Բացվում է «Արմմոնոն»

02/09/2007

Հինգերորդ շեքսպիրյան «Արմմոնո» փառատոնն այս տարի անցկացվելու է Երեւանում` սեպտեմբերի 12-18-ը: Ավանդույթի համաձայն` աշխարհի տարբեր երկրներից Հայաստան կժամանեն մենաներկայացումներն ու դերասանները: Պատվավոր հյուրերի շարքում են լինելու աշխարհահռչակ բեմադրիչ Ռոբերտ Ստուրուան, Թատրոնի միջազգային ինստիտուտի գլխավոր քարտուղար Ջենիֆեր Ուոլփոլը, Մոնոթատրոնի միջազգային ֆորումի նախագահ Վալերի Խազանովը, մոնոթատրոնի միջազգային շարժման հիմնադիր, Չիկագոյի եւ Վրոցլավի հնագույն մոնոներկայացումների փառատոների տնօրեն Վեցլավ Գերասը եւ ուրիշներ:

Շեքսպիրյան թեմատիկան այս տարի պարտադիր չի լինի հայ մասնակիցների համար, քանի որ փառատոնի նախագահ, ռեժիսոր Հակոբ Ղազանչյանը ցանկանում է լայնացնել փառատոնի շրջանակներն ու պրեմիերաներով ոչ շատ հարուստ մեր թատրոններին հնարավորություն տալ ներկայանալ իրենց նոր աշխատանքներով: «Փառատոնը առիթ է տալիս մեր դերասաններին ելույթներ ունենալ արտերկրներում, իսկ այդ առիթները մեր թատրոններում քիչ են, քանի որ ոչ բոլոր թատրոններն են անդրադառնում Շեքսպիրի գործերին»,- ասաց նա: Փառատոնին կմասնակցեն ութ հայ դերասաններ` Իշխան Ղարիբյանը (ՊՀԹ), Կարինե Ջանջուղազյանը (Երաժշտական կամերային թատրոն), Ժենյա Ներսիսյանը (անկախ պրոյեկտ), Մարիամ Ղազանչյանը («Բեմական խաչմերուկ» կենտրոն), Հրանտ Խաչիկյանը (Կոնսերվատորիա), Դավիթ Հովսեփյանը, Ալլա Սահակյանը (Համազգային թատրոն), Ջուլյա Ստեփանյանը («Գոյ» թատրոն-լաբորատորիա), Հայկ Զորիկյանը (անկախ պրոյեկտ):

Փառատոնի բացման արարողությունը տեղի կունենա Պատանի հանդիսատեսի թատրոնի բեմում, որտեղ Թբիլիսիի Ռուսթավելու անվան թատրոնը կներկայացնի Կարինե Խոդիկյանի պիեսի հիման վրա բեմադրված «Տրակտատ թաշկինակի մասին» ներկայացումը, որի բեմադրիչը Հ.Ղազանչյանն է: Փառատոնի շրջանակներում կլինեն հանդիպումներ եւ կլոր սեղաններ: «Արմմոնոյին» ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Մշակույթի նախարարությունն ու Երեւանի քաղաքապետարանը: