Օգոստոսի 25-ին Վանաձորում տեղի ունեցած Լոռու մարզի դատախազ Ալբերտ Ղազարյանի սպանությունը շատերն անմիջապես կապեցին Լոռու նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանի եւ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի հետ: Պատճառը, ինչպես հայտնի է, մայիսի վերջին Լոռու մարզի դատախազության կողմից Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով հարուցված քրեական գործերն են` Վանաձորի կեղտաջրերի մաքրման կայանում տեղի ունեցած բազմաթիվ չարաշահումների վերաբերյալ: Դրանք կապվում են ինչպես Քոչինյանի, այնպես էլ Դարբինյանի անունների հետ: Այդ մասին, սակայն, իրավասու մարմինները մինչ այսօր ոչինչ չեն ասել: Նաեւ չեն էլ հերքել կամ հաստատել, թե այդ գործերին որքանով են մասնակից նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանն ու գործող քաղաքապետ Սամվել Դարբինյանը: Հիշեցնենք, որ կայանում չարաշահումները կատարվել են 2005 թվականին: Հենց այդ ժամանակահատվածում էլ Վանաձորում գտնվող կեղտաջրերի մաքրման կայանը կառավարության որոշմամբ Լոռու մարզպետարանի ենթակայությունից անցել է Վանաձորի քաղաքապետարանի ենթակայության տակ: Մարզպետարանի եւ քաղաքապետարանի աշխատակիցներից կազմվել է խառը հանձնաժողով, որն էլ կատարել է ընդունում-հանձնումը` թաքցնելով չարաշահումներն ու խոշոր չափերի հասնող հափշտակությունները (կայանի սարքավորումները, կոնստրուկցիաները, խողովակաշարերը եւ այլ արժեքավոր նյութեր): Ի դեպ, այս կայանի կառուցումն արժեցել է ավելի քան 200 միլիոն դրամ (կառուցումը սկսվել է 1979թ.), որն էլ, ըստ մամուլի հրապարակումների, Լոռու նախկին մարզպետի, Վանաձորի ներկայիս քաղաքապետի եւ մի քանի այլ պաշտոնյաների շնորհիվ պարզապես փոշիացվել է: Իսկ 2004թ. Հ. Քոչինյանի թույլտվությամբ եւ Սամվել Դարբինյանի հանձնարարությամբ «Արգիշտի 1» ՍՊԸ-ն (տնօրենը Ս.Դարբինյանի եղբայրն է), ապամոնտաժել է կայանի բետոնե արտադրության հանգույցը, որն էլ ամբողջությամբ օգտագործվել է «Արգիշտի 1» ՍՊԸ-ի կողմից կառուցվող եկեղեցու շինարարության համար: Նման ապամոնտաժումներ` Ս. Դարբինյանի թույլտվությամբ, տեղի են ունեցել նաեւ Լոռու մարզի հիդրոօդերեւութաբանական ծառայության մաքրման կայանում:
Ու քանի որ հենց այս քրեական գործերի պատճառով են շատերը Լոռու մարզի դատախազ Ալբերտ Ղազարյանի սպանությունը կապում Հենրիկ Քոչինյանի եւ Սամվել Դարբինյանի հետ, երեկ մենք փորձեցինք անձամբ նրանցից տեղեկանալ, թե ինչպես են իրենք վերաբերվում այդ ուղղակի եւ անուղղակի մեղադրանքներին:
Պարզվեց՝ Հենրիկ Քոչինյանն այնքան անտարբեր է նման մեղադրանքների նկատմամբ, որ այս օրերին իր համար հանգիստ Լոռու սարերում «խոտ է դարսում»:
– Պարոն Քոչինյան, ի՞նչ հարաբերություններ եք ունեցել Ալբերտ Ղազարյանի հետ:
– Սովորական:
– Սովորական` լա՞վ, թե՞ վատ: Հաճա՞խ եք հանդիպել:
– Երբ աշխատանքի մեջ եմ եղել` հաճախակի եմ հանդիպել, իսկ երբ արդեն աշխատանքի մեջ չէի, երեւի չենք էլ հանդիպել, կամ` մեկ-երկու անգամ:
– Իսկ կեղտաջրերի կայանում տեղի ունեցած չարաշահումների վերաբերյալ ձեզ կանչե՞լ են Դատախազություն հարցաքննության:
– Ոչ: Ինձ Դատախազություն չեն կանչել: Բայց այդ գործով Դատախազությունը չի զբաղվում, Ոստիկանության քննչական մարմին կա դրանով զբաղվող: Դա Դատախազության հետ կապ չունի:
– Ուզում եք ասել` Ա. Ղազարյանն այդ գործին չի՞ առնչվել:
– Դե, որպես դատախազ՝ իր վերահսկողության տակ է պահել:
– Դուք չե՞ք փորձել այդ գործի շրջանակներում հանդիպել իր հետ:
– Չէ:
– Իսկ ինչո՞ւ են այս սպանությունը ձեզ հետ կապում:
– Ո՞վ է իմ անվան հետ կապում:
– Սպանության մասին տեղեկատվությունը տարածելիս հիշեցնում էին կայանում տեղի ունեցած չարաշահումները, որին առնչվում եք նաեւ դուք:
– Իմ դեմ ոչ մի քրեական գործ չկա հարուցված: Չկա՛, չկա: «Երկիր Մեդիա» հեռուստաընկերություններում երեւի օդից հոտ են քաշում, ու քաղաքական խնդիրներ ունեն Քոչինյան Հենրիկի հետ:
– Ի՞նչ խնդիրներ:
– Դե` եսիմ:
– Ըստ ձեզ` ի՞նչը կարող է լինել դատախազի սպանության պատճառը:
– Ճիշտն ասած` չգիտեմ, չեմ հետաքրքրվել:
– Իսկ վարկածներ չե՞ն շրջանառվում այդտեղ:
– Իսկ դուք գիտե՞ք, թե ես հիմա որտեղ եմ, ինչով եմ զբաղված: Խոտ եմ դարսում հանդում, դեզի վրա խոտ եմ դարսում:
– Իսկ այս սպանության գործով ձեզ Դատախազություն չե՞ն կանչել:
– Չէ, իսկ ինչո՞ւ պետք է կանչեն:
– Ամեն դեպքում ձեր անունը նույնպես հոլովվում է:
– Ինձ չեն կարող նման գործերի հետ կապել:
– Ինչո՞ւ չեն կարող:
– Ես մարդկային կերպ ունեմ, որը չի կարող նման բան անել: Ի՞նչ է` ես կարող է ու հանկարծ կերպս փոխե՞մ: Ինչպես ծնվել եմ, այդպես էլ պետք է մահանամ, չեմ կարող փոխվել:
Մեզ երեկ հաջողվեց զրուցել նաեւ քաղաքապետ Սամվել Դարբինյանի հետ, որի մրցակիցը քաղաքապետի ընտրությունների ժամանակ, ի դեպ, եղել է Ալբերտ Ղազարյանի աներորդին` Գագիկ Հովսեփյանը: Ընտրությունների ժամանակ այս երկու թեկնածուների եւ նրանց կողմնակիցների միջեւ, ըստ մամուլի հրապարակումների` լուրջ բախումներ էին եղել` կրակոցներ, առեւանգումներ, ծեծուջարդ, հետո՝ արդյունքների բողոքարկում:
– Պարոն Դարբինյան, քանի որ Ա. Ղազարյանի սպանությունը նաեւ ձեր անվան հետ են կապում` մատնանշելով կեղտաջրերի մաքրման կայանում տեղի ունեցած խոշոր հափշտակումները, որի վերաբերյալ քրեական գործ կա հարուցված, կասե՞ք, թե ինչ հարաբերություններ եք ունեցել Ա. Ղազարյանի հետ:
– Նորմալ, այնպիսի հարաբերություններ, ինչպիսի հարաբերություններ ունենում են քաղաքապետն ու դատախազը:
– Իսկ այդ քրեական գործի շրջանակներում դուք հանդիպե՞լ էիք իր հետ:
– Ո՞ր գործի:
– Կեղտաջրերի մաքրման կայանում տեղի ունեցած հափշտակումների:
– Այդտեղ ինձ հետ առնչվող որեւէ բան չկար, որ ես իր հետ հանդիպեի: Միայն լրատվությունում են նման բաներ գրել, իսկ կոնկրետ Դատախազությունում իմ հետ կապված որեւէ խնդիր չի եղել:
– Իսկ ո՞ւմ հետ կապված է եղել:
– Դե, ես ասում եմ, որ դա լրիվ լրատվության բարձրացրած աղմուկն է: Դատախազությունն ինձ ընդհանրապես նման բանի համար ոչ կանչել է, ոչ էլ որեւէ բան ասել կամ արել է: Էս լրատվության աղմուկն էր, եւ ես տենց էլ չհասկացա, թե էդ որ ուժերը բարձրացրին ու տենց արին, էլի: Չհասկացա` ինչի՞ բարձրացրին:
– Իսկ ո՞վ է առնչվում այդ գործին, եթե դուք եւ Հենրիկ Քոչինյանը հրաժարվում եք:
– Ո՞ր գործին:
– Կեղտաջրերի մաքրման կայանի:
– Դե, ես ասում եմ, որ ես չգիտեմ, եթե ես իմանայի, հեն ա միանգամից կասեի, եւ վերջը կտրվեր: Կեղտաջրերի մաքրման կայանը 1990թ. մինչեւ էսօր էլ թալանվում է, ու արդեն 2005 թվականից այլեւս թալանելու բան էլ չկա, որ թալանեն:
– Իսկ վերջին անգամ դուք ե՞րբ եք Ալբերտ Ղազարյանին հանդիպել:
– Դա հարցաքննությո՞ւն է:
– Ոչ, պարզապես հետաքրքիր է:
– Դե մենք՝ քաղաքապետ-դատախազ, միշտ էլ իրար հանդիպել ենք յուրաքանչյուր առիթով:
– Իսկ վերջին առիթը ո՞րն էր:
– Չեմ հիշում:
– Պարոն Դարբինյան, քաղաքապետի ընտրությունների ժամանակ Ա. Ղազարյանի աներորդին ձեր մրցակիցն էր, չէ՞:
– Իր աներորդին է եղել, բայց ինքը դրան դեմ է եղել:
– Այդ ժամանակ, երբ բախումներ, կրակոցներ եղան, Ա. Ղազարյանը չէ՞ր միջամտում:
– Ոչ մի բախում էլ տեղի չի ունեցել, ինքն էլ դեմ էր, որ աներորդին իմ դեմ դնի: Ընտրությունների ժամանակ այդ մարդը (նկատի ունի Ա. Ղազարյանին.- Լ.Ս.) նույնիսկ այստեղ չի եղել, արձակուրդում է եղել:
– Իսկ ինչո՞ւ էր Ա. Ղազարյանն իր աներորդու թեկնածությանը դեմ:
– Դե ինքն (Ա. Ղազարյանը.- Լ.Ս.) ինձ ասեց` «ես գիտեի, որ մրցակցության մեջ ինքը (աներորդին) չի դիմանա, որ իր շրջապատն է իրեն սխալ ճանապարհով տանում, ես փորձեցի ուղղել, բայց նա չուղղվեց»:
– Քանի որ գործի բերումով պարբերաբար հանդիպել եք Ա. Ղազարյանին` կասե՞ք, թե նա ինչպիսի մարդ էր:
– Նորմալ, շատ կիրթ, շատ գրագետ:
– Իսկ թշնամիներ շա՞տ ուներ:
– Չեմ կարող ասել, բայց իր բնավորությունն այնպիսին էր, որ շատ թշնամիներ չէր կարող ունենալ: Ինքը շատ հավասարակշռված ու համեստ էր խոսում յուրաքանչյուրի հետ: Դատախազ լինելով հանդերձ` ինքն իրեն միշտ շատ պարկեշտ էր պահում:
– Իսկ շփվո՞ւմ էր մարդկանց հետ:
– Չէ, իր շփման գործակիցը մի քիչ փոքր էր, եւ ոչ բոլորի հետ էր շփվում: