Ստվերային հավասարություն

12/05/2005 Գառնիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Այս տարվա սկզբին Ռոբերտ Քոչարյանը հրապարակայնորեն հայտարարեց ստվերային տնտեսության դեմ պայքար սկսելու մասին եւ անմիջապես ողջ իշխանական համակարգը լծվեց այդ գործին: Բնականաբար, դա ավելի շատ PR ակցիա էր, եւ ընդամենը երկու ամիս հետո Հարկային գերատեսչության ղեկավարները Քոչարյանին զեկուցեցին, թե որքանով են կատարել ու գերակատարել նախատեսված հարկային մուտքերի պլանները: Սակայն մի բան է` պաշտոնապես հրապարակվող թվերը, եւ բոլորովին այլ է` ստվերային տնտեսության իրական վիճակը: Չնայած բոլորին է հայտնի, թե ովքեր են Հայաստանում գերշահույթներ ստանում` հարկերից խուսափելով, ու իրականում ստվերային տնտեսության խոշոր հատվածն են կազմում, սակայն Քոչարյանի հայտարարած «ստվերային տնտեսության դեմ պայքարի» մեկնարկից հետո դեռեւս որեւէ օլիգարխի կամ խոշոր գործարարի անուն չի հրապարակվել: Մինչդեռ, արդեն երկու ամսից ավելի է՝ փոքր ու միջին բիզնեսը ուղղակի «խեղդվում» է հարկային վարչարարությունից: Եվ իրականում դժվար է ասել, ստվերային տնտեսության դեմ պայքարից շարքային քաղաքացիներն ավելի շատ շահելո՞ւ են, թե՞ տուժելու:

Դատելով մինչ այժմ արձանագրված «արդյունքներից», հասարակության «ոչ տանիքավոր» հատվածը, մեղմ ասած, խանդավառված չէ իշխանությունների հայտարարած ստվերային տնտեսության դեմ պայքարից: Հարկային վարչարարությունից դժգոհ են ոչ միայն մանր ու միջին ձեռնարկատերերը, այլեւ` տոնավաճառների առեւտրականները: Բանն այն է, որ համաձայն «Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքի, այս տարվա ապրիլի մեկից ՀԴՄ-ներ պետք է տեղադրեն նաեւ յոթ քառակուսի մետրից ավելի տարածք զբաղեցնող տոնավաճառային կետերը: Օրենքի այս կետն ուժի մեջ է մտնելու ընդամենը երկու շաբաթ հետո, սակայն դատելով տոնավաճառային առեւտրով զբաղվողների տրամադրվածությունից, դրա հավանականությունը կասկածելի է: Մոտ տասն օր առաջ Երեւանի տոնավաճառներում առեւտրով զբաղվող շուրջ հազար քաղաքացիներ բողոքի ցույց էին կազմակերպել, սկզբում` կառավարության, հետո` Ազգային ժողովի շենքերի առջեւ՝ պահանջելով հետաձգել տոնավաճառներում ՀԴՄ-ների տեղադրման ժամկետը: Զուտ իրավական առումով այս պահանջի բավարարման համար պետք է օրենսդրական փոփոխություն կատարվի՝ կամ կառավարությունը պետք է Ազգային ժողովին նման առաջարկություն ներկայացնի, կամ ԱԺ-ում որեւէ քաղաքական ուժ կամ պատգամավոր պետք է օրենսդրական նախաձեռնություն ներկայացնի: Կառավարությունը նման քայլ կատարել չի պատրաստվում. ցուցարարների ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո Հարկային պետական ծառայության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը հայտարարեց, որ ապրիլի մեկից յոթ քառակուսի մետրը գերազանցող բոլոր կետերում միանշանակ պետք է ՀԴՄ-ներ տեղադրվեն: Ազգային ժողովում էլ որեւէ մեկը տոնավաճառներում ՀԴՄ-ների տեղադրման ժամկետը հետաձգելու նախաձեռնությամբ հանդես չեկավ: Ընդդիմությունը, որի համար քաղաքացիների այս զանգվածն առաջիկայում իրենց խոստացած բողոքի ալիքի հնարավոր մասնակիցը կարող է լինել, որեւէ կերպ չարձագանքեց նրանց պահանջներին՝ հայտարարելով, թե իրենք գտնվում են բոյկոտում, իսկ խորհրդարանական մյուս ուժերը, հատկապես` «Օրինաց երկիրը», ցուցարարներին խորհուրդ է տալիս իրենց հարցերը լուծել տոնավաճառների տերերի հետ: Մի խոսքով, տոնավաճառներում առեւտուր անողները ապրիլի մեկից ստիպված են լինելու ՀԴՄ-ներ տեղադրել:

Տոնավաճառներում ՀԴՄ-ների տեղադրումը կառավարությունը հիմնավորում է նրանով, որ այդպիսով հավասար պայմաններ են ապահովվում բոլոր տնտեսվարող սուբյեկտների համար: Այս հիմնավորումը տեղին կլիներ այն դեպքում, եթե մեր տնտեսության մեջ իսկապես գործեր հավասարության սկզբունքը: Թեկուզ` հենց ՀԴՄ-ների դեպքում: Մինչեւ այսօր ՀԴՄ-ներ տեղադրած բազմաթիվ խոշոր առեւտրի կենտրոններում դրանք պարզապես չեն օգտագործվում, հարկային տեսուչներն էլ դրանց տուգանելու «լիազորություն» չունեն: Մինչդեռ տոնավաճառներում ՀԴՄ-ների տեղադրումից հետո հարկային տեսուչները ուղղակի կարող են «լցվել» տոնավաճառներ: Բնականաբար, տոնավաճառներում էլ նույնպես 100%-ով ՀԴՄ-ները չեն կիրառվելու, եւ վաճառողները կամ վճարելու են տուգանքները, կամ հարկային տեսուչների հետ «լեզու են գտնելու»:

Հետաքրքիր է, որ այս հարցի վերաբերյալ «համեստորեն» լռում են տոնավաճառների տերերը, որոնք հսկայական գումարներ են գանձում առեւտրային տարածքների համար: Տարբեր գնահատականներով, պետբյուջե է մուծվում այդ գումարների 20%-ից ոչ ավելին: Հենց այդ տարբերությունն էլ կառավարությունը փոխհատուցելու է ՀԴՄ-ների տեղադրումից հետո: