Խայտառակություն էր, բայց շնորհավոր

31/08/2007 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Թալին քաղաքն ընդգրկող թիվ 15 ընտրատարածքում կիրակի օրը կայացել են ԱԺ պատգամավորի թափուր տեղի համար նշանակված ընտրությունները: Հիշեցնենք, որ մայիսի 12-ին այս ընտրատարածքում ձայների չնչին առավելությամբ հաղթող էր ճանաչվել ՀՀԿ-ական գործարար, «Մաքս Գրուպի» նախագահ Խաչիկ Մանուկյանը: Վերջինս, սակայն, հրաժարվել էր մանդատից՝ պատճառաբանելով, թե չի ուզում, որ իր ընտրվելու վերաբերյալ կասկածներ լինեն:

Խ. Մանուկյանը մասնակցել է նաեւ նախօրեին կայացած ընտրությանն ու դարձյալ հաղթել՝ այս անգամ արդեն զգալի առավելությամբ: Պաշտոնական տվյալներով՝ ընտրելու իրավունք ունեցող 60.138 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 36.394-ը (60,5%): Նախնական արդյունքների համաձայն՝ Խ. Մանուկյանը ստացել է 16.121 ձայն, իսկ նրա հիմնական մրցակից, Թալինի քաղաքապետ Մնացական Մնացականյանը՝ 10.067: Մ. Մնացականյանին ոչ պաշտոնապես սատարում էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: ՀՅԴ-ական Գուրգեն Շահինյանի օգտին քվեարկել է 7248 մարդ: ԱԺ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը ստացել է ընդամենը 1220 ձայն, իսկ մյուս թեկնածուների օգտին գրանցվել են է՛լ ավելի քիչ թվով ձայներ (Էմին Կարապետյան՝ 518, Վահագն Պետրոսյան՝ 96 ձայն): Քվեարկության օրն ընտրատարածքում եղել են զրահաբաճկոններով եւ մահակներով ոստիկաններ: Քիչ թե շատ աղմկոտ միջադեպ է տեղի ունեցել Ուջան գյուղում, որտեղ, ինչպես «Ազատություն» ռ/կ-ին ասել է Խ. Մանուկյանի վստահված անձը, ընտրատեղամասում վեճ են հրահրել ՀՅԴ-ական թեկնածուի կողմնակիցները (Գ. Շահինյանը ծնունդով Ուջանից է): Միջադեպը ոստիկանների միջամտությամբ կանխվել է: Այլ միջադեպեր կարծեք թե չեն գրանցվել, դիմում-բողոքներ՝ նույնպես: Ինչպե՞ս է գնահատում հաղթող ճանաչված թեկնածու Խ. Մանուկյանն ընտրությունների ընթացքը: «Շատ նորմալ էր, վերահսկելի: Անցան մաքուր, հանգիստ մթնոլորտում»,- երեկ մեզ հետ զրույցում նշեց Խ. Մանուկյանն ու հավելեց,- Բողոքներ չեն եղել: Ինձ հանձնաժողովից նոր զանգեցին ու ասացին, որ մինչեւ ժամը 2-ը ոչ մի բողոք չի եղել, իրենք էլ նիստ են արել ու ինձ գրանցել որպես ԱԺ պատգամավոր»: Խ. Մանուկյանից տեղեկացանք նաեւ, որ իր մրցակիցներից որեւէ մեկը դեռեւս չի զանգահարել եւ շնորհավորել իրեն: Այս ընտրություններում սեփական թեկնածուն ունեցող ՀՅԴ-ն եւ ոչ պաշտոնապես Մ. Մնացականյանին աջակցող ԲՀԿ-ն դեռեւս ձեռնպահ են մնում նախօրեին կայացած քվեարկությանը գնահատականներ տալուց: Փոխարենը՝ օգոստոսի 26-ին կայացած քվեարկությանը շատ արագ ու շատ հակասական է արձագանքել «Ժառանգությունը»: Այս կուսակցության մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը երեկ հայտարարեց, թե իրենց կարծիքով՝ թիվ 15 ընտրատարածքում «ընտրություններն անցել են անազատ եւ անարդար պայմաններում»: «Այստեղ թեկնածուները նպատակ էին դրել ամեն կերպ դառնալ պատգամավոր եւ անում էին ամեն ինչ: Իրավիճակը նման էր խրախճանքին՝ ժանտախտի ժամանակ»,- մեզ հետ զրույցում ասաց Հ. Խուրշուդյանը: Նրա խոսքերով՝ ամենաշատ ձայներ հավաքած երեք թեկնածուներն «ամենայն ակտիվությամբ կաշառքներ էին բաժանում մարդկանց»: «Նույնիսկ նրանք, ովքեր վստահ էին, որ մեր թեկնածուին պիտի ընտրեին, 20 հազար դրամի դիմաց վաճառել էին իրենց ձայները»,- շարունակեց Հ. Խուրշուդյանն ու հավելեց, թե այդ ընտրատարածքում, բացի ընտրակաշառքից, «մասսայականորեն ադմինիստրատիվ ռեսուրս է կիրառվել»: Խուրշուդյանի այս հայտարարություններից հետո հայտարարություն է տարածել Րաֆֆի Հովհաննիսյանն ինքը: «Ժառանգության» առաջնորդի հայտարարությունը տարօրինակ ելեւէջներ է պարունակում: Բանն այն է, որ հայտարարության սկզբում Ր. Հովհաննիսյանը նշում է, թե ինչքան վատ են ընթացել ընտրությունները: Այստեղ զարմանալի ոչինչ չկա. մեր երկրում ընտրությունները, ցավոք, դեռեւս ժողովրդավարական չափանիշներին համապատասխանող չի կարելի համարել: Զարմանալին, ավելի ճիշտ՝ անսպասելին, Ր. Հովհաննիսյանի հայտարարության վերջն է: «ՀՀ ԱԺ պատգամավորի թափուր տեղի համար թիվ 15 ընտրատարածքում երեկ անցկացված ընտրությունների գործընթացն ու արդյունքները եւս պատմության գիրկն անցան էապես անազատ ու անարդար պայմաններում՝ ամենատարբեր իրավախախտումներով եւ իշխանական լծակների չարաշահումներով: Հարկ չկա մանրամասնելու. ամեն ինչ տեղի ունեցավ ընտրողների աչքի առջեւ: Հուսով եմ, որ հանրապետության ղեկավարությունը՝ բոլոր մակարդակներով հանդերձ, ապագայում իր պարտականությունները կկատարի առավել պարկեշտ, օրինավոր ու ժողովրդահարգ եղանակով,- երեկ տարածած հայտարարության մեջ նշել է «Ժառանգության» առաջնորդն ու շարունակել,- Իսկ մինչ այդ՝ շնորհավորում եմ հաղթող ճանաչված Խաչիկ Մանուկյանին եւ մաղթում ամենայն բարիք 15-րդ ընտրատարածքի մեր հայրենակիցներին անձնվիրաբար ծառայելու պատվաբեր առաքելության մեջ»: Նշենք նաեւ, որ Խ. Մանուկյանը երեկ մեզանից տեղեկացավ, որ Ր. Հովհաննիսյանը հայտարարություն է տարածել, որով շնորհավորում է իրեն, եւ շնորհակալություն հայտնեց Ր. Հովհաննիսյանին: