառացիորեն գրված է. «Գետառի հունի բարեկարգումը բաց տարբերակով գետի՝ Օղակաձեւ զբոսայգու տարածքի հատվածում ճարտարապետաէսթետիկական տեսակետից ամենակարեւորն է»:

Ինչպես տեսնում ենք, Երեւանի գլխավոր հատակագիծը Գետառի փակում չի նախատեսել: Եվ տպավորություն է ստեղծվում, թե մեր քաղաքային իշխանությունները ետին թվով ուզում են այդ ծրագիրը մտցնել Երեւանին վերաբերող բոլոր նախագծերում: 2004թ. գարնանը ձնհալի եւ հորդառատ անձրեւների պատճառով վարարել էր Հրազդան գետը` վնասներ պատճառելով շրջակայքին եւ այդ հատվածում կառուցված ռեստորաններին: Հետեւանքներն ուսումնասիրող հանձնաժողովը հաշվարկել էր, որ այդ վարարումը 470 մլն դրամի վնաս է հասցրել շրջակայքին: Այսօր մտավախություն կա, որ Խանջյան փողոցի երկարությամբ Գետառը ծածկելով՝ մեր իշխանություններն իրականում ուզում են այդ հատվածում նույնպես սրճարաններ ու ռեստորաններ կառուցել, այնպես, ինչպես դա արվել է Խանջյան-Սայաթ-Նովա խաչմերուկից վերեւ գտնվող հատվածում:

«Կիեւում Դնեպրի մի հատվածը բերել են, քաղաքի միջով անց են կացրել, որպեսզի իրենք իրենց Վենետիկն ունենան,- ասում է Կ.Դանիելյանը: -Ես երկու ամիս առաջ եղել եմ Ճապոնիայում, Կիոտո քաղաքում Գետառի կեսի չափով գետակ էր հոսում: Դուք տեսնեիք, թե ինչ պատիվ ու հարգանք կար այդ գետի նկատմամբ: Հսկայական կանյոն է թողած քաղաքի կենտրոնում, ամբողջ կողքը կանաչապատել եւ զբոսնելու վայր էին դարձրել: Մենք ունենալով բնական լանդշաֆտ՝ փոխանակ գեղեցկացնենք, վերացնում ենք: Այդքան գումար է ծախսվել, պատերը կառուցվել, տեսնում եմ, թե ինչպես են բուլդոզերով խփում ու քանդում: Մի՞թե կարելի է կառուցելու փոխարեն քանդել»,- հարցնում է Դանիելյանը: