Հերթական սպանությունը. առայժմ միայն վարկածներ

31/08/2007 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Այս տարի կատարված աղմկոտ հանցագործությունների թիվը համալրվեց օգոստոսի 25-ին` Լոռու մարզի դատախազ, Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Ալբերտ Ղազարյանի սպանությամբ: ՀՀ Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության համաձայն, այդ օրը գիշերը ժամը 00:20-ի սահմաններում Ա. Ղազարյանի ուղղությամբ «Մակարով» ատրճանակից արձակվել է չորս կրակոց, որի հետեւանքով դատախազը վնասվածք է ստացել թիկունքի, ուսերի եւ պարանոցի շրջանում:

Ա. Ղազարյանը Լոռու մարզի դատախազ է նշանակվել 2006թ. մարտին: Եվ ընդհանրապես, ծնունդով գյումրեցի 56-ամյա իրավաբանը միշտ աշխատել է Լոռու մարզում: Մինչեւ մարզի դատախազ նշանակվելը եղել է Լոռու մարզի դատախազի տեղակալ, դրանից առաջ՝ Ստեփանավանի, Գուգարքի շրջանների դատախազ, Կիրովականի դատախազի օգնական եւ այլն: Իսկ 2 ամիս առաջ, երբ Գյումրիի մարզպետ Ռոմիկ Մանուկյանին ազատեցին աշխատանքից, ըստ որոշ տեղեկությունների՝ առաջիններից մեկը, ում առաջարկեցին ստանձնել այդ պաշտոնը, Ալբերտ Ղազարյանն էր: Սակայն դատախազը հրաժարվել էր այդ առաջարկից՝ պատճառաբանելով, թե ցանկանում է աշխատել միայն իրավապահ համակարգում:

Ինչ վերաբերում է Ղազարյանի սպանությանը, ապա վանաձորցիների պատմելով, սպանության օրը բավական երկար ժամանակ Ա. Ղազարյանը ոտքով զբոսնել է Լոռու մարզի Ոստիկանության Քննչական վարչության պետի հետ: Հետո ոտքով գնացել է տուն: Հենց տան մոտ էլ ամենայն հավանականությամբ վարձու մարդասպանը կրակել է դատախազի վրա: Վանաձորում այս սպանության հետ կապված մի քանի վարկածներ են շրջանառվում: Նախ՝ առաջին հերթին Ղազարյանի սպանությունը ոմանք հակված են կապել Լոռու մարզի դատախազության կողմից վարվող աղմկոտ քրեական գործերի հետ: Թերեւս այդ մասին է վկայում նաեւ Քրեական օրենսգրքի այն հոդվածը, որով քրգործ է հարուցվել Ղազարյանի սպանության փաստի առթիվ. 104 հոդվածի (Սպանություն) 2.2 կետով, որը սահմանված է հետեւյալ կերպ. «սպանություն անձի կամ նրա մերձավորների` կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ»: Այսինքն` Գլխավոր դատախազությունը նույնպես հակված է Ղազարյանի սպանությունը կապել նրա ղեկավարությամբ քննվող քրեական գործերի հետ: Իսկ ինչպես հայտնի է՝ դրանցից ամենավերջինը մայիսի վերջին հարուցված քրեական գործն է` Վանաձորի կեղտաջրերի մաքրման կայանում տեղի ունեցած առանձնապես խոշոր չափերի հասնող գողությունների փաստի առիթով: Ընդ որում, այդ կառույցում, ըստ գործի նյութերի, տեղի ունեցած չարաշահումները կատարվել են ոչ թե նոր, այլ անցած մի քանի տարիների ընթացքում: Դատախազությունը ստուգումների արդյունքում պարզել էր, որ գողությունը կատարվել է Լոռու նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանի թույլտվությամբ, եւ գողացված թանկարժեք սարքավորումներն ու խողովակաշարը գտնվում են Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի եղբայր Սեյրան Դարբինյանին պատկանող «Արգիշտի» ՍՊԸ-ում: Բացի այդ, Քոչինյանի անվան հետ են կապվում նաեւ Լոռու անտառների ապօրինի ծառահատումների դեպքերը: Դատախազությունն այս գործով նույնպես հետաքրքրված էր: Ընդ որում, այս գործերի նախաքննությունը գտնվում էր անմիջապես Ա.Ղազարյանի հսկողության տակ: Եվ ահա Վանաձորում շատերը կարծում են, թե դատախազին սպանել են Քոչինյանի եւ Դարբինյանի պատվերով, թեեւ առաջին հայացքից այս վարկածը շատ պարզունակ է հնչում թեկուզ այն պատճառով, որ վերջիններս, տրամաբանորեն, կարող էին շահագրգիռ լինել Ղազարյանի չեզոքացմամբ: Այդուհանդերձ, Վանաձորում շրջանառվող լուրերի համաձայն՝ հենց այդ կարծիքին են նաեւ սպանվածի հարազատները: Մեր աղբյուրները պատմում են, թե կիրակի երեկոյան Ալբերտ Ղազարյանի հոգեհանգստի արարողության ժամանակ Ղազարյանների տուն է գնացել Վանաձորի քաղաքապետարանի Կոմունալ վարչության պետ Լյովա Կարապետյանը, որին հանդիմանել եւ դուրս է վռնդել դատախազի աները, որը խորհրդային տարիներից քաղաքում հայտնի է Ֆինբաժնի Եղիշ մականունով: Ըստ ներկաներից ոմանց, նա քաղաքապետարանի այդ պաշտոնյային նաեւ պատվիրել է «իր շեֆին» հայտնել, թե՝ «դուք ձեր ուզածին հասաք, հիմա արդեն ես կսպանեմ նրան (քաղաքապետ Սամվել Դարբինյանին.- Ա.Ա.)»: Նշենք, որ բացի այս քրեական գործից, Ա. Ղազարյանն ու Ս. Դարբինյանը լարված հարաբերություններ են ունեցել նաեւ այլ պատճառով. 2005թ. Վանաձորի քաղաքապետի ընտրությունների ժամանակ իր թեկնածությունն էր առաջադրել նաեւ դատախազի աներորդին` Գագիկ Հովսեփյանը:

Ինչ վերաբերում է Ղազարյանի վերջին շրջանի մասնագիտական գործունեությանը, ապա նշենք, որ Լոռու մարզի դատախազության վարույթում է նաեւ Հրանտ Հակոբյանի սպանության գործը, որը ինչ-որ կերպ կապված էր մայիսի 12-ի խորհրդարանական ընտրությունների հետ; Հիշեցնենք, որ ապրիլի 26-ին Հ.Հակոբյանը վեճի էր բռնվել իր համաքաղաքացիներ Սամվել Դիլոյանի եւ Վահագն Ավագյանի հետ, որոնք աշխատելիս են եղել Վանաձորում պատգամավորի թեկնածու առաջադրված Վահրամ Բաղդասարյանի նախընտրական շտաբում: Վանաձորցիների ասելով՝ Հ. Հակոբյանը թեեւ նույնպես աշխատել է Վ. Բաղդասարյանի շտաբում, սակայն նաեւ Վ.Դալլաքյանի համակիրն է եղել: Ի սկզբանե այս սպանությունը որակվեց որպես «կենցաղային հողի վրա» կատարված, սակայն վանաձորցիները դա համարեցին քաղաքական՝ որպես պատգամավորության երկու թեկնածուների հակամարտության արդյունք: Ս. Դիլոյանը եւ Վ. Ավագյանը, որոնք նաեւ Վանաձորի քաղաքապետարանի ավագանու անդամ էին, ձերբակալվեցին, բայց հետո ազատ արձակվեցին: Ներկայումս այդ սպանության գործով ձերբակալվածը համարվում է ընդամենը քավության նոխազ: Վանաձորցիներն ասում են, թե այս գործն էլ գտնվում էր Ա. Ղազարյանի անմիջական հսկողության ներքո, եւ վերջինս նույնպես այն կարծիքին է եղել, թե ձերբակալվածը սպանության անմիջական կատարողը չէ, իսկ կատարողն ազատության մեջ է: Մեր աղբյուրները տեղեկացնում են, թե Ա.Ղազարյանը ցանկացել է բացահայտել այս գործի իրական հանգամանքները, ինչը սպանություն կատարողներին ստիպել է զգուշանալ: Եվ ահա Ղազարյանի սպանության հաջորդ վարկածը կապված է այս քրեական գործի եւ Վահրամ Բաղդասարյանի հետ: Վերջինս էլ, թեեւ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի մտերիմներից է, սակայն ընտրություններից հետո հասցրել է լարված հարաբերություններ ունենալ Ա. Ղազարյանի հետ: Ի դեպ, վերջինս Ա Հովսեփյանի համակուրսեցին է եղել:

