ՀՌԱԿ-ում առայժմ ոչինչ հայտնի չէ

01/09/2007 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

ՀՌԱԿ դեռեւս ատենապետ Հարություն Առաքելյանը պատրաստ է «ազգի բարեկեցության համար» իր աթոռը զիջել ցանկացած մեկի, այդ թվում նաեւ՝ «Դաշինք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանին:

Իր այս անձնազոհության մասին երեկ մեզ հետ զրույցում ասաց Հարություն Առաքելյանը` տեղեկացնելով նաեւ, որ եթե մինչեւ տարեվերջ հրավիրվելիք ՀՌԱԿ համագումարն իրեն չվերընտրի ատենապետի պաշտոնում, ապա միեւնույն է` ինքը կշարունակի մնալ ՀՌԱԿ ղեկավար կազմում, քանի որ ինքը նաեւ աշխարհասփյուռ Ռամկավար կուսակցության ղեկավար կազմի մեջ է: Թեեւ Հ. Առաքելյանը պնդում էր, թե ինքն իր հնարավոր պաշտոնազրկումը ողբերգություն չի համարում, այդուհանդերձ, մեզ հետ ունեցած զրույցից պարզ դարձավ, որ նա, այնուամենայնիվ, թաքուն հույսեր ունի, թե ՀՌԱԿ համագումարն իրեն Սամվել Բաբայանով չի փոխարինի:

Իսկ այժմ, նրա խոսքերով` միավորման գործընթացը դեռեւս բանակցությունների փուլում է, որովհետեւ իրենք «նայում ու ուսումնասիրում» են քաղաքական դաշտը: Թե որքան կտեւի իրենց զննումը` պարզ չէ:

Հարցին` պատրա՞ստ եք կուսակցության ղեկավարի ձեր պաշտոնը զիջել, ասենք, Սամվել Բաբայանին, Հ. Առաքելյանը պատասխանեց. «Դա կոնկրետ ինձ համար երկրորդական հարց է, որովհետեւ ինքս միշտ եղել եմ թիմային աշխատանքի կողմնակից, իսկ թե թիմի մեջ ով ինչ պաշտոն կզբաղեցնի` կոնկրետ ես տրագիկ չեմ ընդունի, եթե, ասենք, համագումարն ինձ չընտրի: Չեմ գտնում, որ ես այդ պաշտոնը պապերիցս ժառանգություն եմ ստացել եւ պիտի միայն ես ժառանգեմ այդ ատենապետության պաշտոնը: Միավորվելու մեր նպատակը կուսակցությունը հզորացնելը, ուժեղացնելն ու կառույցները շատացնելն է: Դա է մեր նպատակը, ոչ թե ինչ-որ աթոռակռիվ տալը»: Սակայն լուրեր կան, որ անձամբ Հարություն Առաքելյանը դեմ է նման փոփոխություններին, մանավանդ` աթոռը Սամվել Բաբայանին փոխանցելու հարցում: Բայց, ինչպես եւ սպասվում էր` Հարություն Առաքելյանը հերքեց, թե այդ լուրերը համապատասխանում են իրականությանը։ «Դուք էլ գրեք, թե ես դեմ եմ, բայց ո՞նց կարող է ես դեմ լինեմ, երբ կուսակցության անդամները պետք է շատանան, կառույցները պետք է ամրապնդվեն: Հիմնական նպատակը դա է, ինչո՞ւ պետք է ես աթոռից կառչեմ»: Բացի այս, Հարություն Առաքելյանը որպես ի գիտություն՝ նաեւ ասաց, թե ատենապետի աթոռից զրկվելու դեպքում ինքը «տրագիկ» չի ընդունի այն, որովհետեւ նույնիսկ այդ դեպքում ինքը շարունակելու է մնալ աշխարհասփյուռ ռամկավարների ղեկավար կազմում: «Սա որպես ի գիտություն, էլի: Եթե չընտրվեմ էլ` մնալու եմ ղեկավարներից: Այնպես որ` չեմ հեռանալու քաղաքականությունից, մեր կուսակցության գործերից: Ուղղակի նոր մարդիկ են գալու նոր դեմքերով եւ, կարծում եմ` նոր որակ կբերեն»,- նկատեց Հարություն Առաքելյանը: Վերջինիս այս խոսքերից ակնհայտ դարձավ, որ նա արդեն համակերպվել է այն մտքի հետ, որ ՀՌԱԿ համագումարից հետո ինքն այլեւս կուսակցության ղեկավարը չի լինելու եւ, որ կուսակցությունը համագումարից հետո ղեկավարելու են նոր դեմքերով նոր մարդիկ: «Ես միշտ եմ պատրաստ նման փոփոխություններին: Չորս տարի առաջ էլ ինձ չեմ ճղել այդ պաշտոնին ու աթոռին նստելու համար: Ուղղակի ինձ վստահել են, ես էլ` չեմ խուսափել այդ վստահությունից: Եթե այս անգամ էլ համագումարը որոշի… կտեսնենք էլի»:

Մեր դիտարկմանը, թե ԱԺ ընտրությունների ժամանակ «Դաշինքի» ստացած քվեներն արդյոք չապացուցեցի՞ն, որ, համենայնդեպս, «Դաշինքը» չէ այն կուսակցությունը, որի հետ պետք է նման հույսեր կապել, ՀՌԱԿ ատենապետը պատասխանեց. «Չէ, պաշտոնական այդ տվյալներին ես չեմ հավատում: Ընդդիմության մեծամասնությունը պետք է իրենց մարդկանց ընտրական հանձնաժողովներում ամրապնդեն»:

Մեր տեղեկություններով, սակայն, իշխանություններն այս միավորման գաղափարն առաջ են քաշել, որպեսզի Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրման դեպքում Երկրապահին այլընտրանք ունենան, քանի որ իշխանական վերնախավում չեն բացառում, որ առաջին նախագահի առաջադրման դեպքում ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը կաջակցի նրան: Ու այս դեպքում` իշխանությունների համար էական նշանակություն չունի, թե Սամվել Բաբայանն ու Ալբերտ Բազեյանն ում կմիանան` ՀՌԱԿ-ի՞ն, թե՞ ՀԺԱՄ-ին: Բայց որոշվել է հենց ՀՌԱԿ-ը, որպեսզի այդ միավորումը նաեւ սփյուռքում հնչեղություն ունենա: Իշխանությունների համար, ըստ մեր աղբյուրի` կարեւորը Սամվել Բաբայանն ու Ալբերտ Բազեյանն են, քանի որ եթե հանկարծ Մանվել Գրիգորյանը որոշի «խաղեր տալ» Տեր-Պետրոսյանի առաջադրման դեպքում, իրենք կարողանան Երկրապահից դեպի Ռամկավար երկրապահների տեղաշարժն ապահովել: Իսկ դա, ըստ իշխանությունների, կարող են անել միայն երկրապահական քիչ թե շատ խարիզմա ունեցող Սամվել Բաբայանն ու դեռեւս «ազնիվ մարդու» կերպար ունեցող Ալբերտ Բազեյանը, ովքեր նման զարգացումների դեպքում կհայտարարեն, որ սատարում են Վազգեն Մանուկյանի թեկնածությունը: Մեր հարցին, թե` ճի՞շտ է, որ ՀՌԱԿ-ի միջոցով իշխանությունները փորձում են հակակշիռ ստեղծել Լեւոն Տեր-Պետրոսյանին, Հարություն Առաքելյանը պատասխանեց. «Ամեն մարդ իր մակարդակին համապատասխան լուրեր է տարածում (ի դեպ, այս տեղեկությունը չեն հերքել նաեւ այս հնարավոր միավորման ջատագով կուսակցությունների շարքային անդամները.- Լ.Ս.): Գոնե իմ պաշտոնավարության չորս տարիների ընթացքում ՀՌԱԿ-ը ոչ մեկի խաղալիքը չի դարձել. ո՛չ Արա Աբրահամյանի, ո՛չ էլ որեւէ մեկի: Որպես ավանդական ազգային կազմակերպություն, մենք մեր դիրքերում ենք մնացել, եւ, կարծում եմ, նույն ոճով էլ կշարունակենք»: Սամվել Բաբայանը մամուլում հայտարարել էր, որ եթե իրենց միավորումը կայանա, իրենք թեկնածու չեն առաջադրելու, ուստի Հ. Առաքելյանից հետաքրքրվեցինք` իրենք գոնե գիտե՞ն, թե ում թեկնածությունն են պաշտպանելու: «Դա ինձ թվում է` կոլեգիալ որոշում է լինելու: Համենայնդեպս` շտապելու ոչ մի խնդիր չունենք, թող թեկնածուներն առաջադրվեն` կտեսնենք»,- ասաց Հ. Առաքելյանը: Նաեւ հետաքրքրվեցին` արդյոք չե՞ն քննարկում Վազգեն Մանուկյանի տարբերակը, ինչին ի պատասխան, ՀՌԱԿ ներկայիս ատենապետ Հարություն Առաքելյանն ասաց. «Ինձ ոչ անուններ ասեք, ոչ էլ ես ուզում եմ ինչ-որ մեկի անունը քննարկել հիմա: Մենք այդ քննարկումներով չենք զբաղվում: Ժամանակը կգա, մարդիկ կառաջադրվեն… կարող է ձեր ասած մարդիկ նույնիսկ չառաջադրվեն էլ: Դրա համար էլ ես հիմա անիմաստ եմ համարում նման բաներից խոսելը»:

Հ. Առաքելյանի հավաստմամբ, դեռեւս հստակեցված չէ, թե երբ տեղի կունենա ՀՌԱԿ համագումարը, որտեղ էլ պարզ կդառնա, թե ով է զբաղեցնելու ՀՌԱԿ ատենապետի պաշտոնը: «Ոչ մի նման օր չկա նախատեսված, հենց որոշվի` հասարակությանը տեղյակ կպահենք»,- ասաց նա` նկատելով, որ իր հաշվարկներով այն, թերեւս, տեղի կունենա տարեվերջին:

Այս միավորման կողմնակիցները, ըստ Հ. Առաքելյանի, չեն շտապում նաեւ միավորման գործընթացում: «Մենք չենք շտապում, հանգիստ նայում ենք, տեղերում աշխատում, ուսումնասիրում ենք, ոչ մի շտապողականություն չենք ցուցաբերում»: