Ինչո՞ւ անշարժ ես, դրամ

31/08/2007 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Վերջին շրջանում մեր քաղաքացիներն անկեղծ զարմանքով միմյանց հարցնում են՝ էս ի՞նչ բան է, դոլարի կուրսը չի ընկնում։ Իրոք, արդեն բավական երկար ժամանակ է (հուլիսի կեսերից սկսած)՝ փոխարժեքը տատանվում է 1 ԱՄՆ դոլարը՝ 335-336 դրամի սահմաններում։

Հետաքրքիրն այն է, որ գործոնները, որոնցով բացատրում էին դրամի արժեւորման երեւույթը, չեն փոփոխվել։ Մասնավորապես, դրսից եկող տրանսֆերտները չեն քչացել։ Դրա մասին անուղղակիորեն վկայում է տնտեսության՝շարունակվող երկնիշ աճը։

Մի հետաքրքիր հանգամանք եւս։ Ինչպես հիշում եք, պետբյուջեում այս տարվա համար կանխատեսվել էր 1 ԱՄՆ դոլարը՝ 357 դրամ փոխարժեքը։ Համաձայն Ազգային վիճակագրական ծառայության հրապարակման, 2007թ. հունվար-հունիս ամիսների միջին փոխարժեքը կազմում է 356.7 դրամ։ Այսինքն, եթե ԿԲ-ն նախանձախնդիր է, որ իր կանխատեսումներն իրականությանը հնարավորինս մոտ լինեն, ապա կարելի է ենթադրել, որ մինչեւ տարվա վերջ փոխարժեքը մեծ փոփոխությունների չի ենթարկվի։

Մյուս կողմից՝ հայաստանյան տնտեսական իրողությունների եւ, մասնավորապես, փոխարժեքի վարքագծի հետ կապված մեկնաբանություններ եւ կանխատեսումներ անելը բավական անշնորհակալ գործ է։ Տրամաբանությունը, փորձը, գիտելիքը բավարար չեն. անհրաժեշտ է ունենալ Նոստրադամուսին հատուկ պայծառատեսական հատկանիշներ կամ Տիգրան Սարգսյանին հատուկ արժութային «գործիքներ»։

Տնտեսագետ Էդուարդ Աղաջանովն, օրինակ, կարծում է, որ ոչ մի տրամաբանությամբ չի կարելի բացատրել փոխարժեքի համեմատական կայունությունը։ Ըստ նրա, դա զարմանալի է նաեւ նրանով, որ 2 շաբաթ առաջ դոլարի գինը միջազգային շուկայում 4%-ով բարձրացավ, սակայն մեր հանրապետությունում դա ոչ մի ազդեցություն չունեցավ։ Այնուամենայնիվ, տնտեսագետը համարձակվում է բացատրել, թե ինչու է դրամի արժեւորումը կանգնել։ Ըստ նրա, հիմնական պատճառն այն է, որ արդյունաբերությունն անկում է ապրում, արտաքին առեւտրի բացասական սալդոն էլ մեծ չափերի է հասել, եւ վերեւներում երեւի սկսել են մի փոքր ավելի լուրջ մոտենալ այս խնդրին։ Ըստ պրն Աղաջանովի, հասկացել են, որ վիճակը լուրջ է, «ՊՈսՖՔպ վպՍցՊՈ»։ Նույն տրամաբանությունից ելնելով, նա ենթադրում է, որ դոլարի փոխարժեքը դժվար թե սրանից ավելի իջնի, քանի որ «բանը բանից անցել է»։

Նույն հարցով՝ ինչո՞վ է պայմանավորված փոխարժեքի հարաբերական կայունությունը, դիմեցինք նաեւ ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանին։ Վերջինս կարծում է, որ, ամենայն հավանականությամբ, ԿԲ-ի վրա որոշակի ճնշում է գործադրվել՝ կապված տնտեսական զարգացումների հետ, քանի որ փոխարժեքի նման վարքագիծը ձեռնտու է միայն ներմուծողներին եւ առեւտրային բանկերին, իսկ արտադրության համար այն վնասաբեր է։ Մյուս կողմից, Հ. Բագրատյանը չի բացառում, որ այդ ճնշումը կարող է կապված լինել առաջիկա նախագահական ընտրությունների հետ։ Ըստ նախկին վարչապետի, նշված երեւույթի պատճառ կարող է հանդիսանալ նաեւ իշխանությունների հասցեին հնչող քննադատությունը, այդ թվում՝ իր կողմից։ Ինչեւէ, անկախ պատճառներից՝ ընտրություններ լինեն, թե ուղղակի տնտեսության վիճակի մասին մտահոգություն (որքան էլ զարմանալի հնչի), Հ. Բագրատյանը քաղաքականության վերանայման նշաններ տեսնում է։ Մասնավորապես, ըստ պրն Բագրատյանի, վերանայվել է դրամով արժեթղթերի թողարկման քաղաքականությունը։ Հիշեցնենք, որ Հ. Բագրատյանը քննադատել էր այն մոտեցումը, երբ մի կողմից՝ ասում էին՝ դոլարի քանակն աճում է դրամի համեմատ եւ բերում դրամի արժեւորման, մյուս կողմից՝ դրամով արժեթղթեր թողարկելով՝ տնտեսությունից դրամը «քաշում» էին։