Նշենք, որ մեր աղբյուրները շատ քիչ հավանական են համարում Ա. Ղազարյանի հետ քրեական խմբավորումների հաշվեհարդարի վարկածը: Մյուս կողմից, շրջանառվում է նաեւ պարզապես որպես պետական պաշտոնյայի նկատմամբ հաշվեհարդար տեսնելու վարկածը: Ասում են, Ա. Ղազարյանը հաշտ հարաբերություններ չի ունեցել Վանաձորի պետական շատ կառույցների՝ Ոստիկանության, Հարկային տեսչության, քաղաքապետարանի եւ այլ գերատեսչությունների հետ: Ըստ այդմ, Ղազարյանը պետական մյուս կառույցների հետ զանազան կոռուպցիոն գործերի մեջ ներքաշված չի եղել: Նրա այս վարքագիծը շարքային վանաձորցիների մոտ դրական տպավորություն է թողել, սակայն ավելի տեղեկացվածները հակառակ կարծիքի են: Մեր աղբյուրները պնդում են, թե շատ դեպքերում Ղազարյանը համագործակցության չի գնացել, որովհետեւ տարբեր գործարքներում ցանկացել է գերակայող դեր ունենալ: Այսինքն, ըստ այդ տեղեկությունների՝ նա նույնպես կոռուպցիոն հարաբերությունների մեջ եղել է, սակայն միայն այն դեպքերում, երբ կարողացել է իր ձեռքում կենտրոնացնել նաեւ այլ պետական կառույցների «հասանելիքը»: Ասում են՝ սպանությունից անմիջապես առաջ նրան է մոտեցել Ղաբուզանց Գոգո մականունով մի մարդ, ում նկատմամբ ընկերություններից մեկի գործունեության հետ կապված քրեական գործ է եղել հարուցված մարզային դատախազությունում: Մեր տեղեկություններով՝ այս գործը «ջրելու» համար Ա. Ղազարյանը նրանից շատ մեծ գումար է պահանջել: Գոգոն այդ գումարը չի կարողացել տալ եւ այդ օրը երեկոյան որոշել է մոտենալ ու որոշակի զիջումներ խնդրել դատախազից: Այդ պատճառով էլ Ղաբուզանց Գոգոն ականատես է եղել Ա. Ղազարյանի սպանությանը: Մեր աղբյուրները տեղեկացնում են, որ սպանությունից հետո իրավապահ մարմինները դատախազի սեղանի վրա գտել են շատ մեծ գումարների պարտքացուցակ, որոնք նա պետք է ստանար որպես կաշառք: Թե այս վարկածներից ո՞րն է համապատասխանում իրականությանը՝ ցույց կտա գործի քննությունը: Եթե, իհարկե, քննության արդյունքում բացահայտվեն սպանության իրական պատճառները: