Վարչապետի պաշտոնը` օլիգարխներին

04/09/2007

Սեպտեմբերի 7-ին ԼՂՀ-ում տեղի կունենա ԼՂՀ նորընտիր նախագահ Բակո Սահակյանի երդման արարողությունը: Ինչպես հայտնի է՝ ընտրություններում Բակո Սահակյանի թեկնածությունն ընտրարշավի ընթացքում պաշտպանել էին խորհրդարանում ներկայացված բոլոր կուսակցությունները, ինչը թույլ էր տալիս հայտարարելու, որ Բակո Սահակյանը ղարաբաղյան քաղաքական ուժերի միասնական թեկնածուն է: Սակայն ընտրություններից ընդամենը մի քանի օր անց սկսեցին խոսել, որ այդ միասնությունն արդեն որոշակի ճաքեր է տալիս, որի պատճառը ԼՂՀ նոր վարչապետի թեկնածության վիճահարույց հարցն է: Բանն այն է, որ դեռեւս ընտրական գործընթացների ժամանակ գրեթե ոչ մեկի համար գաղտնիք չէր, որ խորհրդարանում պատգամավորների քանակով երկրորդ քաղաքական ուժը` հիմնականում ազդեցիկ գործարարներից ձեւավորված «Ազատ Հայրենիք» կուսակցությունը վարչապետի պաշտոնում տեսնում է հենց իր կուսակցության ղեկավար, ղարաբաղյան չափանիշներով խոշոր գործարար Արայիկ Հարությունյանին: Դա, բնականաբար, Բակո Սահակյանի թեկնածությունը պաշտպանած «կոալիցիայի» մյուս անդամների առանձնապես սրտով չէր: Սակայն ընտրական շրջանում բոլորը խնդրո առարկայի շուրջ գերադասում էին հրապարակավ վերաբերմունք չդրսեւորել: Հիմա, երբ եկել է «իշխանական կարկանդակը» վերաբաժանելու ժամանակը, այս հարցը բոլորի ուշադրության կենտրոնում է: Արայիկ Հարությունյանի դեմն առնելու համար, ըստ մեր ղարաբաղյան աղբյուրների, «կոալիցիայի» մյուս անդամները Բակո Սահակյանին առաջարկել էին նույնիսկ իր ներկայիս պաշտոնում թողնել Անուշավան Դանիելյանին: Ըստ նույն աղբյուրի` այդ գաղափարի կողմնակիցն է նաեւ ԼՂՀ մինչ օրս գործող նախագահ Արկադի Ղուկասյանը: Սակայն մեր տեղեկություններով՝ Բակո Սահակյանը խորհրդակցելով երեւանյան իշխանական վերնախավի հետ, այնուամենայնիվ, որոշել է վարչապետի պաշտոնը հանձնել «Ազատ Հայրենիքի» ղեկավարին: