– Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը Ծաղկաձորն առեւտրի գոտի դարձնելու ցանկություն է հայտնել: Տեղյա՞կ եք մանրամասներին:
– Ո՛չ, ես այդ մասին իմացել եմ մամուլից եւ անձամբ իր հետ հանդիպում չեմ ունեցել: Սակայն պետք է ասեմ, որ մենք ողջունում ենք ցանկացած ներդրումային առաջարկ:
– Այսօր ինչպիսի՞ ներդրումների կարիք կա Ծաղկաձորում:
– Ծաղկաձորը միմիայն զբոսաշրջության ուղղությամբ է պետք զարգացնել: Մեզ մոտ բացառված է արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը:
– Իսկ Ծաղկաձորում մնացե՞լ է չսեփականաշնորհված տարածք, որը հնարավոր կլինի ձեռք բերել՝ հյուրանոցային համալիր կառուցելու համար:
– Ծաղկաձորում դեռեւս ոչ մի աճուրդ չի կայացել. ընդամենը մի քանի օր առաջ հայտարարություն ենք տարածել, որ պատրաստվում ենք աճուրդի ներկայացնել հողատարածքներ սեփականաշնորհելու համար: Ցանկացողները կարող են դիմել մեզ:
– Իսկ կոնկրետ ո՞ր հողատարածքների մասին է խոսքը եւ արդյոք մնացե՞լ են ազատ հողատարածքներ:
– Իհարկե, կան: Թող մտնեն Ծաղկաձորի ինտերնետային կայք ու այնտեղ մանրամասն՝ քառակուսի մետրերով, լոտերով, չափերով, պայմաններով, գներով, առաջարկվող նախագծերով կա: Բաց աճուրդ է, ցանկացած մարդ կարող է մասնակցել, բացի օտարերկրյա քաղաքացիներից, ովքեր չունեն հանրապետությունում հատուկ կացության իրավիճակ:
– Օրինակ, ինձ ո՞ր մասում եւ ի՞նչ տարածք կարող եք առաջարկել:
– Մենք հիմա աճուրդի ենք հանել Ծաղկաձորի արեւելյան լանջը, որը կողմնորոշված է դեպի հարավ, իսկ Ծաղկաձորին քիչ թե շատ ծանոթ մեկը կարող է ասել, որ դա այն մասն է, որի վրա ոչ մի ծառ, կանաչ թուփ չկա:
– Այսինքն՝ բուն Ծաղկաձորում տարածքները վերջացե՞լ են:
– Չի էլ եղել երբեւիցե ազատ տարածքը: Ձեր ասած բուն Ծաղկաձորը շրջապատված է եղել պիոներական ճամբարներով, որոնք հիմա վեր են ածվում տարբեր տեսակի հյուրանոցների, հանգստյան տների: Զարգացումը նախատեսվում է հենց այդ լանջի վրա, որտեղ նախատեսվում է կառուցել հյուրանոցներ, ինչո՛ւ չէ՝ առանձնատներ, որը պետք է սեփականատիրոջ ձեւով կանաչապատվի ու դարձվի կանաչ գոտի: Հողատարածքի ընդամենը 40 %-ը սեփականատերն իրավունք ունի կառուցապատել, 60 %-ը պետք է կանաչ լինի:
– «Տերեշկովայի» անվան ճամբարի տարածքում, որի սեփականատերը գործարար Գագիկ Ծառուկյանն է, բավականին ծառեր էին արմատախիլ արվել: Սա ընդամենը մեկ փաստն է: Դրանք լրացնելո՞ւ համար եք ավելացրել կանաչապատման ծավալները:
– Եթե ապօրինի հատված որեւէ ծառ կա, մենք սեփականատերերին պարտավորեցնում ենք նույնը վերականգնել իրենց տարածքում կամ տարածքից դուրս:
– Այսինքն՝ կարող եմ այստեղից ծառ կտրել ու մեկ այլ տեղ տնկե՞լ:
– Նախ` դուք այդ ծառը հատելու իրավունք չունեք, որ հետո էլ` որոշեք՝ որտեղ տնկել:
– Դուք ասացիք:
– Ես օրինակ ասացի:
– Բայց նման փաստեր եղել են:
– Փաստեր չեն եղել, ես նման փաստ չգիտեմ: Փաստեր կան, այո, այն ցուրտումութ տարիներին օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով հատվել են: Ժողովուրդը պետք է գոյատեւեր: Այն ժամանակ քաղաքը գազիֆիկացված չէր, բնակիչները եկամուտներ չունեին, չէին աշխատում, աշխատատեղեր չկային եւ այլն: Նաեւ ինչո՞ւ չէ՝ այն ժամանակ անտառը բիզնեսի առարկա էր: 10 տարի առաջ:
– Մեկ տարի առաջ հաստատ քաղաքը գազիֆիկացված էր, բայց լրագրողները փաստեր արձանագրեցին ու մամուլում հրապարակվեցին արմատախիլ արված թարմ ծառերի լուսանկարները: Այս մասին ի՞նչ կասեք:
– Ձեր տեսածն ավելի վաղ կտրված ծառեր էին, այո՛, մենք ստուգել ենք: Մամուլում հրապարակված նկարի մեջ ո՞նց էր երեւում՝ թա՞րմ էր, թե՞ թարմ չէր: Այդ ժամանակ մենք անտառ էլ ենք բարձրացել, ձեր ասած տեղն էլ ենք ուսումնասիրել մեր բնապահպանության եւ քաղաքաշինության բաժնի աշխատողներով ու այնտեղ որեւէ արտառոց դեպք չենք հայտնաբերել:
– Ձեր կարծիքով, Ծաղկաձորը պահպանե՞լ է հանգստյան գոտի լինելու իր կարգավիճակը:
– Ժամանակին շատ ծառեր էին հատվում տարբեր պատճառներով, բայց հիմա աշխատում ենք վերականգնել այն: 2004թ. աշնանը քաղաքապետարանն իր բյուջեից ֆինանսավորեց, որ անտառում բնաշինային աշխատանքներ կատարվեն: Երբ մի արմատից մի քանի շիվ է դուրս գալիս, հատում են, որպեսզի անտառ դառնա: 2005թ. բյուջեով ունենք անտառատնկման ծրագիր: Նախատեսում ենք նաեւ քաղաքի համար ստեղծել տնկարան, որտեղ կստանանք տնկիներ ու հետագայում կտեղափոխվեն անտառ կամ քաղաքի կանաչապատման համար կօգտագործվեն:
– Նախկինում Ծաղկաձորի անտառներում կարելի էր հանգիստ շրջել՝ առանց որեւէ մտավախության, թե դիմացդ կարող է որեւէ օլիգարխի դղյակ պատահել, որի կողքով անցնելիս հնարավոր է անկանխատեսելի հետեւանքների արժանանաս: Մտավախություն չունե՞ք, որ դա արդեն իսկ կարող է զբոսաշրջության զարգացմանը խոչընդոտել:
– Այսօր էլ կարող եք բարձրանալ անտառ, ազատ շրջել անտառում: Անվտանգ: Ոչ մեկի թիկնապահը չի նեղացնի ձեզ:
– Ո՞վ է դրա երաշխավորը:
– Ես: Արխային կարող եք պտտվել Ծաղկաձորի ցանկացած տեղում. երաշխավորը համայնքի ղեկավարն է:
– Կարո՞ղ եմ լուսանկարվել այնտեղ, որտեղ ցանկանամ:
– Այո՛:
– Անգամ օլիգարխի դղյակի առա՞ջ:
– Այո՛: Ծաղկաձորում դղյակներ չկան. կան գործարարների բնակելի տներ:
– Այդ դեպքում ինչո՞վ կբացատրեք անցած տարի ձեր երաշխավորած քաղաքում լրագրողների վրա հարձակման դեպքը:
– Գիտե՞ք ինչ, եթե քրեածին տարրեր կան, ոչ ոք չի կարող երաշխավորել, որ որեւէ քրեածին տարր ինչ-որ անշնորհքություն չի անի: Բայց մեր ամբողջ ուշքնումիտքն այն է, որ Ծաղկաձորում հանգստացողն իրեն զգա ապահով: Մենք աշխատում ենք, որ դա մաքսիմում ապահովենք:
– Ասացիք՝ երաշխավորո՞ւմ եք, ու կարո՞ղ եմ ինձ հանգիստ զգալ:
– Երաշխավորում եմ այնքանով՝ որքանով: Ցանկացած կուրորտային քաղաքներում էլ քրեական դեպքեր պատահում են: Հիմա դրա երաշխավորն ո՞վ է: Ոչ ոք: Ես այնքանով եմ կարողանում երաշխավորել, որ Ծաղկաձորի ՆԳՆ-ին ու հասարակական այն կառույցներին, որոնք կարող են դա ապահովել, խնդրում եմ, որ ապահովեն հնարավորինս անվտանգ հանգիստ հանգստացողներին:
– Չե՞ք կարծում, որ Ծաղկաձորում այլեւս հանգստանում է ապահով խավը:
– Ուսանողությանը ո՞նց եք գնահատում՝ ապահո՞վ, թե՞ անապահով:
– Խոսքը՝ «բազեների» ու «Առողջ ապրելակերպի» մասնակիցների մասի՞ն է:
– Համալսարանի, Բրյուսովի, Մանկավարժականի ուսխորհուրդներն էլ են գալիս: Այս տարի «բազեները» չեն եկել, «Առողջ ապրելակերպի» մասին էլ չեմ խոսում: Ուսանողները 8000 դրամով հանգստանում-գնում են: Կան էժան հանգստի պանսիոնատներ, որտեղ կարող են էժան հանգստանալ:
– Օրինակ:
– «Ռիպա» հանգստի տունը: Առանձնապես մի լավ պայմաններ չեն. տաք ջուր, հոլլ, գունավոր հեռուստացույց, սառնարան չկա, բայց կարող եք հանգստանալ: Իսկ ինչ վերաբերում է նրան, թե միայն ապահով խավն է գալիս, ապա ինչքան որակը լավանում է, այնքան գինը թանկանում է:
– Բացի դրանից, չե՞ք կարծում, որ ստեղծված մթնոլորտի պատճառով է, որ շատերը խուսափում են Ծաղկաձորում իրենց հանգիստն անցկացնել՝ խուսափելով հնարավոր բախումներից:
– Կներեք՝ պիտի անկեղծանամ, բայց լրագրողներն են ավելի շատ այդ մթնոլորտը ստեղծում: Ասում են՝ այսինչի թիկնապահը այսպես արեց: Հիմա մի հատ քրեական տարր ինչ-որ մեկին մի հատ բան է ասել… Երեւանում չի լինո՞ւմ: Երեւանում վախի մթնոլորտ կա՞: Ես Երեւանում էլ, Ծաղկաձորում էլ, ցանկացած մասում էլ կարող եմ, գիշերվա որ ժամին էլ ասես, առանց վախի դուրս գամ, քայլեմ: