Ալավերդի քաղաքից 5 կմ հեռավորությամբ գտնվող Մադան թաղամասը մինչեւ 90-ականների սկիզբը միայն հունաբնակ էր` ապրում էին 800 հույներ: Այսօր գյուղում մնացել են 24 հույն, հիմնականում՝ ծերեր:
Հայաստանում հույները հայտնվել են 17-րդ դարի երկրորդ կեսերից: 1763-ին հույների մոտ 800 ընտանիք Թուրքիայից` Գյումուշխանայից, տեղափոխվել է Լոռու մարզի Ախթալայի տարածք: 1763-ին նրանք կառուցել են Ախթալայի արծաթաձուլական, իսկ 1770-ին` Ալավերդու եւ ապա Շամլուղի պղնձաձուլական գործարանները: Մադանում ապրող հույների կյանքն անմիջապես կապված է եղել Ալավերդու պղնձաձուլական գործարանի հետ:
Հույների սերունդները տարիներ շարունակ աշխատում էին Ալավերդիի պղնձաձուլական հանքերում: Մադանցի, ազգությամբ հույն 68-ամյա Միխայիլ Կոտանովը հիշում է, որ հանքեր փորում էին ոչ միայն տղամարդիկ, այլ նաեւ կանայք եւ դեռահասները, որոնք քարերը լցնում էին կաշվե պարկերի մեջ, կապում ուսերին եւ չորքոտանի կենդանիների պես բարձրանում հորերից: Նրանց աշխատանքային գործիքներն էին մուրճը, քլունգը եւ բահը: Նույնիսկ այն ժամանակ, երբ 19-րդ դարում պղնձարդյունաբերության մեջ սկսեցին ներդրումներ անել նաեւ ֆրանսիական եւ ռուսական կապիտալիստները, հույները շարունակում էին մեծ դեր ունենալ հանքարդյունաբերության մեջ՝ որպես փորձված հանքափորներ:
Միխայիլ Կոտանովի ընտանիքում հանքափորության գործը փոխանցվել է սերնդեսերունդ: Նրա պապն ու հայրն են նրան տարել հանք, որտեղ աշխատել է 30 տարի: Այդ ավանդույթը եղել է նաեւ Մադանում ապրած ուրիշ հույն ընտանիքներում: Նա ասում է, որ պապերի եւ հայրերի գործի շարունակությունը միակ ճանապարհն էր, որով կարող էին գնալ հանքափորների սերունդները: «Բայց հիմա ժամանակները փոխվել են: Իմ բոլոր հարազատները 1992-ից ապրում են Հունաստանում: Նրանցից ի՞նչ հանքափորներ»,- ժպտալով ասում է ծերունին: Հույների էթնիկ հայրենիք Հունաստանը ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ընդունել է աշխարհի բոլոր ծայրերում հաստատված իր հայրենակիցներին` ընձեռելով նրանց մեծ արտոնություններ: Այդ պայմաններում 1990-ականներին Հայաստանի հույները սկսեցին լքել Հայաստանը: Եթե 1979թ. մարդահամարի տվյալներով` Հայաստանում գրանցված հույների քանակը եղել է 5653, ապա 2001թ. նրանց թիվը կտրուկ նվազել է` հասնելով 1176-ի, որոնցից 853-ը քաղաքաբնակ են:
«Որպես հույնի ժառանգներ՝ իմ որդիները, հարսները, դուստրերն ու փեսաները 6 թոռներիս հետ ստացել են Հունաստանի քաղաքացիություն, ունեն տուն եւ աշխատանք այնտեղ: Ես այցելում եմ նրանց, բայց որոշել եմ ապրել Մադանում, որովհետեւ այստեղ է իմ տունը, որը ես կառուցել եմ` հանքերում պղինձ հայթայթելով, իմ այգին ու տունը իմ դժվար աշխատանքի արդյունքն է, ինչպե՞ս կարող եմ թողնել ու գնալ»,- ավելացնում է Միխայիլը:
Մադանից Հունաստան հեռացած շատ հույների բնակարաններ հսկում են հայ բարեկամները կամ հարեւանները, որոնցից մի քանիսը նույնիսկ արդեն հաստատվել են այդ տներում: Ոչ ոք չի հավատում, որ նրանք կվերադառնան: Ասում են, որ ոմանք երբեմն գալիս են, բայց վերադառնալու մտադրություն չունեն: Գալիս են այն պատճառով, որ ունեն հայ բարեկամներ եւ ազգականներ: Իսկ այն փոքրաթիվ հույները, որոնք մնացել են Մադանում, հայերի նման զբաղվում են անասնապահությամբ, մի քանի հոգի աշխատում է հանքերում:
Մադանում եղել է նաեւ հունական եկեղեցի, բայց այն արդեն ավելի շատ ավերակ է հիշեցնում: Եղել է նաեւ դպրոց, որտեղ ժամանակին դասավանդել են հունարեն, բայց հիմա այն քանդված է, եւ գյուղի երեխաները հաճախում են Ալավերդու դպրոց: Սա մեծ դժվարություններ է ստեղծում երեխաների եւ ծնողների համար, քանի որ ճանապարհը երկար է` 5 կմ: Գյուղում հատուկ հավաքատեղի չկա, եթե չհաշվենք խանութի շրջակայքը, որը գյուղի բնակիչներից մեկի տունն է` կիսով չափ խանութի վերածված: Ինչպես շատ գյուղերում, այստեղ նույնպես գազը, ջուրը, քաղաքային հեռախոսն անմատչելի հարմարություններ են: 23-ամյա, ազգությամբ հույն Ասլանով Ալիկի բարեկամները նույնպես Հունաստանում են: Ալիկը նոր է ամուսնացել, բայց Հունաստան գնալու մտադրություն չունի: Հորեղբորն օգնում է ռեստորան կառուցել: Ասում է, որ Մադանում ոչ ոք հիմնական աշխատանք չունի, եթե պատահական գործ լինում է, ապա այն կապված է ճանապարհաշինության կամ էլ փայտամշակման հետ: «Հույներ այստեղ քիչ են մնացել, հիմնականում ծերեր, որոնք ավելի շատ լքված տներին պահակություն են անում: Չգիտեմ, մի երկու հոգի թաղամասի վերեւի մասում կա, մի երեք հոգի էլ՝ երեւի այս մասերում»,- ասում է Ալիկը` ցույց տալով թաղամասի ծայրամասային անկյունները:
80-ամյա Ապոստոլովա Վարվառայի բարեկամները նույնպես Հունաստանում են: Հիմա ծեր կինը միայնակ է ապրում, նախկին մեծ հունական ընտանիքից միայն դատարկ տունն է մնացել: Ասում է, որ Մադանը փոխվել է, շատ մարդիկ են հեռացել, բարքերն են փոխվել, հանքահանությունն այլեւս պատվավոր գործ չէ մարդկանց համար: «Երբ այստեղ շատ հույներ կային, մենք հայերի նման Նոր տարին մեծ շուքով եւ առատ սեղաններով ենք նշել` դեկտեմբերի 25-ին: Անպայման այցելում էինք բոլոր հույներին եւ իրար նվերներ տալիս: Նշում էինք նաեւ Ֆետոն տոնը: Տոնի իմաստն այն է, որ խաչ էինք պատրաստում եւ նետում գետը: Ով առաջինը կկարողանա ջրից հանել խաչը, նա կլինի հաղթողը, եւ այն մեկ շաբաթ կպահի իր տանը: Խաչին տիրանալու համար հիմնականում երիտասարդներն էին պայքարում: Այդ տոնից հետո մեզ մոտ Զատիկն է` Պասխան, որի ժամանակ մենք պաս էինք պահում: Չկար Մադանում մի հույն, որ այդ օրը կուլիչ չթխեր: Օրինակ` ես գիտեմ, որ պասից դուրս եկող հայերն այդ օրը չամիչով փլավ, ձուկ եւ ձու են ուտում, բայց հույներն իրավունք ունեին դա անել միայն հաջորդ առավոտյան: Նախկինում տոնական արարողություններն իրականացրել ենք եկեղեցում, բայց այն հիմա չի գործում, կենդանիներ են մտնում ներս, ո՞վ պիտի վերականգնի. բոլորը գնացել են»,- ասում է Վարվառան:
Մադանում հունական կոլորիտն ավելի շատ պահպանվել է գերեզմանոցում: Եկեղեցու կողքին տեղակայված գերեզմանոցը շատ է տարբերվում հայկական գերեզմանոցներից: Հույներն իրենց հանգուցյալների համար կառուցում են փոքրիկ տնակներ, որտեղ թաղում են հանգուցյալին: Գերեզմանոցի տարբեր անկյուններում եղինջի եւ մոլախոտի միջից կարելի է նշմարել երբեմնի հայտնի Բատմանովների, Սպիրիդոնովների, Կոտանովների, Ֆորմանովների ու Ապոստոլովների ընտանիքների շիրմաքարերը:
www.hetq.am