«Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբի ղեկավար Ռուբեն Թորոսյանը, ով պարբերաբար հայտարարություններ է տարածում այս կամ այն պաշտոնյայի կողմից իրականացված անօրինականությունների վերաբերյալ, երեկ հայտարարություն է տարածել այն մասին, թե ինչպես են իրեն սպառնացել` «եթե այդպես շարունակես, վերջդ լավ չի լինի»: Այդ ժամանակ Ռ. Թորոսյանը եղել է իր երեխայի հետ: «Ժամը 16:30-ի մոտերքում, Նոր Նորքի 2-րդ զանգվածից Ջրվեժ տանող ճանապարհին, առանց պետհամարանիշերի, մգեցված ապակիներով 2 մեքենա կանգնեցրին իմ ավտոմեքենան: Մեքենայում էր նաեւ տղաս, որին տուն էի բերում մանկապարտեզից: Մեքենաներից մեկը մոտեցավ մեր մեքենային եւ իջնող ապակիներից մեկից կիսածածկված մի դեմք ինձ ուղղեց հետեւյալ բառերը` «զգույշ եղիր, եթե այդպես շարունակես, վերջդ լավ չի լինի», եւ 2 մեքենաներն էլ հեռացան: Ամենայն հավանականությամբ, կատարվածն առնչվում է «Ընտրախախտների, զինծառայության եւ քաղբանտարկյալների մասին» օրեր առաջ տարածած իմ հայտարարությանը: Առաջին անգամ չէ, որ իմ մոտեցումներն այդ խնդիրների վերաբերյալ որոշ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից նմանատիպ «մտահոգության» են արժանանում: Ահաբեկչության սույն փորձի կապակցությամբ, հայտարարում եմ` ես շարունակում եմ 2003 եւ 2007թթ. ընտրությունների ապօրինությունների հետեւանքների վերացման ուղղությամբ իմ նախաձեռնությունները միջազգային կառույցներում, այդ թվում` քաղբանտարկյալների իրավունքների պաշտպանության ուղղությամբ: Առայժմ ձեռնպահ մնալով որեւէ մեկին վերագրելու կատարվածի պատասխանատվությունը, միաժամանակ գտնում եմ, որ Հայաստանում նմանատիպ «միջոցառումները» խթանող պայմանների համար ողջ պատասխանատվությունը կրում են ապօրինի ընտրությունների արդյունքում ձեւավորված իշխանությունները»: