ՌԴ նախագահ Վ. Պուտինի օգնական Սերգեյ Պրիխոդկոն ներկայացրեց Պուտինի առաջիկայում Հայաստան կատարելիք աշխատանքային այցի պրոտոկոլային մասը: Նա հիմնականում խուսափում էր հարցերին կոնկրետ պատասխանելուց, բայց իր դժգոհությունն արտահայտեց Իրաք խաղաղարար զորախումբ ուղարկելու կապակցությամբ. «Ուզեցիք՝ ուղարկեցիք, առանց որեւէ մեկին հարցնելու՝ Իրաք գնացիք»։ Ի պատասխան ՌԴ Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովի հայտարարությանը, թե Հայաստանը Ռուսաստանի ֆորպոստն է, Վ. Պուտինի օգնականն ասաց. «Ինձ դուր չի գալիս այդ համեմատությունը եւ պրն Գրիզլովին ասել եմ։ Ավելի ճիշտ կլինի ասել, որ Հայաստանը շտեմարան է։ Ֆորպոստը նման է մի մարդու, որն անընդհատ կրակում է ինչ-որ մեկի վրա։ Ֆորպոստն այն է, երբ շուրջբոլորը թշնամիներ են»։
ՌԴ նախագահի օգնականը հայ-ռուսական հարաբերությունների պատկերը հնարավորինս առանց կտրուկ ձեւակերպումների էր ներկայացնում։ Սակայն իր խոսքի հենց սկզբում շեշտեց, թե Ադրբեջանի 1 մլրդ-ի համեմատ՝ Հայաստանի հետ ապրանքաշրջանառության ծավալները փոքր են. 2003թ. այն կազմել է 208 մլն դոլար, իսկ 2004թ.՝ 205 մլն։
Այսօր Ռուսաստան մուտք գործող հայերի համար կարեւորագույն խնդիր է ժամանակավոր կեցության ռեժիմի կարգը, ըստ որի՝ Հայաստանի քաղաքացին, մուտք գործելով Ռուսաստան, օդանավակայանում ստանում է միգրացիոն համապատասխան քարտը, որով իրավունք է ստանում մուտք գործել երկիր։ Սա նշանակում է, որ սահմանված եռօրյա ժամկետում Հայաստանի քաղաքացին պետք է հասցնի դիմել համապատասխան իրավապահ մարմիններին՝ ժամանակավոր կեցության թույլատրության 90-օրյա փաստաթուղթ ստանալու համար։ Ուկրաինայում Յուշչենկոյի ընտրվելուց անմիջապես հետո Ռուսաստանը, ի տարբերություն հայերի, ուկրաինացիներին հնարավորություն ընձեռեց անմիջապես օդանավակայանում ստանալ ժամանակավոր կեցության թույլատրության 90-օրյա փաստաթուղթը։ Թեեւ հայ-ռուսական հնարավոր համագործակցության եւ բարեկամության մասին շատ է խոսվում, սակայն հայերի համար շատ կարեւոր այդ հարցի մասին դարձյալ հստակ պատասխան չստացանք: «Ես չգիտեմ հայերի նկատմամբ այդ իմաստով ինչ պլաններ կլինեն, հարցն ամրագրեցի, անպայման կքննարկենք, բայց առայժմ ոչ մի բան նախատեսված չէ»,- հայտարարեց պրն Պրիխոդկոն։
ՌԴ Պետդումայի ԱՊՀ երկրների գործերի եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի տեղակալ Ահմադ Բիլալովը նույնպես կարեւորեց այդ խնդիրը եւ խոստացավ ուշադրություն դարձնել դրան։