Հուլիսի 18-ին ՀԿԿ առաջնորդ Ռուբեն Թովմասյանին եւ Առաջադիմական Կոմունիստական կուսակցության ղեկավար Վազգեն Սաֆարյանին ուղարկված Նորացված Կոմունիստական կուսակցության նախագահ Յուրի Մանուկյանի նամակը, որտեղ վերջինս համայն հայության կոմունիստներին առաջարկում էր միավորվել, այդպես էլ մնացել է անպատասխան:
«Թե դուք պատասխանել եք` նրանք էլ են պատասխանել»,- մեզ հետ զրույցում հին ու առաջադեմ կոմունիստներին հեգնեց Յու. Մանուկյանը: Մեր դիտարկմանը, թե մամուլով հնչեցրած Ռուբեն Թովմասյանի որակումները` «թափթփուկներ», «կարիերիստներ» եւ այլն, արդյոք պատասխան չէ՞, որ ՀԿԿ-ն դեմ է միավորման իր առաջարկին, Յուրի Մանուկյանը պատասխանեց. «Մամուլով հնչեցրած հայհոյանքը պատասխան չէ: Նա պարտավոր էր՝ գոնե էթիկայի սահմաններում պատասխաներ ու ասեր` դուք էսինչ եք, էնինչ եք: Թող իր այդ հայհոյանքները գրավոր գրեր, որ ես էլ ձեզ պատասխանելու բան ունենայի, ասեի` եկեք, տեսեք` ինքը պատասխանել է: Նույն Էրդողանի ու Քոչարյանի դիալոգն է սա: Բայց ինքը «լուկավիտ», էլի»: Նորացված կոմունիստների առաջնորդի ասելով` ինքը «որպես անմեղսունակ մարդ»՝ պատրաստ է հանուն Հայաստանի զարգացման մի կողմ թողնել Ռուբեն Թովմասյանի հայհոյանքներն ու համաձայնության դեպքում միավորվել ՀԿԿ-ի հետ: Նաեւ «որպես անմեղսունակ մարդ»՝ պատրաստ է հանուն այդ միավորման հրաժարվել իր թեկնածությունը կուսակցության ղեկավարի «պոստը գրավելու» համար առաջադրելուց: «Ես չկամ այդտեղ, թող միավորումը լինի, թող ժողովուրդն իմանա, որ Հայաստանում մեկ Կոմունիստական կուսակցություն է: Այդ դեպքում Մանուկյան Յուրան ո՞վ է, թող Մանուկյանն էլ չլինի: Ես դուրս եմ գալիս խաղից, բոլոր տեսակի ամբիցիաներից, աթոռներից ու պաշտոններից հրաժարվում եմ: Թող Թովմասյանը մտածի` ինքն արժանի՞ է, թե՞ չէ»,- ասաց Յու. Մանուկյանը: Հարցին, թե միավորվելու դեպքում ինքը ո՞նց է նման վիրավորանքներից հետո շփվելու Ռ. Թովմասյանի հետ, Յու. Մանուկյանը պատասխանեց. «Ես այլեւս չեմ շփվելու նրա հետ, քանի այդ կարգի պնդաճակատների գոյությունը կա: Ուղղակի ես ստիպված եմ միավորվել, որովհետեւ իմ շրջապատում կան մարդիկ, որոնք պետք է որպես կոմունիստ մահանան: Իմ շրջապատում կան մարդիկ, ովքեր ամբողջ Հայաստանն են կառուցել: Թովմասյանն ո՞վ է, ո՞վ ունի: Մի հատ իմացեք՝ նրա շրջապատում ո՞վ կա: Մեկին թող հրամցնի, որ ժողովուրդը զարմանա, որ այդպիսի կոմունիստ ունի: Չունի, էդ լավ իմացեք»,- ասաց ՀՆԿԿ առաջնորդը:
Նա խոստացավ միավորվելու դեպքում իր ամբիցիաները բավարարել զուտ շարքային կոմունիստ մնալով: Իսկ այդ դեպքում, ըստ Մանուկյանի, ինքն այլեւս Թովմասյան Ռուբիկի հետ չի շփվի: «Նա՝ ով, ես` ո՞վ: Շրջանային կազմակերպությունն ինձ բավարար է: Թող համագումարն էլ ընտրի այն նախագահին, ում ուզում է: Իսկ եթե Թովմասյանի նման մարդիկ են ղեկավարելու այս գեղեցիկ համամարդկային գաղափարախոսությունը, դա նշանակում է, որ Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը վաղուց դատապարտված է անհաջողության»,- վստահեցրեց նա:
Երեկ մեզ չհաջողվեց հանդիպել Ռուբեն Թովմասյանին, որովհետեւ նա, ինչպես ՀԿԿ գրասենյակում փոխանցեցին, գնացել էր մարզեր հանդիպումների: Իսկ թե կոնկրետ ո՞ր մարզ` շարքային կոմունիստ մեր զրուցակիցը տեղյակ չէր, որովհետեւ իրեն չէին տեղեկացրել:
Իսկ ինչ վերաբերում է Առաջադիմական Կոմունիստական կուսակցությանը, որի ղեկավարը նույնպես չէր արձագանքել իր նորացված կոմունիստ գործընկերոջը, ապա այս կուսակցությունում այդ կապակցությամբ քննարկումները դեռեւս շարունակվում են: Համենայնդեպս այդպես ասաց ՀԱԿԿ նախագահ Վազգեն Սաֆարյանը: Վերջինիս ասելով` իրենք կուսակցությունում Յու. Մանուկյանի նամակը քննարկել են եւ որոշել են որոշակի աշխատանքներ տանել 2003թ. ՀԿԿ-ից հեռացած եւ ինքնուրույն գործող շրջանային կառույցների հետ: «Մենք դեռ մեր շարքերն ամրացնելու, ինքներս մեզ ամրացնելու խնդիր ունենք: Այդ քայլերը կատարելուց հետո միայն կասենք` միանալո՞ւ ենք, թե՞ ոչ,- ասաց Վ. Սաֆարյանը,- Մենք նաեւ սպասում ենք Ռուբեն Թովմասյանի պատասխանին, որովհետեւ մեզ համար կարեւորը նրա պատասխանն է»: