«Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատվավոր հյուրերից էր ռուս կինոռեժիսոր Անդրեյ Զվյագինցեւը, ով թեեւ հասցրել է նկարահանել ընդամենը երկու ֆիլմ, սակայն համարվում է ռուս ամենահայտնի երիտասարդ ռեժիսորը, որը կարողացել է հեղինակային կինոյին նոր ուժ հաղորդել։ Նա խոստովանում է, որ իր ամենասիրելի գրողներն են Դոստոեւսկին, Սարոյանը եւ Կորտասարը։ Զվյագինցեւի առաջին՝ «Վերադարձ» ֆիլմը Վենետիկի կինոփառատոնում երկու «Ոսկե առյուծ» մրցանակի է արժանացել, երկրորդ՝ «Արտաքսում» ֆիլմն ավելի սառն է ընդունվել. Կաննի փառատոնում հայտնություն դարձած ռեժիսորից, կարծես, ավելին էին սպասում։ Սակայն Զվյագինցեւն անկեղծորեն խոստովանում է, որ ներքուստ միշտ պատրաստ է պարտության։ Գուցե հենց այդ անկեղծության շնորհիվ էլ նա կինոբարձունքների է հասնում։
«Արտաքսումի» հիմքում Վիլյամ Սարոյանի «Ծիծաղելի բան» վիպակն է (որն, ի դեպ, մինչ օրս չի թարգմանվել հայերեն լեզվով)։ Սարոյանի ստեղծագործության հիման վրա գրված սցենարը հայ օպերատոր Արտյոմ Մելքումյանը տարիներ շարունակ առաջարկել է տարբեր կինոստուդիաների, նաեւ՝ «Հայֆիլմին», սակայն այդպես էլ սցենարը ֆիլմ չի դարձել։ Սցենարը բազմաթիվ փոփոխությունների է ենթարկվել, գրվել է 12 տարբերակ, եւ վերջնական տեսքով այն նկարահանվել է չափազանց պայմանական ֆորմայով, որտեղ ազգություն եւ կոնկրետ վայր չկա, այլ կա միայն մարդ-էակի ճշմարտության որոնումը։ Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել Եվրոպական երկրներում եւ Մոլդովայում։ Ֆիլմի հիմքում ամուսինների եւ երկու երեխաների տեղափոխությունն է արդյունաբերական քաղաքից, ինչպես ասաց Զվյագինցեւը՝ «կյանքից զուրկ հրեշավոր քարե պարկից», դեպի բնական միջավայր՝ գյուղ։ Նոր միջավայրը նորովի է բացահայտում հերոսների խճճված փոխհարաբերությունները, բնությունն օգնում է նրանց՝ վերջիվերջո հասկանալ միմյանց։
– Սցենարի հետ ծանոթանալով՝ ես արտասովոր մի զգացում ապրեցի, կարծես սուզվեցի դարասկզբի ծանրակշիռ ու իմաստուն բառերի մեջ, հասկացա, որ մարդը միշտ սրտի թելադրանքով է գործում։ Հիմա ես մեծ պատասխանատվություն եմ զգում, քանի որ Երեւանում ծնված սցենարը կրկին Երեւան է վերադարձել՝ արդեն ֆիլմի տեսքով։ Սկզբում ես որոշել էի մի քանի դրվագներում պահպանել հերոսների հայերեն զրույցները, սակայն հետագայում հրաժարվեցի այդ մտքից՝ հասկանալով, որ նեղացնում եմ ասելիքի շրջանակները։ Ես նույնիսկ ցանկացա, որ իմ հերոսները խոսեն գոյություն չունեցող, «մահացած» ու արհեստականորեն «վերակենդանացված» լեզվով, այն լեզվով, որի օգնությամբ ենթադրաբար զրուցել են Ադամն ու Եվան։ Այդ լեզուն պետք է մարդկանց հինավուրց հիշողության կամուրջը դառնար։ Հետո ես այդ գաղափարից էլ հրաժարվեցի, այն ինձ շատ ֆորմալ թվաց, քանի որ, բացի հարցերից, այլ բան չէր առաջացնում։ Ես ցանկանում էի ֆիլմերում ոչ թե պատրաստի պատասխաններ, այլ՝ հարցեր տեսնել։ Ֆիլմի հերոսներից մեկն ասում է. «Ուզում ես ներել՝ ներիր, ուզում ես սպանել՝ սպանիր… Զենքը սրտումդ կգտնես»։ Կարծում եմ, հիանալի խոսքեր են։
– Դուք մասնագիտությամբ դերասան եք։ Ի՞նչ սկզբունքով եք ընտրում դերասաններին։
– Ես նախընտրում եմ աշխատել ոչ թե աստղային դերասանների հետ, այլ՝ սկսնակների կամ ուշադրության պակաս ունեցող միջին տարիքի դերասանների հետ։ Կարեւորը, որ նրանց աչքերը փայլեն, իսկ ճակատագիրը հասցրած չլինի «կոտրել» նրանց ոգին։ Ես շատ եմ սիրում աշխատել երեխաների հետ, իմ երկու ֆիլմերում էլ երեխաները գլխավոր դերակատարներ են։ Երեխաները ամենաազնիվ դերասաններն են, նրանք երբեք չեն ստում։ Կան դերասաններ, որոնք կարողանում են իրենց ցորենի արտում քամու տակ տարուբերվող մի հասկ զգալ։ Ես այդպիսի դերասան եմ միշտ փնտրում։
– Վերջին տարիներին նկարահանված հայկական ֆիլմերի ցանկում չկա մի ֆիլմ, որը կարող է ձեր դեբյուտի հաջողությունն ունենալ։ Խնդիրը միայն թերի զարգացած կինոարտադրությո՞ւնն է։
– Դժվար է այսպես թռուցիկ զրույցի մեջ հայ կոլեգաների «արտադրանքի» մասին խոսել։ Հայ հանդիսատեսի հետ հանդիպելով, ես հասկացա, որ ռուս եւ հայ հանդիսատեսի խնդիրները նույնն են։ Մեր խոսակցական լեզվից կարծես դուրս են մղվել այնպիսի հասկացողություններ, ինչպիսին են՝ արվեստը, արարչագործությունը, արվեստին ծառայելը։ «Ոսկե հորթը»՝ դրամը, դարձել է մեր կյանքի մղիչ ուժը, եւ բուրժուական հասարակության մեջ մարդիկ հիմա ստիպված են պարզապես գոյատեւել։ Գոյատեւելը «երկար ռուբլու» ետեւից վազել է նշանակում։ Եթե բոլորն ուզում են երշիկ ուտել, ապա պետք է այդ երշիկ արտադրողներն էլ լինեն։ Բարեկեցությունը չորս ռուբլանոց, օրգանիզմի համար որոշ օգտակար տարրեր պարունակող երշիկ արտադրելուց է սկսվում։ Հիմա մարդիկ վազում են ու մթերք են արտադրում։ Կինոինդուստրիայում աշխատող մարդիկ նույնպես վազում են ռուբլու ետեւից, ուզում են իրենց ներդրված փողերը ետ բերել եւ կամաց-կամաց շոուի, զվարճանքի տարածքն են գահավիժում։ Իսկ այդ տարածքում հոգեւոր մտորումների համար պարզապես տեղ չկա։ Այդպես եղել է, եւ այդպես լինելու է։ Հիմա ամերիկյան կինոյին ոչինչ կանգնեցնել չի կարող, նրան ոչինչ այլեւս չի շփոթեցնի։ Սակայն արվեստը միայն սպառման համար նախատեսված «մթերք» լինել չի կարող։ Արվեստում ոգի ներդնել է հարկավոր։ Մեծ տպաքանակի ֆիլմեր կան, որոնք միօրինակ են, քանի որ հեղինակները սեփական ոգու մասնիկը չեն ուզել կամ չեն կարողացել ներդնել։ Եթե ֆիլմում ներքին էներգիա չես ներդնում, ապա այն իմաստազրկվում է։
– Ֆիլմի «ոգին» ինչպե՞ս է ծնվում։
– Վերաբերմունքի խնդիր կա այստեղ։ Ավելորդ դեկորատիվությունը հաջողություն չի բերի։ Հեղինակը պետք է սիրի իր պերսոնաժներին, նույնիսկ «Կինգ Կոնգին» նայելով՝ սկսում ես այդ հրեշի նկատմամբ մարդկային զգացումներ զգալ, քանի որ հեղինակները նրան մեծ սիրով են ստեղծել։ Ֆիլմում մի քանի անգամ ուղղակիորեն եւ բաց տեքստով ասվում է, որ գեղեցկությունը կարող է կանգնեցնել հրեշին։ Այդ միտքը «ծամվում» ու «դրվում» է հանդիսատեսի բերանը։ Ես նման մոտեցման կողմնակիցը չեմ, փորձում եմ խուսափել նման ճակատային հայտարարություններից, կարծում եմ՝ դրանք միայն թուլացնում են ֆիլմը։ Բայց նույնիսկ եթե այդպիսի կինոարտադրանք ես ստեղծում, պետք է անես սիրով եւ նրբորեն։ Կինոյում հիմա շատ տարածված ու ծեծված սյուժետային կառույցներ եւ միզանսցեններ կան, որոնք կարող ես միանգամից կռահել։ Մինչդեռ կարծում եմ, որ ֆիլմի միտքը, որքան հնարավոր է, պետք է քողարկել։ Պետք է գաղտնիք ստեղծել։ Առանց գաղտնիքի արվեստ լինել չի կարող, քանի որ արվեստը կյանքի արտացոլումն է, իսկ կյանքը լցված է գաղտնիքներով։ Արվեստի ստեղծագործությունը չի կարող սկզբից մինչեւ վերջ հասկանալի լինել դահլիճում նստած յուրաքանչյուր մարդու համար։ Այդ դեպքում՝ այն ագիտացիա, պլակատ կամ գովազդ է դառնում, բայց ոչ երբեք՝ արվեստի նմուշ։
– Կինոփառատոների ժյուրին ոչ միշտ է պարգեւատրում իսկապես լավագույն ֆիլմերը։ Ձեր առաջին ֆիլմը գլխապտույտ հաջողություն ունեցավ, իսկ երկրորդը՝ ոչ։ Ցավալի՞ էր։
– Որքան մարդ, այնքան էլ կարծիք գոյություն ունի։ Փառատոների քաղաքականությունն, իրականում, շատ «պղտոր ջուր» է։ Ընդհանրապես դատավորի կարգավիճակում հայտնվելու համար արիություն է հարկավոր, քանի որ մարդն ամեն դեպքերում անխուսափելիորեն սուբյեկտիվ է։ Պաստեռնակը հիանալի խոսքեր ունի, ասում է՝ պարտությունը հաղթանակից դու ինքդ չպիտի տարբերես։ Ո՛չ հանդիսատեսը, ո՛չ փառատոնը հեղինակի համար նպատակ լինել չեն կարող, նպատակը միայն ֆիլմն է։ Եթե փառատոների ունայն եռուզեռի մեջ ես սուզվում, ապա անպայման մանրանում ես եւ սկսում ես ոչ թե ֆիլմ ստեղծել, այլ՝ անում ես ինչ-որ բան ինչ-որ մարդկանց համար։ Ամեն դեպքում, եթե համարձակվում ես մրցույթների մասնակցել, պետք է քո մեջ դաստիարակես նաեւ պարտվողին։ Իսկ դա շատ բարդ է, քանի որ յուրաքանչյուր ռեժիսոր նման է այն ծնողին, որի համար իր երեխան ամենատաղանդավորն է։
– Երիտասարդ ռեժիսորները, որոնք չեն ապրել խորհրդային ժամանակներում, չեն իմանում նաեւ կինոցենզուրայի մասին։ Դա լա՞վ է։
– Խորհրդային մարդկանց մոտ թաքնված խորություն էր զգացվում, նրանք ստիպված էին Եզոպոսի լեզվով խոսել, կոդավորել իրենց ասելիքը։ Այդ կոդավորումը հաճախ զարմանալի հնարամտության էր հասնում։ Հիմա գաղտնանշաններով հաղորդակցվելն անիմաստ է դարձել, սակայն պարզվել է, որ, փաստորեն, կոդավորելու բան էլ չկա։
– Իսկ դուք ի՞նչ եք կոդավորում։
– Մարդուն։ Յուրաքանչյուր ստեղծագործության կենտրոնում պետք է ինքն իրեն փնտրող, ինքն իրեն բնորոշող ու գործողություններ անող մարդը լինի։ Մենք բոլորս կարծես մի ձեռքի մատներ լինենք, բոլորս կապված ենք ու իրար նման չենք։ Եվ դա շատ գեղեցիկ է։ Մենք էակներ ենք, որոնք աշխարհի տարբեր ծայրերում են ապրում, բայց նույն բանի մասին են մտածում։ Մարդիկ նույնիսկ նույն երազներն են տեսնում։ Մենք կապված ենք մեր երազներով, եւ կինոն այդ երազից ծնված առասպելներն են։ Որտե՞ղ են սկսվում եւ որտե՞ղ են վերջանում կինոյի սահմանները, ոչ ոք ասել չի կարող, քանի որ դրանք գծված չեն։ Դու ամեն անգամ ինքդ ես դրանք նորովի գծում։
– Երջանկության գաղտնիքը գտե՞լ եք։
– Դաոսի ուսմունքն ասում է` ամուրն ու կայունը արագ է կոտրվում, իսկ փափուկն ու ճկունը շարունակում է ապրել։ Փափուկ մարդիկ ավելի մեծ շանսեր ունեն՝ կյանքը երջանիկ ապրելու համար։