Զանգել է Էրդողանին

25/08/2007

Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը նախօրեին զանգահարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանին եւ հավաստիացրել, որ Իսրայելը ցանկանում է պահպանել սերտ կապերն այդ մահմեդական երկրի հետ: «Ֆրանսպրես» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է Էրդողանի օգնականը: Հեռախոսազրույցը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ում գործող «Ընդդեմ վարկաբեկման միություն» հրեական ազդեցիկ կազմակերպությունը, որը տարիներ շարունակ հերքել է Հայոց ցեղասպանության փաստը, օրերս հիմնովին փոխել է դիրքորոշումը եւ «ցեղասպանություն» տերմինով որակել 0սմանյան Կայսրությունում հայության զանգվածային կոտորածը: Անկարայում Իսրայելի դեսպանատունն օրերս հայտարարել էր, թե հրեական պետությունն ընդունում է, որ տեղի են ունեցել «սարսափելի դեպքեր», եւ հայությունն «ահավոր տառապանքներ» է կրել, միաժամանակ, Իսրայելը հրեաներին հորդորում է «կողմնակալ չլինել»: «Տարիների ընթացքում այս թեման հայերի եւ թուրքերի համար ակամա դարձել է քաղաքական բարդ հարց: Իսրայելը խնդրում է չգրավել որեւէ կողմ եւ չընդունել տեղի ունեցածի որեւէ որակում: Մենք հուսով ենք, որ կողմերն իրենք կներգրավվեն բաց երկխոսության մեջ, ինչը թույլ կտա դարմանել վերքերը»,- ասվում է դեսպանատան հաղորդագրությունում: