Սեզոնը փոխվել է

04/09/2007 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Հանրային ռադիոն կանգնած է նոր եթերաշրջան հայտարարելու անհրաժեշտության առջեւ։

Հանրային ռադիոյի ղեկավար Արմեն Ամիրյանը երեկ հայտնեց լրագրողներին, որ եթերաշրջանի նորամուծություններն իրենց արագ զգացնել չեն տա, բայց շրջադարձային կլինեն։ «Ռադիոյով հեռարձակվող երգերի 90%-ը հայերեն լեզվով կլինի»,- ասաց նա՝ չմանրամասնելով՝ թե այդ երգերն ի՞նչ ժանրի երգեր են լինելու։ Նա ասաց, որ մեր շուկայում հայկական երգերը քիչ են, եւ հիմա հասունացել է մեր ժամանակաշրջանի երաժշտական պատմությունը ստեղծելու ժամանակը։ Հանրային ռադիոն այժմ հեռարձակում է 14 լեզուներով, վերջերս ավելացել է նաեւ ասորերեն լեզուն։ Շուտով կավելանա նաեւ ռադիոյի ինտերնետային կայքում տեղադրված լեզուների քանակը, եւ լուրեր կհաղորդվեն միաժամանակ ութ լեզուներով։ «Դա շատ կհետաքրքրի արտասահմանում ապրող մեր երիտասարդ հայրենակիցներին»,- ասաց Ա. Ամիրյանը։ Նա նկատեց, որ շուտով կավարտվի կենտրոնական ապարատասրահի տեղադրումը. «Սարերի ետեւում չէ նաեւ ռադիոյի թվայնացումը»։ Իսկ Հանրայինի երկրորդ ռադիոալիքը՝ «Երեւանը», մշակութային ուղղվածություն կստանա, ինչի շնորհիվ եթերին «նոր շնչառություն» կհաղորդվի։

Ա. Ամիրյանը լուրջ չի համարում իր մոտալուտ հրաժարականի մասին շրջանառվող լուրերը։ «Այդ լուրերը ամառային անդորրը գեղեցկացնելու ու ցնցելու համար են տարածվել։ Համոզված եմ, որ լուրերի պակասը սեզոնային բնույթ է կրում, ամառը սովորաբար լուրեր քիչ են լինում։ Առաջիկա ժամանակներում ես պատրաստ եմ աշխատել ու տարբեր ծրագրեր իրականացնել»,- ասաց նա։

«Եվրատեսիլում» կերգեն լուսնի մասին

Դեկտեմբերի 8-ին Ռոտերդամում տեղի կունենա «Եվրատեսիլ» մանկական երգի մրցույթը, որին առաջին անգամ մասնակցելու է Հայաստանը։ Մրցույթը պարտադրում է, որ երգի հեղինակները երեխաներ լինեն, եւ Հայաստանը ներկայացնող երգը գրել է «Արեւիկ» մանկական անսամբլի սան Մարիամ Ջավախյանը։ Երգը կատարում են «արեւիկցիները», իսկ պարը բեմադրել են «Արեւիկի» պարուսույցները։ Երեկ Հանրային ռադիոյի ղեկավար Արմեն Ամիրյանը ներկայացրեց երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը, որի ռեժիսորը Հրաչ Քեշիշյանն է։ Լուսնի մասին կատարվող երգը շատ ուրախ ու աշխույժ ռիթմեր ունի։ «Իմ փոքրիկ, սիրուն լուսին, խնդրում եմ՝ դիր ինձ քո ուսին, անհամար երգեր ինձ պարգեւիր, մեր երազանքները կատարիր»,- մոտավորապես այսպիսի բառեր կան երգում։ Հայաստանի համար թերեւս ամենամեծ պարգեւը կլինի «Արեւիկի» հաղթանակը, Արմեն Ամիրյանը հավատով է նայում հայ երգիչների հաղթանակին։ «Ուզում եմ, որ առաջին տեղը գրավենք»,-ասաց նա։