«Հայփոստ» ՓԲԸ-ից երեկ հայտնեցին, որ նախորդ տարիներին ընկերությունը ավտոտնտեսության շահագործման եւ կառավարման սիստեմատիկ խախտումների պատճառով կորցրել է ավելի քան 2 միլիարդ դրամ: ՀՀ Ոստիկանությունը հետաքննություն է սկսելու` պոտենցիալ չարաշահումներն ու դրամաշորթության չափերը պարզելու նպատակով: «Հայփոստ» ՓԲԸ ավտոտնտեսության ստորաբաժանման կառավարման եւ շահագործման վերաբերյալ կատարված ներքին ուսումնասիրությունների արդյունքում ընկերությունը բացահայտել է մի շարք աշխատակիցների եւ ղեկավար անձնակազմի կողմից կատարված լուրջ խախտումներ: Բենզինի գնման ու օգտագործման, մեքենաների շահագործման, վերանորոգման եւ սպասարկման ոլորտներում ենթադրվող չարաշահումների ու դրամաշորթության հետեւանքով ընկերությանը պատճառվել են էական վնասներ: Չարաշահումների եւ ոչ պատշաճ կառավարման համակարգը ենթադրաբար գործել է վերջին 5 տարիների ընթացքում: