Հարկային պետական ծառայության կողմից հրապարակվող խոշոր հարկատուների ցուցակն ունի բոլոր շանսերը՝ Դա Վինչիի «Մոնա Լիզայի» պես մի երեւույթ դառնալու։ Ոչ թե այն պատճառով, որ նայելը գեղագիտական հաճույք է պատճառում, այլ որովհետեւ անկախ վաղեմության ժամկետից՝ այս ցուցակը միշտ կարելի է նորովի ուսումնասիրել եւ ամեն անգամ մի նոր բան հայտնաբերել։
Իսկ այդ նորությունները, որպես կանոն, միշտ ի հայտ են գալիս համեմատության մեջ, օրինակ, երբ համեմատում ես Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) հրապարակումներն ու խոշոր հարկատուների ցուցակը։
Բոլորն արդեն հոգնել են շինարարության աճի տեմպերի մասին լսելուց։ Սա այն դեպքն է, երբ պաշտոնական ինֆորմացիան եւ աչքի տեսածը համընկնում են՝ էլիտար շենքեր, հիմա էլ արդեն՝ գետնանցումներ եւ այլն։
Իսկ ավելի կոնկրետ, ի՞նչ է ասում պաշտոնական վիճակագրությունը. 2006 թվականի ընթացքում շինարարության ոլորտն աճել է 37.1 %-ով։ Իսկ այս տարվա առաջին 6 ամիսներին աճը կիսով չափ նվազել է` 17.2%, բայց դա էլ փոքր ցուցանիշ չէ։ Մի կողմ թողնենք, որ շինարարության ոլորտում կա ստվեր, եւ հիմք վերցնենք միայն պաշտոնական տեղեկատվությունը։ Ստացվում է, որ անցյալ տարվանից սկսած՝ շինարարության ծավալները նվազագույնը 1.5 անգամ աճել են։
Պարզ տրամաբանությունը հուշում է, որ աճել են նաեւ շինարարության մեջ օգտագործվող նյութերի, մասնավորապես, ցեմենտի ծավալները։ Ցեմենտի թեման անցյալ տարի հայտնվեց ուշադրության կենտրոնում, երբ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը մատ թափ տվեց ցեմենտ արտադրողների վրա՝ ասելով, որ նրանք փոխհամաձայնեցված կերպով բարձրացնում են գները։ Ցեմենտի գները, սակայն, շարունակում են բարձրանալ։
Այսպիսով, շինարարությունն աճում է՝ օգտագործվող ցեմենտի ծավալները՝ նույնպես, գինն էլ, մեղմ ասած, չի նվազել։ Նշանակում է՝ հայրենի ցեմենտարտադրողների շրջանառությունն էլ պետք է որ մեծացած լինի։ Եվ այս շղթայի վերջին ենթադրությունը՝ եթե շրջանառությունը մեծացել է, ուրեմն պետք է մեծացած լինեն նաեւ պետբյուջե վճարված հարկերը։
Իսկ այժմ նայենք խոշոր հարկատուների ցուցակին, մասնավորապես, ցեմենտ արտադրող երկու ընկերությունների՝ «Արարատցեմենտի» ու «Միկացեմենտի» զբաղեցրած տեղերին։
«Մուլտի-գրուպին» պատկանող «Արարատցեմենտն» անցյալ տարվա առաջին կիսամյակում պետբյուջե էր վճարել 122.4 միլիոն դրամ, իսկ 2007թ. առաջին կիսամյակում այս ընկերության վճարած հարկերն ավելի քան 4 անգամ աճել են՝ 548.8 միլիոն դրամ։
Փոխարենը՝ «Միկացեմենտը» լրիվ հակառակ ուղղությամբ է շարժվել։ Եթե անցյալ տարի այս ընկերությունն իր վճարած 260 միլիոն դրամով զբաղեցնում էր խոշոր հարկատուների ցուցակի 77-րդ տեղն, ապա այս տարվա առաջին կիսամյակի 300 խոշոր հարկատուների ցուցակում ընդհանրապես չկա (նշենք, որ 300-րդ տեղում գտնվող «Վալենսիա» ընկերությունը վճարել է 90 միլիոն դրամ)։ Այսինքն, «Միկացեմենտը» մի քանի անգամ նվազեցրել է հարկերը։
Մենք փորձեցինք պարզել այս ետընթացի պատճառը, սակայն, ինչպես մեզ տեղեկացրին ընկերությունից, գլխավոր տնօրեն Նաիրա Մարտիրոսյանը հանրապետությունից բացակայում է, իսկ մյուս աշխատակիցներից չհաջողվեց որեւէ պարզաբանում ստանալ այս հարցի վերաբերյալ։
Կարելի էր ենթադրել, որ պարզապես «Արարատցեմենտին» հաջողվել է ցեմենտի շուկայում գրավել «Միկացեմենտի» տեղը։ Այս դեպքում, թվում է, ամեն ինչ նորմալ է։ Մի ընկերությունը քիչ հարկ է վճարել, մյուսը՝ շատ, երկուսը միասին՝ անցյալ տարվանից ավելի շատ։ Սակայն ամեն ինչ այդքան էլ պարզ չէ։
Ինչպես «168 Ժամի» հետ զրույցում նշեց «Մուլտի-գրուպի» գործադիր տնօրեն Սեդրակ Առուստամյանը, «Արարատցեմենտի» վճարած հարկերի աճը պայմանավորված է արտահանման ծավալների աճով։ Պրն Առուստամյանի խոսքերով, իրենց արտադրանքի մոտ 70%-ն արտահանվում է։ Դա երեւում է նաեւ հարկատուների ցուցակից. «Արարատցեմենտի» վճարած 548.8 միլիոն դրամից անուղղակի հարկերը (ԱԱՀ եւ այլն) կազմում են ընդամենը 49.6 միլիոն դրամ։ Իհարկե, շատ ողջունելի է, որ արտահանումը մեծանում է, սակայն մյուս կողմից հարց է առաջանում՝ իսկ ի՞նչ ցեմենտ է օգտագործվում հանրապետության ներսում։
Մի խոսքով, երկու պետական կառույցների՝ ԱՎԾ-ի եւ Հարկային պետական ծառայության տված ինֆորմացիան զուգահեռաբար ուսումնասիրելը վտանգավոր գործ է, հնարավոր է՝ հանգեք այնպիսի տարօրինակ եզրակացության, որ Հայաստանում շինարարությունն իրականացնում են աշխարհին դեռեւս անհայտ, նոր նյութերի օգնությամբ՝ առանց ցեմենտ օգտագործելու։
Իսկ եթե ավելի լուրջ, ապա իսկական «շինարարությունն» իրականացվում է թվերի ոլորտում։ Շինարարության ու ցեմենտի ծավալների աճն անպայման մտնում է ՀՆԱ-ի հաշվարկի մեջ, քանի որ առանց դրա հնարավոր չի լինի ցույց տալ, որ մենք սարսափելի տնտեսական աճ ունենք։ Իսկ հարկային տեղեկագրերում դա արդեն ցանկալի չէ, եւ թվերը «բանակցությունների» արդյունքում մի քիչ նվազում են։ Միգուցե ասեք՝ չէ՞ որ տնտեսական աճից բացի, իշխանություններն ուզում են ցույց տալ, որ հարկերի աճ էլ ունենք։ Եթե ցանկանում եք իմանալ, թե բյուջեի մուտքերն ինչպես են ավելանում, կարող եք զրուցել մանր ու միջին առեւտրականների հետ։ Նրանք շատ հետաքրքիր պատմություններ կպատմեն պետական ռեկետի ոլորտի նորագույն նվաճումների մասին։