Վլադիմիր Մուսայելյանը երկար տարիներ եղել է ԽՍՀՄ ամենաերկարակյաց եւ «ամենահանդարտ» առաջնորդի` Լեոնիդ Իլյիչ Բրեժնեւի անձնական լուսանկարիչը:
Նրան անվանում էին «կայսրության վերջին լուսանկարիչը», քանի որ նա ոչ միայն Բրեժնեւի անձնական ֆոտոարխիվն էր ամբողջացնում, այլեւ` հավաքագրում ու սոցիալիստական երկրում կատարվող իրադարձությունների խրոնիկան էր կազմում: Բրեժնեւյան դարաշրջանը, որի ընթացքում ոչ մի ցնցում, պատերազմ ու աղետ պարզապես լինել չէր կարող (նույնիսկ աղետներն էին «խմբագրվում», եւ իրադարձություններն էին զրկվում հրատապությունից), հայտնի էր որպես «լճացման շրջան»: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո բոլորն աշխատում էին մոռանալ այդ ժամանակը, որտեղ պաթոսն ու սուտն իրար էին խառնված, իսկ միապաղաղ կյանքին եկել էր փոխարինելու «լուսավոր ապագայի» սպասումը: 1970-80-ականներին ամեն ինչ կանխորոշված ու հաստատված էր. ասվում էր, որ պատերազմ չկա, ուրեմն` այն չկար:
Բրեժնեւի մահից հետո ռուսական եւ արտասահմանյան շատ թերթեր պատրաստ էին Վ.Մուսայելյանից գնել առաջնորդի կյանքի վերջին օրերի լուսանկարները, սակայն Վ.Մուսայելյանը պաթետիկ պատասխանել է. «Վստահությունը չի վաճառվում»: Նա 28 տարեկան հասակում դարձել էր Կոմկուսի գլխավոր քարտուղարի միակ վստահված լուսանկարիչը. այդ ժամանակ Բրեժնեւն արդեն 64 տարեկան էր: Իսկ մինչ լուսանկարչությամբ զբաղվելը` Մուսայելյանը երազել է ավիացիայի մասին, աշխատել է գործարանում՝ որպես ատաղձագործ, հետագայում դարձել ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի թղթակիցը:
«Առաջնորդներին լուսանկարելը ծանր խաչ է»,- խոստովանել է Վ.Մուսայելյանը, ով, իհարկե, ամեն վայրկյան փորձել է երկրի առաջնորդին պատկերել ամենաշահեկան դիրքերում` նրա դեմքի արտահայտությունը հնարավորինս տպավորիչ դարձնելով: Մուսայելյանը չի փորձել «սեւացնել» պետության առաջնորդին ու վարկաբեկիչ լուսանկարներ տպագրել, թեեւ դրանք քիչ չեն եղել: Ինչպես հայտնի է` Բրեժնեւը սիրել է ակտիվ հանգիստը, շքանշանները, որսն ու ալկոհոլը, իսկ կյանքի վերջին տարիներին վերածվել է անզոր ու կմկմացող ծերուկի, ով իր ելույթները նույնիսկ ճիշտ արտաբերել չէր կարողանում: Բրեժնեւի մասին բազում անեկդոտներ էին հորինվում, այլ բան անել չէր կարելի: Սակայն այդ «լճացման» տարիները շատերի մոտ որոշակի կարոտաբաղձություն են առաջացնում, քանի որ այդ ժամանակահատվածում իսկապես բոլորը հավասար էին: Ամեն ինչ պլանավորված ու հստակ էր, երաշխավորվում էր ուսումը, աշխատավարձը, հանգիստն ու ժամանցը: Աղքատիկ, բայց կայուն ժամանակներ էին: Այո, այդ տարիներին սարսափելի դեֆիցիտ ու ցենզուրա կար, բայց այն կար բոլորի համար: Տասնամյակներ անց այդ շրջանը հետաքրքրություն եւ որոշակի նոստալգիկ տրամադրություններ առաջացրեց ռուսների մոտ, եւ 2006 թվականին Մոսկվայի Պատմության թանգարանում կազմակերպվեց Վլադիմիր Մուսայելյանի աշխատանքների ցուցահանդեսը, որն ուներ «Գլխավոր քարտուղարն ու լուսանկարիչը» խորագիրն ու նվիրվել էր Բրեժնեւի 100-ամյակին: Կար ժամանակ, երբ Բրեժնեւի դարաշրջանը հավերժ, անհետաքրքիր ու անխախտելի էր թվում…
Բրեժնեւը շատ էր վստահում իր լուսանկարչին, երեխայի նման ուրախանում էր, երբ հաջող լուսանկար էր տեսնում, ասում էր. «Սա լավ նկար է, այստեղ ես Ալեն Դելոնին եմ նման»: Վ.Մուսայելյանն իր հարցազրույցներում հաճախ է ընդգծել, որ Բրեժնեւը շատ նրբանկատ մարդ էր… Մուսայելյանը 13 տարի շարունակ գրեթե ամեն օր եղել է Բրեժնեւի կողքին, ուղեկցել նրան բոլոր ճամփորդությունների ժամանակ, լուսանկարել նրա պաշտոնական հանդիպումները, հանգիստն ու ընտանեկան կյանքը: Այսօրվա հայացքով անցյալին նայելը շատ հետաքրքիր է: Հոգնելով երկրի «ուժեղ» ղեկավարներից ու այդ ղեկավարների դեմ անհույս պայքար մղելուց, սովետական ժողովուրդը խորը նիրհի մեջ էր սուզվել: Եվ այդ նիրհող հասարակությունը լուսանկարիչ Վլադիմիր Մուսայելյանը պատկերել է մեկ` ամենագլխավոր անձի միջոցով: Հանդիպումներ գործարաններում, գյուղերում, լուսանկարներ թոռների, կնոջ, դստեր հետ, հրացանը ձեռքին` որսի գնալիս, պոլիտբյուրոյի ողջ կազմով` երկրի ապագան քննարկելիս…
Վ.Մուսայելյանն արժանացել է յուրաքանչյուր լուսանկարչի համար ամենապատվավոր մրցանակի` Նիդեռլանդներում տեղի ունեցող «Ուորլդ պրես ֆոտո» ամենամյա մրցույթի գլխավոր` «Ոսկե աչք» մրցանակի: Հաղթող ճանաչված լուսանկարը պատկերում է ԽՍՀՄ առաջնորդին այն պահին, երբ նա … լաց էր լինում: Արցունքը փայլում էր Բրեժնեւի այտին, երբ նա զրուցում էր Չիլիի Կոմկուսի նախագահ Լուիս Կորվալանի հետ: Կորվալանը Պինոչետի ռեժիմի տարիներին բանտ էր նետվել, իսկ ԽՍՀՄ-ը չիլիացի քաղբանտարկյալին 1976 թվականին քաղաքական ապաստան էր տվել ու գրկաբաց ընդունել էր` ամենաբարձր մակարդակով: Բրեժնեւն այդ հանդիպման ժամանակ չի կարողացել զսպել իր հուզմունքը, բայց այդ հուզմունքը երկրին պետք չի եկել, եւ արցունքը լուսանկարից վերացել է:
Հայ լուսանկարիչ Վահան Քոչարը, ով վերջերս թողարկեց հիանալի ու ամբողջական մի աշխատություն` նվիրված հայ լուսանկարիչների աշխատանքներին, Վ.Մուսայելյանի մասին պատմում է, որ «Ոսկե աչք» մրցանակի արժանացած լուսանկարը Սովետական Միությունում լավ չընդունվեց. «Մուսայելյանի ֆոտոն «ռետուշ» արվեց, պատկերից վերացավ Բրեժնեւի արցունքը: Եվ միայն այդ տեսքով է լուսանկարը հայտնի, թեեւ` բարձրագույն մրցանակ է ստացել հենց արցունքի շնորհիվ»: Հայ լուսանկարիչների ճակատագրերի մասին Վահան Քոչարը պատրաստվում է պատմել առանձին գրքում, եւ հայ ընթերցողին անցյալը վերհիշելու եւ եզրակացություններ անելու առիթ տալ: