Կարս-Ախալքալաք երկաթգծի կառուցումից հետո Կարս-Գյումրի երկաթուղին ուղղակի կդառնա անիմաստ, եւ Հայաստանը պարզապես կարող է ընդամենը շահագրգռված լինել միանալ Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթգծին, որպեսզի գոնե ինչ-որ կերպ թեթեւացնի իր մեկուսացումը: Երեկ «Ուրբաթ» ակումբում նման տեսակետ է հայտնել Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը: «Վրաստանի հետ փոխհարաբերություններում Հայաստանը չկարողացավ, կոպիտ ասած, թանկ վաճառել իր լոյալությունը»,- նշել է նա: Ըստ նրա, պետք էր Վրաստանին ցույց տալ, որ հայերի բարի կամքի շնորհիվ է, որ Ջավախքում չի առաջանում անջատական շարժում, հետեւաբար՝ Վրաստանն էլ պետք է համարժեք քայլ ձեռնարկեր եւ հրաժարվեր Կարս-Ախալքալաք ծրագրին միանալուց, որը Հայաստանի դեմ է: