Շա՜տ համահայկական միջոցառում-2

31/08/2007 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Նախօրեին Օպերայի շենքում տեղի ունեցավ Համահայկական 4-րդ խաղերի փակման արարողությունը, որին Ազատության հրապարակում հաջորդեցին հրավառություն ու համերգ:

Իսկ այն պահին, երբ Օպերայի շենքում վերամբարձ խոսքերով ճառեր էին հնչում ազգի միասնության ու հզոր հայրենիք կերտելու մասին, Ազատության հրապարակում իրավապահ մարմինների որոշ ներկայացուցիչներ ակտիվորեն չարաշահում էին իրենց պաշտոնական դիրքը՝ խոչընդոտելով ՀՀ մի քանի քաղաքացիների՝ տեղեկատվություն տարածելու իրավունքի իրացմանը: Իրավապահ մարմինների վերոնշյալ ներկայացուցիչները փորձում էին արգելել ՀՀ մի քանի քաղաքացիների թռուցիկներ բաժանել Ազատության հրապարակում, որտեղ քիչ անց համերգով եզրափակվելու էր 4-րդ համահայկական խաղերի փակման արարողությունը: Թռուցիկներ բաժանելու գործընթացին խոչընդոտելը հայրենի իրավապահների որոշ ներկայացուցիչների մոտ կարծեք թե սովորություն է դառնում, ուստի նրանց առաջարկում ենք ուշադիր կարդալ, օրինակ, ՀՀ Սահմանադրության հոդված 27-ը, որտեղ մասնավորապես նշված է հետեւյալը. «Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ՝ տեղեկություններ եւ գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով՝ անկախ պետական սահմաններից»: Իսկ նախօրեին որոշ իրավապահներ փորձում էին խոչընդոտել Լեւոն Գուլյանի հարազատների եւ «Այլընտրանք» նախաձեռնության համախոհների կողմից հետեւյալ բովանդակությամբ թռուցիկների տարածումը. «Երկու երեխաների հայր, 31-ամյա Lեւոն Գուլյանը՝ Երեւանի բնակիչ, մայիսի 12-ին մահացավ Ոստիկանությունում: Վերջին տարիներին ավելի քան մեկ տասնյակ մարդ է մահացել Ոստիկանության բաժանմունքներում: Ո՞վ է հաջորդը»: Թռուցիկ բաժանողները կրում էին Լ. Գուլյանի նկարով շապիկներ: Հիշեցնենք, որ «Պանդոկ» ռեստորանի մոտակայքում տեղի ունեցած մի սպանության գործով «Պանդոկի» տնօրեն Լ. Գուլյանը կամավոր ներկայացել էր Ոստիկանություն, որտեղ էլ կասկածելի հանգամանքներում մահացել էր: Ոստիկանությունը պնդում է, որ որպես վկա կամավոր Ոստիկանություն ներկայացած Լ. Գուլյանը փորձել է պատուհանից փախուստի դիմել, ինչի արդյունքում վայր է ընկել ու մահացել: Շատերի համոզմամբ՝ Լ. Գուլյանին պարզապես ծեծելով սպանել են Ոստիկանության շենքում, իսկ այնուհետեւ իրականությունը թաքցնելու նպատակով նրա մարմինը գցել են պատուհանից: Նախօրեին վերոնշյալ բովանդակությամբ թռուցիկներ բաժանողների շարքերում է եղել նաեւ Լեւոն Գուլյանի կինը՝ Ջեմմա Գուլյանը: Նա երեկ մեզ պատմեց, որ Ազատության հրապարակում թռուցիկներ բաժանելու ժամանակ 3 հոգու ուղեկցությամբ իրենց է մոտեցել քաղաքացիական հագուստով մի ոստիկան: Տիկին Գուլյանի փոխանցմամբ՝ նշված ոստիկանը սկզբում եղել է շատ ագրեսիվ, իրենց ձեռքից վերցրել է թռուցիկները, հրամայել դատարկել պայուսակները, հայտարարել, որ նրանք իրավունք չունեն նման բան անել եւ այլն: Ջ. Գուլյանը հրաժարվել է բացել իր պայուսակն ու ոստիկանին տեղեկացրել է, որ ինքն իրավունք ունի եւ ուզում է մարդկանց պատմել այն, ինչ տեղի է ունեցել: Տիկին Գուլյանին փորձել են տանել բաժանմունք՝ «ղեկավարության մոտ»: Ջ. Գուլյանը պատրաստակամություն է հայտնել գնալ նրանց հետ, սակայն հետո, երբ վերոնշյալ ոստիկանն իմացել է, որ նա Լեւոն Գուլյանի կինն է, մի քիչ հանդարտվել է: Կարեն Հովսեփյան ներկայացած ոստիկանն այնուհետեւ բավականին հետաքրքիր մտքեր է հայտնել: Տիկին Գուլյանի փոխանցմամբ՝ սույն իրավապահն ասել է մոտավորապես հետեւյալը. «Դուք հիմա Կենտրոնում եք գտնվում, ձեր դեպքը տեղի չի ունեցել մեր բաժանմունքում, ինչո՞ւ եք այստեղ թռուցիկ տարածում»: Այնուհետեւ Կ. Հովսեփյանն առաջարկել է թռուցիկ բաժանելու փոխարեն դրա բովանդակությունը մարդկանց «բանավոր պատմել»: Այսքանից հետո նա հայտարարել է, թե «եթե մի անգամ էլ տեսնենք բաժանելուց, արդեն կգնանք Ոստիկանություն»: «Ես իրավունք ունեմ բաժանելու: Կարող եք հիմա տանել, որովհետեւ ես ասում եմ, որ ես բաժանելու եմ»,- պատասխանել է տիկին Գուլյանը: Վերջինս երեկ մեզ փոխանցեց նաեւ, որ այս ամենից հետո իրենք շարունակել են թռուցիկներ բաժանել, իսկ ոստիկաններն ամեն անգամ խորհուրդ են տվել՝ չբաժանել դրանք՝ ավելացնելով. «Մենք ձայն չենք հանում, բայց կան մարդիկ, ովքեր կարող են ազդել ձեզ վրա»: