Մեծ աղմուկ հանած բազմասակագնային էլեկտրական հաշվիչների մրցույթի պատմությունը վերջին օրերին դարձել է Հայաստանի տնտեսական եւ քաղաքական կյանքի ամենահետաքրքրական դրվագներից մեկը: Լրագրողների աչքերից եւ ականջներից հեռու պահվող այս տարօրինակ մրցույթի բոլոր տեսանելի եւ չերեւացող մանրամասները բազմիցս են ներկայացվել մամուլով, հեռուստատեսությամբ եւ ռադիոյով: Եվ վերջապես, հենց այսօր այս պատմությունը կարող է ստանալ իր հանգուցալուծումը: Որքան էլ հանձնաժողովը փորձեց գաղտնի պահել մրցույթի անցկացման օրը, այնուամենայնիվ, հայտնի դարձավ, որ մարտի 17-ին հանձնաժողովը նիստ է հրավիրել:
Ինչ կարող են ակնկալել այս մրցույթի արդյունքներից Հայաստանի 150.000 անապահով ընտանիքները, որոնց համար այս վարկով պետք է ձեռք բերվեն երկսակագնային հաշվիչները: Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Գլադունչիկը մի առիթով հայտարարել էր. «Երկդրույք սակագնի ռեժիմից օգտվող սպառողը, օրինակ, դեկտեմբեր ամսվա դրությամբ, նույն ծավալով էլեկտրաէներգիայի այլ օգտագործողի համեմատ պակաս է վճարել 3200 դրամ»: Սա մեկ ամսվա մեկ ընտանիքի խնայողության չափն է: Եթե այդ ցուցանիշը միջինացնենք տարվա կտրվածքով եւ հիշենք, որ վարկը տրամադրվել է դեռեւս 1999-ին, ապա, ըստ ամենայնի, բազմասակագնային հաշվիչ ունեցող բաժանորդը կարող էր ամսական պակաս վճարել մոտ 1500 դրամ, այսինքն՝ տարեկան մոտ 18-20.000 դրամ: Այսինքն, մեկ անապահով ընտանիքը 5 տարի զրկված լինելով նման խնայողությունից, կորցրել է առնվազն 100-120.000 դրամ, այսինքն, նույն բազմասակագնային հաշվիչի շուկայական արժեքից 2,5-3 անգամ ավելի գումար: Եթե վերոհիշյալ կորուստները հաշվառենք 150.000 ընտանիքի կտրվածքով, ապա ստացվում է, որ ընդհանուր առմամբ կորուստները կազմել են մոտ 30-40 մլն դոլար: Ասվածից կարելի է եզրակացնել, որ 5 տարի շարունակ մրցույթը չկազմակերպողները մեր երկրի բնակչությանը պատճառել են նշված ծավալի վնաս:
Բազմասակագնային հաշվիչների մրցույթը, այնուամենայնիվ, կազմակերպվեց եւ հաղթող ճանաչվեց հայկական «Էներգիա կոնցեռն» ընկերությունը, սակայն էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի գլխավորությամբ գործող կառավարական հանձնաժողովը, չգիտես ինչու, այդ որոշումը չեղյալ համարեց(համենայն դեպս, ոչ ոք այդ որոշումը այդպես էլ կոնկրետ չպարզաբանեց) եւ հանձնարարեց կազմակերպել նոր մրցույթ: Լրատվամիջոցներում շատ է խոսվել, որ այդ ամենն առանց «սուպերնախարար» Հովիկ Աբրահամյանի միջամտության տեղի չի ունեցել: Խոսվում է նաեւ, որ մրցութային հանձնաժողովի որոշ անդամների հետ ակտիվ աշխատանք է տարվում` նրանց չինացիների կողմը թեքելու նպատակով: Լինում են լուրջ շահագրգռող խոստումներ, սպառնալիքներ եւ այլն: Նշենք նաեւ, որ մարտի 17-ի նիստին հանձնաժողովի անդամ, ԱԺ պատգամավոր, ՕԵԿ խմբակցության անդամ Գագիկ Մխեյանին փոխարինելու է ԱԺ մեկ այլ պատգամավոր, սակայն արդեն` ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մելիքյանը: Մեկնաբանություններն ավելորդ են: Ըստ տարածված տեսակետի, հայկական ընկերությանը դուրս մղելով՝ փորձում են մրցույթի «հաղթող» դարձնել չինական «Սինոհիդրոն» ընկերությանը: ՀՀ էներգետիկայի նախարարը, որպես չինական ընկերության օգտին խոսող հանգամանք, մատնանշում է, թե վերջինս առաջարկել է մոտ 5,6 մլն դոլարով պակաս գին: Սակայն, ցավոք, պրն նախարարը «մոռանում է», որ իր այդ հայտարարությամբ խախտում է մրցույթի գաղտնիությունը եւ միաժամանակ բացահայտ լոբբինգ է անում չինական ընկերության օգտին: Մեր նախարարին ուզում ենք հիշեցնել այն ժողովրդի խոսքը, որի մասին իբր ինքը մտածում է. «Թանկից էժանը չկա»: Եվ նախարարը պետք է, որ լավ հիշի Հրազդանի ՊՇԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի տխուր ճակատագիրը, երբ ուրիշ վայ էներգետիկներ անցկացրին իրենց հաշվարկած «էժան»՝ մոտ 57մլն դոլար արժողությամբ վարկային ծրագիրը: Սակայն ընդամենը մի քանի տարի անց պարզ դարձավ, որ իրականում անհրաժեշտ է մոտ 3 անգամ ավելի գումար (հետաքրքիր զուգադիպություն` ներկայիս մրցույթի հետ), որը մինչ օրս փորձում են հայթայթել: Մեր չինովնիկները չսովորեցին նույնիսկ չկրկնել իրենց սխալները: Պետստանդարտի եւ բաշխիչ ցանցերի մասնագիտացված լաբորատորիաների եզրակացություններում նշվում են բազում կետեր, որոնց համաձայն` չինական հաշվիչների տեղադրումը մեր հանրապետությունում անթույլատրելի է: Համապատասխան փաստաթղթերից մեկում ասվում է, որ չինական հաշվիչը բազմաթիվ պարամետրերով չի համապատասխանում Հայաստանում բազմասակագնային հաշվիչներին ներկայացվող տեխնիկական պայմաններին, եւ նման հաշվիչները Հայաստան ներմուծելն արգելված է մեր երկրի օրենսդրությամբ: Ավելին, սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունները եւս դեմ են արտահայտվում չինական հաշվիչներին, համարելով, որ Հայաստան ներմուծվող չինական ապրանքանին պետք է պարզապես խոտան համարել: Այս է նաեւ պատճառը, որ հիշյալ անձինք, կարծես թե, չեն կարողանում հասնել իրենց նպատակին: Բանն այն է, որ եթե չինական հաշվիչները հայկականի համեմատ ավելի էժան են, ապա որակական առումով դրանք անհամեմատելի են: Իսկ ավելի պարզ ասած, չինացիները եւ նրանց հայաստանյան բարձրաստիճան հովանավորները պարզապես փորձում են հայ սպառողների վրա խոտան ապրանք «սաղացնել»: Օրենքով մրցույթին մասնակցող օտարերկրյա ընկերությունը, մրցույթի պայմանների համաձայն, պետք է ունենար ներկայացուցիչ: Մինչդեռ, ինչպես պարզվում է, չինական ընկերությունը չունի ներկայացուցիչ, սակայն ԾԻԳ-ը «տարօրինակ» կերպով աչք է փակում այդ փաստի վրա, հերթական անգամ խախտելով օրենքը: Եվ այս ամենի համար, կարծես թե, ոչ մեկին չեն փորձում պատասխանատվության ենթարկել:
Նույնիսկ այս ամենով անգամ, մեր համապատասխան չինովնիկները չեն հրաժարվում չինացիներին առաջ մղելու ծրագրերից: «Էներգիա կոնցեռնի» հաղթանակը չեղյալ համարելուց հետո, փետրվարի 14-ին կազմակերպվեց եւս մեկ «մրցույթ», սակայն մրցութային հանձնաժողովի նիստը հետաձգվեց մինչեւ մարտի 9-ը, իսկ այդ օրը կրկին որոշման ընդունումը հետաձգվեց, այս անգամ արդեն` անորոշ ժամկետով: Տպավորություն է ստեղծվում, որ հանձնաժողովը պարզապես փորձում է հարմար պահ գտնել եւ ԾԻԳ-ի կողմից որդեգրված խիստ գաղտնիության ոճով չինացիներին «հաղթող» դարձնել:
Հ. Գ. Նյութը պատրաստ էր հրապարակման, երբ հայտնի դարձավ, որ մարտի 16-ին նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդունել է «Գազպրոմ» ԲԲԸ վարչության նախագահի տեղակալ Ալեքսանդր Ռյազանովին եւ ՌԱՕ ԵԷՍ ընկերության վարչության նախագահի տեղակալ Անդրեյ Ռապոպորտին: Ռուսաստանյան աղբյուրներից հայտնի դարձավ, որ հանդիպման ընթացքում, այլ հարցերի հետ մեկտեղ, շոշափվել է նաեւ Հայաստանի էներգետիկայի բնագավառում անցկացվող մի շարք միջազգային մրցույթների շուրջ ստեղծված անառողջ մթնոլորտը: Խոսակցության ընթացքում ՀՀ նախագահն ակնարկել է, որ թեեւ Հայաստանի ղեկավարությունը երբեք չի փորձում անմիջականորեն միջամտել մրցույթների ընթացքին, սակայն միշտ հակված է առաջնությունը տալ տեղական արտադրողին: