Սպասում են ու առաջարկում սպասել

01/09/2007 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Ինչպես հայտնի է, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել՝ Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին:

Թերեւս հասկանալի է, որ ՀՀ կողմից պաշտոնապես ԼՂՀ-ի ճանաչումն առանձնապես օգուտ չի տա հայկական կողմին, իսկ վնասներ՝ ինչքան ուզեք: Բարեբախտաբար նախորդ օրերին ԱԺ մնացած բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներն առանց ավելորդ ձեւականությունների շտապեցին հայտարարել, որ իրենք չեն աջակցելու նշված օրինագծի ընդունմանը: ԱԺ ՀՀԿ, ԲՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունների ներկայացուցիչներից հետո երեկ Ր. Հովհաննիսյանի ներկայացրած օրինագծին իրենց դեմ լինելու մասին հայտարարեց նաեւ «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը: «Մենք այդ նախաձեռնությունն ըստ էության չենք պաշտպանում,- «Ուրբաթ» ակումբում երեկ նշեց ՕԵԿ փոխնախագահն ու շարունակեց,- Այսօր ընթանում է բանակցային գործընթաց: Մենք գտնում ենք, որ հիմնահարցը պետք է լուծվի այդ տեսանկյունից»: Մ. Շահգելդյանը կարծիք հայտնեց, որ հնարավոր չէ նման որոշումներով հարց լուծել ու հավելեց. «Եվ եկեք չմոռանանք, որ կա Գերագույն խորհրդի հայտնի որոշումը, որի մասին բոլորս գիտենք»: Կան հարցեր, սակայն, որոնց շուրջ ՕԵԿ-ի, «Ժառանգության» ու ընդդիմադիր համարվող այլ ուժեր կարող են միավորվել: Ընդդիմադիր մի շարք ուժերի ղեկավարներ այս կամ այն սրճարանում փորձում են հստակեցնել ՀՀ նախագահի առաջիկա ընտրության ժամանակ իրենց դիրքորոշումները եւ ձեւավորել հնարավորինս միասնական մի դիրքորոշում: Ընդդիմադիր մի շարք ուժերի ղեկավարների վերջին հավաքին, որը տեղի է ունեցել 2 օր առաջ, մասնակցել է նաեւ ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը: Այդ հանդիպմանը մասնակցել են նաեւ Ստեփան Դեմիրճյանը, Արտաշես Գեղամյանը, Շավարշ Քոչարյանը, Մանուկ Գասպարյանը, Լյուդմիլա Սարգսյանը… : ՀՀՇ-ի, «Այլընտրանքի», «Հանրապետության» ու «Ժառանգության» ներկայացուցիչներն այս անգամ չեն մասնակցել: Մ. Շահգելդյանը փոխանցեց, թե իր տեղեկություններով՝ ՀՀՇ-ն շարունակելու է մասնակցել վերոնշյալ ֆորմատով հանդիպումներին: Իսկ վերջին հանդիպման մասին ՕԵԿ փոխնախագահը երեկ մանրամասներ չհաղորդեց, սակայն հայտարարեց, թե ՕԵԿ-ն ունի ՀՀ նախագահի իր թեկնածուն: Ըստ Մ. Շահգելդյանի, Ա. Բաղդասարյանը բոլոր չափանիշներով համապատասխանում է դրան: Նա միաժամանակ նշեց նաեւ, որ «երբ ժամանակը գա, բանակցություններն ու կոնսուլտացիաներն ավարտվեն», ՕԵԿ-ը կներկայացնի իր դիրքորոշումը: ՕԵԿ փոխնախագահը վստահեցրեց, թե «ՕԵԿ-ն ընդդիմադիր դաշտում պայքարող ուժ է» եւ նախագահի ընտրության ժամանակ իշխանության հետ չի համագործակցի: Նրա խոսքերով՝ ընդդիմությունը, գլոբալ առումով պայմանավորվելով միասնական թիմով հանդես գալու վերաբերյալ, կարող է կիրառել տակտիկական այլ մոտեցում, եւ հնարավոր է, որ չլինի մեկ միասնական թեկնածու, այլ լինեն երկու-երեք թեկնածուներ: Իսկ ՕԵԿ-ում, որի նախագահը ժամանակին գիրք էր գրել Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին, ինչպե՞ս են վերաբերվում ՀՀ նախագահի առաջիկա ընտրության ժամանակ Հայաստանի առաջին նախագահի հնարավոր առաջադրմանը: Երեկ մեզ այդպես էլ չհաջողվեց հստակ պատասխան ստանալ այս հարցի վերաբերյալ: Մ. Շահգելդյանը միայն փաստեց, որ «Լ. Տեր-Պետրոսյանը Հայաստանի առաջին նախագահն է եւ խոշոր քաղաքական գործիչ», իսկ ՕԵԿ-ն այս կապակցությամբ դիրքորոշում կհայտնի միայն ՀՀ առաջին նախագահի առաջադրումից հետո: Փորձեցինք հստակեցնել. օրինակ՝ մի շարք կուսակցությունների ներկայացուցիչներ արդեն հայտարարել են, որ Լ. Տեր-Պետրոսյանի առաջադրման պարագայում՝ իրենք կսատարեն ՀՀ առաջին նախագահին, որոշները, ինչպես, օրինակ, մարքսիստ Դավիթ Հակոբյանը, ողջունում են ՀՀ նախագահի հնարավոր առաջադրումը, «Շավարշ Քոչարյան եւ ընկերներն» արդեն միացել է ՀՀ առաջին նախագահի դեմ իշխանական ԶԼՄ-ների կողմից իրականացվող հակաքարոզչությանը, ՀՀԿ-ն Լ. Տեր-Պետրոսյանի առաջադրման դեպքում պատրաստվում է փոխել մարտավարությունը, իսկ այս հարցում ի՞նչ մոտեցում ունի ՕԵԿ-ը, առաջին նախագահի առաջադրվելու դեպքում ի՞նչ դիրքորոշում է ունենալու, ինչպե՞ս է վերաբերվում նրա հավանական առաջադրմանը: Ի պատասխան, Մ. Շահգելդյանը նշեց հետեւյալը. «Գնահատական կարող է տրվել միայն այն բանից հետո, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանն ինքը կհայտարարի իր առաջադրման մասին: Լեւոն Տեր-Պետրոսյանը մեր հանրապետության առաջին նախագահն է եւ խոշոր քաղաքական գործիչ է: Այսօր խոսում են նրա հնարավոր առաջադրման մասին: Երբ Լ. Տեր-Պետրոսյանը կհայտարարի, որ ինքն առաջադրվում է, այդ ժամանակ մենք մեր պաշտոնական դիրքորոշումը կարտահայտենք»: ՕԵԿ փոխնախագահը երեկ տեղեկացրեց, որ ՕԵԿ համագումարը հավանաբար տեղի կունենա հոկտեմբերի վերջին: Նա առաջարկում է նախագահի առաջիկա ընտրության հետ կապված հարցերին հստակ պատասխաններ ստանալու համար սպասել եւս մի որոշ ժամանակ: Մ. Շահգելդյանն ըստ էության չհերքեց, որ այդ սպասելը պայմանավորված է Լ.Տեր-Պետրոսյանի հնարավոր առաջադրման հարցում առկա անորոշությամբ: Ինչպես հայտնի է, ակնկալվում է, որ սեպտեմբերի վերջին ՀՀ առաջին նախագահի առաջադրվել-չառաջադրվելու հարցում հստակություն կմտցվի: