Սեփական աչքերով

25/08/2007

«Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամները շատ քիչ ճշգրիտ տեղեկություններ ունեն Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող իրական վիճակի մասին: Միացյալ Թագավորության խորհրդարանում եւ, ընդհանրապես, Եվրախորհրդարանում Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ այսօր շատ ուժեղ քարոզչական արշավ է ընթանում»,- երեկ կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Միացյալ Թագավորության խորհրդարանի պատգամավոր Սթիֆն Փաունդը` ընդգծելով, որ այդ «քարոզչական արշավի շրջանակներում», օրինակ, ասվում է, թե հայերն այդ տարածքում ապրում են ընդամենը 100 տարի: ՀՅԴ Անգլիայի Հայ դատի հանձնախմբի նախաձեռնությամբ Հայաստանում գտնվող բրիտանացի խորհրդարանականը, սակայն, արդեն հասցրել է լինել Լեռնային Ղարաբաղում եւ անձամբ համոզվել, որ այդ ամենը հորինված է: «Ոչինչ չի կարող փոխարինել սեփական աչքերով տեսնելուն: Գանձասար եւ այլ վայրեր կատարած այցելություններն ապացուցում են, որ հայերն այս տարածքում ապրում են առնվազն 1000 տարի: Միգուցե սա ձեզ համար շատ բնական է թվում, այնուհանդերձ, արտասահմանում այս ամենն ապացուցելու անհրաժեշտություն կա: Այսօր ես արդեն զինված եմ փաստերով եւ կարող եմ ու պատրաստ եմ ապացուցելու»,- ընդգծել է Ս. Փաունդը: Բրիտանացի խորհրդարանականը, ով նաեւ իշխող Լեյբորիստական կուսակցության անդամ է, Արցախում բազմաթիվ հանդիպումներ է ունեցել, այդ թվում` ԼՂՀ ԱԺ նախագահի, արտգործնախարարի, բրիտանական կառավարության կողմից ֆինանսավորվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: «Արցախում հանդիպել եմ, ում հետ ցանկացել եմ, եւ գնացել եմ այնտեղ, որտեղ ցանկացել եմ: Այս այցն ինձ համար ոչ միայն շատ զգացմունքային էր, այլ ամենից կարեւորը` ուսուցողական»,- ասել է բրիտանացի խորհրդարանականը: Արցախում Ս. Փաունդը համոզվել է նաեւ, որ այն Հայաստանի մասն է: «Սա փաստ է: Ես չհանդիպեցի մի մարդու, ով նախկին իրավիճակին վերադառնալու ցանկություն ունենար»,- նկատել է նա: Ս. Փաունդը վստահեցրել է նաեւ, որ ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ Մեծ Բրիտանիայի դիրքորոշման վրա ուղղակիորեն չի ազդում Հյուսիսային Իռլանդիայի խնդիրը: Բրիտանացի գործիչը միաժամանակ խորհուրդ է տալիս Հյուսիսային Իռլանդիայի խնդրի կարգավորման տարբերակը որպես ԼՂ հակամարտության կարգավորման օրինակ օգտագործել: «Այս երկու խնդիրներն ունեն որոշ նմանություններ, սակայն չի կարելի ասել, որ ճիշտ նույն իրավիճակն է: Մի բան պարզ է, որ երկու դեպքում էլ երկխոսություն եւ ներգրավվածություն է անհրաժեշտ»,- ասել է նա` խոստանալով մյուս անգամ իր հետ Հայաստան բերել բրիտանացի այլ պատգամավորների եւս: «Եթե բարոնուհի Քերոլայն Քոքսը Հայաստան եւ Արցախ այցելել է 64 անգամ, ապա ես խոստանում եմ ամենաքիչը 64 բրիտանացի պատգամավոր Հայաստան բերել` գոնե առնվազն մեկ անգամ»,- խոստացել է Փաունդը: