Լատվիայի ծովափնյա հանգստյան քաղաք Յուրմալայում անցկացվող «Նոր ալիք» երիտասարդ երգիչների մրցույթն այս տարի անցավ առանց հայերի մասնակցության, թեեւ երկու հայ երիտասարդ երգչուհիներն էլ` Մարիաննա Հովհաննիսյանն ու Վարդուհի Դավթյանը (Վակա), նաեւ մոսկվաբնակ երգիչ Մհեր Մեսրոպյանը, որոնք մասնակցության հայտ էին ներկայացրել, մեծ հույսերով էին մեկնել մրցույթի կիսաեզրափակչին:
Կիսաեզրափակիչն անցել է Մոսկվայում` «Մետելիցա» համալիրում, որտեղ 150 կատարողներ մի քանի օրվա ընթացքում ժյուրիին են ներկայացրել իրենց կատարումները: Ժյուրին նրանց ուժերին չի հավատացել:
«Ես ներկա չեմ եղել եզրափակիչ փուլի ելույթներին, բայց լսել եմ, որ հայերը լավ չեն երգել: Երեւի վատ են երգել, քանի որ հուզվել են»,- ասաց Նադեժդա Սարգսյանը, ով Հայաստանում «Նոր ալիքի» միակ պաշտոնական ներկայացուցիչն է: «Իսկ ինչո՞ւ միակը». մեր այս հարցին Ն. Սարգսյանը պատասխանեց. «Ես այդ մրցույթի չափանիշները շատ լավ եմ իմանում, այդ պատճառով էլ ինձ են ընտրել»: Վեցերորդ անգամ անցկացվող այդ մրցույթին Հայաստանն արդեն հինգերորդ անգամ է մասնակցում, եւ սա առաջին դեպքն է, երբ ոչ մի հայ մասնակից Յուրմալա չի մեկնում: «Ոչինչ, այդպես էլ է պատահում, մի՛ հիասթափվեք»,- խորհուրդ է տալիս Ն. Սարգսյանը, ով վաղուց արդեն զբաղվում է էստրադային նոր «աստղերի» պատրաստմամբ, ուսուցմամբ եւ, ինչպես ինքն է ասում` «որակավորմամբ»:
Երկու հայ երգչուհիներն էլ նկատել են, որ եթե մրցույթին մասնակցեին առանց իրենց պրոդյուսերի, ավելի մեծ արդյունքների կհասնեին: 15-ամյա Մարիաննայի մայրիկը` Սուսաննա Բուդաղյանն ասաց, որ չի ուզում «փնովել» Ն. Սարգսյանին, բայց համոզված է, որ եթե նրա անունն իր դստեր անվան կողքին չլիներ, ապա Մարիաննան անպայման հաջողության կհասներ: «Մրցույթից հետո մեզ են մոտեցել հայտնի ռուս պրոդյուսերներ, կոմպոզիտորներ ու ասել, որ ուզում են Մարիաննայի հետ աշխատել: Ես կարող էի ծանոթության տարբերակներն օգտագործել, այդ դեպքում նա ֆինալում կհայտնվեր, բայց ես չցանկացա բարոյական նորմերը խախտել, քանի որ Նադեժդան էր աղջկաս պրոդյուսերը: Հիմա մենք փոխել ենք պրոդյուսերին, քանի որ Նադեժդան իմ աղջկանով զբաղվելու ժամանակ չունի: Նա իր աղջկանով է զբաղվում, «Հայերով»…»,- ասաց Մարիաննայի մայրը:
Գրեթե նույն տպավորությունն է ունեցել նաեւ Վական, ով վստահ է, որ եթե ինքնուրույն ներկայանար, ապա կարող էր ավելի ճիշտ գովազդային ու նախապատրաստական աշխատանքներ կատարել: «Մրցույթի գլխավոր պրոդյուսերներն ինձ ասում էին` մենք այնպես կանենք, որ դու եզրափակիչում հայտնվես, բայց այդ դեպքում պետք է միայն մեզ հետ աշխատես»,- ասում է նա:
Յուրաքանչյուր մրցույթ լավ դաս է տալիս, սովորեցնում է օգտագործել «ստորջրյա» կապերն ու խելամիտ ծախսել սեփական անձը գովազդելու համար նախատեսված փողերը: Ինչպես ասում են` ձայնը լավ է, բայց ավելի կարեւոր է իմիջն ու կշիռը: Իսկ «Նոր ալիք» մրցույթում շատ մեծ գումարներ են պահանջվել, խոսքը ոչ միայն պետական մուծումների մասին է, որոնց միջոցով եթերաժամեր են գնվում, այլեւ գումարներ են անհրաժեշտ նաեւ «տուսովկային» համապատասխան ձեւով ներկայանալու համար: Ինչպես ամենուրեք, այստեղ էլ անհրաժեշտ է եղել ծանոթություն ձեռք բերել` բավական կողմնակալ ժյուրիի աչքից չվրիպելու համար: Այս տարի «Նոր ալիքի» մրցութային ֆոնդը կազմել է 120 հազար դոլար, իսկ հաղթողը ստացել է 50 հազար դոլար: Սակայն, նույնիսկ կիսաեզրափակիչին մասնակցելու համար հարկավոր է եղել մեծ գումարներ ծախսել: Համենայնդեպս, մրցույթի այլազգի մի քանի մասնակիցներին կազմակերպիչների կողմից առաջարկություն է արվել եզրափակիչ փուլ դուրս գալու, բարձր տեղերի հավակնորդ դառնալու համար մի քանի հարյուր հազար դոլար վճարել. «Մոսկվայից ինձ զանգահարեցին ու ասացին, որ եթե ես 275 հազար դոլար վճարեմ, ապա ես ֆինալում կհայտնվեմ: Կարծում եմ, որ տարբեր մասնակիցներին տարբեր գումարներ են առաջարկվել, սակայն հայ երեք մասնակիցներին առաջարկել են վճարել ամենաբարձր գումարը: «Նոր ալիքը» շատ լավ մրցույթ է, եւ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ հայերն այնտեղ ցանկալի մասնակիցներ չեն: Գիտեմ, որ Անգլիայի մասնակիցը մեզ նման մինչեւ եզրափակիչ չի հասել, քանի որ չի ցանկացել վճարել»,- պատմում է երգչուհի Վական:
Շոու-բիզնեսը գնալով թանկանում է, հեղինակավոր մրցույթները` նույնպես: «Մրցույթները շատ բան են տալիս մասնակիցներին, նույնիսկ, եթե նրանք չեն հաղթում` սովորում են, շփվում են, հրավերներ են ստանում»,- վստահ է Նադեժդա Սարգսյանը, ով այս տարվա «անհաջողակներին» խորհուրդ է տալիս մյուս տարի ինքնուրույն մասնակցել: Նա անհիմն է համարում այն լուրերը, թե հարկ է եղել «արտահերթ» գումար վճարել մրցույթի կազմակերպիչներին: «Պարզապես հայերը վատ են երգել»,- ասում է նա: