Հողեր են առնում

02/09/2007

Դիլիջանը բիզնես կենտրոն դարձնելու` ՀՀ վարչապետի առաջարկը գործարար աշխարհն ընկալել է բառացիորեն: Դիլիջանի բնակիչների պատմելով, վերջերս այնտեղ սկսել են հայտնվել երեւելի պետհամարանիշերով «Ջիպ» ավտոմեքենաներ: Լուրեր են շրջանառվում, որ վերջիններս Դիլիջան են ժամանում հողատարածքներ գնելու նպատակով, ինչն էլ անհանգստացրել է տեղի բնակիչներին: Բանն այն է, որ նրանց հետաքրքրությունների շրջանակում են գտնվում այնպիսի տարածքներ, որտեղ 1992-ից ի վեր ապօրինի կերպով տներ են կառուցել մի քանի տասնյակ դիլիջանցիներ: Այս ընտանիքներին Դիլիջանի քաղաքապետարանը ժամանակին տնամերձերի համար հողհատկացումներ է արել Շամախյան կոչվող թաղամասում, որտեղ պետական ծրագրերով ճանապարհներ ու համապատասխան կոմունիկացիաներ պետք է կառուցվեին: Սակայն միջոցների սղության պատճառով այս ծրագրերը չեն իրականացվել, եւ բնակիչները ստիպված են եղել ավելի բանուկ թաղամասում ապօրինի կառուցապատում իրականացնել: Եթե անգամ Դիլիջանի քաղաքապետարանը բնակիչներին թույլատրի օրինականացնել իրենց հողերը, ապա, ասենք, 600 քմ տնամերձի կադաստրային արժեքը մոտ 2000 դոլար կկազմի: Նշենք, որ սոցիալապես անապահով այդ ընտանիքներն այսօր էլ ապրում են տնակային պայմաններում: