Համահայկական խաղերի ընթացքում տեղի ունեցած խայտառակ միջադեպի մասին, երբ Երեւանի բասկետբոլի թիմի տղաները «հյուրընկալության» կանոնների համաձայն՝ հենց խաղադաշտում ծեծել էին Կահիրեի հայերին, բոլորն իմացան։ Մամուլում հրապարակումներ եղան, խաղացողներ որակազրկվեցին եւ այլն։ Երեկ թուրքական «Սաբահ» էլեկտրոնային թերթը տեղեկություն է հրապարակել մի միջադեպի մասին (կրկին բասկետբոլի խաղերի հետ կապված), որը հայկական մամուլի ուշադրությունից կարծես դուրս է մնացել։ Ըստ թերթի, տղամարդկանց բասկետբոլի մրցումների ժամանակ ԱՄՆ-ի թիմը հարձակվել է Ստամբուլի թիմի վրա։ Միջադեպը հրահրել են ամերիկահայերը՝ խաղի ժամանակ մրցակցի խաղացողներից մեկին անվանելով «կեղտոտ թուրք շուն»։ Ըստ «Սաբահի», այդ բառերից հետո ծեծկռտուք է սկսվել, եւ խաղն ընդհատվել է 15 րոպեով։ Միջադեպը հարթվել է Ոստիկանության միջամտությունից հետո միայն։ Թուրքական թերթը մեջբերել է ամերիկյան թիմի խոսքերը. «Մենք նման հարձակում չենք գործել։ Նրանք են կռիվը սկսել՝ մեզ վրա հարձակվելով։ Նրանք իսկական հայեր չեն, նրանք կիսահայեր են»։ Ուշագրավ է նաեւ այն, որ հրապարակման մեջ թուրքահայ մարզիկների մասին խոսվում է որպես թուրքերի։