Ֆլամենկո. վիրավոր ոգու պար

25/08/2007 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Ֆլամենկո ոճի պարը տեսնելով, անհնար է չսիրահարվել տաքարյուն, կրակոտ եւ միաժամանակ` զուսպ ու դրամատիզմով լի արվեստի այդ տեսակին: Այդ պարում ամեն ինչը կարեւոր է` կրունկների հարվածներից ծնված ռիթմը, թարթիչների շարժումը, գլխի պտույտը, հայացքն ու զգեստները:

Պարուհի Լորի Բաղդասարյանը ծնվել է Փարիզում, բայց երբ 15 տարեկան հասակում առաջին անգամ մեկնել է Իսպանիա եւ ծանոթացել ֆլամենկոյի հետ, հասկացել է, որ այլեւս առանց այդ պարի ապրել չի կարող: «Ֆլամենկոն ինձ համար կիրք դարձավ, ես Փարիզի Սորբոն համալսարանում սկսեցի էթնոգրաֆիա սովորել, ամենից շատ ինձ հետաքրքրում էր իսպանական գնչուների պատմությունը: Եվ, վերջիվերջո, որոշեցի ապրել իսպանացիների հետ` մասնագիտությունս ու սերս կապելով գնչուների երաժշտության ու պատմության հետ»,- պատմում է 26-ամյա Լորին` ներկայացնելով ֆլամենկոյի ծագումնաբանությունը. 15-րդ դարում գնչուները Հնդկաստանից քոչելով` եկել-հասել են Իսպանիայի Անդալուզիա շրջան` իրենց հետ բերելով ֆլամենկո երաժշտությունը:

Ֆլամենկոյի հիմքը ճիչն է, լացը, պաթոսի հասցրած ցավը: «Կիթառը լաց է լինում, գետերում հոսող ջուրը լաց է լինում, ձյունածածկ սարերի վրայով փչող քամին լաց է լինում: Մի խնդրեք, որ նրանք լռեն, թող լաց լինեն»,- սա մի հատված է ֆլամենկոյի բանաստեղծական հիմքից: Ֆլամենկոն կիթառի, պոեզիայի եւ պարի միասնություն է, որտեղ բոլոր տարրերը հավասար են եւ բխում են մեկը մյուսից: Ֆլամենկոն կատարում են միայն կենդանի, ձայնագրությունների տակ պարել չի կարելի, քանի որ խախտվում է պարի իմպրովիզացիոն հիմքը: Պարի գծերն անընդհատ փոխվում են` նոր քառատողի, նոր շարժման եւ նոր ակորդի փոփոխման հետ: Կրակոտ այդ պարը իսպանական ոգու խորհրդանիշն է: Ինչպես ասում են իսպանացիները` երգում ու պարում են ոչ թե մարդիկ, այլ մարդկանց «դուենդեն»` ոգին, մոգությունը, կրակը: Իսպանիայի գնչուները` ֆլամենկոսները, համոզված են, որ «դուենդեն» բոլորի մեջ կա, պարզապես այն ննջում է եւ արթնանում է կիթառի հնչյուններից: Իսպանացիները անհետաքրքիր մարդուն բնորոշելու համար ասում են` «դուենդե չկա», իսկ հայերն ասում են` «կրակ չկա»: Մեծ հաշվով, դա նույն բանն է:

«Իսպանացիները շատ խանդոտ են վերաբերվում ֆլամենկոյին, կարծում են, որ այլազգի մարդիկ ֆլամենկո չեն կարող սովորել: Ինձ համար սկզբում դժվար էր»,- պատմում է Լորին, ով հիմա ֆլամենկոյի պրոֆեսիոնալ կատարող է, պարում է իսպանական խմբերի հետ եւ ելույթներ ունենում Դոլորես անվան տակ: «Լորի անունս իսպանացիները Դոլորես դարձրեցին, քանի որ այդպես ավելի հեշտ էր նրանց համար»,- ասում է նա:

Ֆլամենկոն վիրավոր ոգու պար է, որն օգնում է ազատվել էմոցիաներից, թարմ ուժեր հավաքել եւ վստահորեն առաջ նայել: Ֆլամենկոն սովորեցնում է հպարտ կեցվածք ձեռք բերել, բարձր պահել գլուխն ու հայացքը չփախցնել ցավից: Ընդ որում, տղամարդիկ այդ պարը պարում են` իրենց զգացմունքներն արտահայտելով հիմնականում ազդրերի եւ ոտքերի միջոցով, իսկ կանայք` գլխի եւ ձեռքերի շարժումներով: Բնությունն է այդպես պարտադրում:

«Ֆլամենկոն մենապար է, մեկ մարդու զգացումները` արտահայտված պարի միջոցով: Հիմքում գնչուների կյանքն է, տառապանք, իրենց ճանփորդությունը: Գնչուների պատմությունը նման է հայերի պատմությանը: Գնչուներն իրենց հետ Անդալուզիա են բերել այն երկրների մշակույթը, որտեղով անցել է նրանց ճանապարհը, խառնել են հունական, հրեական, արաբական, աֆրիկյան մշակույթները: Տառապանքն ու ուրախությունը նրանք կարողացել են միացնել` ստեղծելով ֆլամենկոն: Ֆլամենկոն կորիդա է հիշեցնում, որտեղ հանդիպում են մարդն ու կենդանին, ուրախն ու տխուրը: Երաժշտությունը տխուր պահերն ուրախ է դարձնում, մարդուն օգնում է՝ ազատ զգալ իրեն: Ֆլամենկոն ինձ ազատ մարդ է դարձրել»,- պատմում է Լորին:

Իսպանացիների համար կիթառ նվագելն ամենաբնական ժամանցի ձեւն է, ինչպես, օրինակ, հայերի համար` սրճարաններում նստելն ու զրուցելը: Իսպանացիները զրուցում են ֆլամենկոյի միջոցով: Պարողի ձեռքերը մե՛րթ հովհարաձեւ լողում են օդում, մե՛րթ թրի նման «կտրում» օդը, մե՛րթ սեթեւեթ խաղում լայնափեշ զգեստի փեշերի հետ: Այդպես սկսվում է զրույցը` երաժշտության, ռիթմի, երգի եւ շարժման միջեւ: Ֆլամենկո կատարողներից հայացքը կտրել չի ստացվում, քանի որ պարողը գամում է հանդիսատեսի հայացքն ու պատմում թափառական ոգու ուղեւորության մասին:

Հիմա Լորին երազում է ֆլամենկոյի դպրոց բացել Հայաստանում: «Ես հաճախ չէի գալիս Հայաստան, քանի որ ցանկանում էի ֆլամենկոյի մեջ պրոֆեսիոնալ դառնալ, բայց հիմա իմ ուշքն ու միտքս այդ հիանալի պարի հետ հայերին ծանոթացնելն ու տարածելն է: Աշխարհի չորս կողմերում ֆլամենկո կա, իսկ Հայաստանում`չկա: Երեւանի «12» ակումբում պարելու ժամանակ ես տեսա, թե ինչ մեծ հետաքրքրություն կա ֆլամենկոյի հանդեպ: Անշուշտ, պետք է վերադառնամ ու փորձեմ այդ պարը տարածել: Հիմա ես կարող եմ դա անել, քանի որ հասկացել եմ ֆլամենկոյի գաղտնիքները: Ուրիշ երկրներ չեմ ուզում գնալ, փափագս կապում եմ միայն Հայաստանի հետ»,- ասում է Լորի Բաղդասարյանը, ում ծնողներն, արդեն մի քանի տարի է, Փարիզից Հայաստան են տեղափոխվել եւ Երեւանում գտնվող «Եվրոպա» հյուրանոցի սեփականատերերն են:

Լորիի համար մեծ ուրախություն էր Հայաստանում ֆլամենկո կատարող երաժիշտների հետ համագործակցելը: «Ես նույնիսկ չէի պատկերացնում, որ այդպիսի բարձրակարգ երաժիշտներ կան»,- ասում է նա:

Ֆլամենկո ոճի երաժշտություն կատարող «Լոս Լոկոս» կիթառահարների քառյակը միակն է Հայաստանում: Խմբի ղեկավար Հակոբ Ջաղացպանյանը հուսով է, որ ֆլամենկոյի երգիչներ ու պարողներ կհայտնվեն, եւ իրենք միասին կարող են հայ հանդիսատեսին վառ ներկայացումներ ցուցադրել:

Լորի Բաղդասարյանն առաջին անգամ ելույթ ունեցավ Հայաստանում այս տարվա ամռանը` «Լոս Լոկոսի» հետ: «Երկու տարի առաջ ես Հայաստան էի եկել, բայց չէի համարձակվում պարել բեմում, քանի որ կարծում էի, որ դեռ պատրաստ չեմ: Ուղղակի մի քանի անգամ փողոցում պարեցի»,- ասում է նա:

Անդալուզացի գնչուներն ասում են. «Երբ ուզում ենք լաց լինել` երգում ենք, իսկ երբ ուզում ենք ուրախանալ` պարում ենք: Ֆլամենկո կատարում ենք, երբ ուզում ենք հա՛մ լաց լինել, հա՛մ էլ ուրախանալ»:

Զարմանալի չէ, որ աշխարհում քիչ չեն այն մարդիկ, ովքեր երազում են իսպանացի դառնալ: Իսպանական ոգին ամենացայտուն կերպով արտահայտվել է կորիդայում ու ֆլամենկոյում` ներքին հասունություն ու տարերային զգացմունքներ պահանջող արվեստներում: Առանց ֆլամենկոյի չէին լինի Ֆեդերիկո Գարսիա Լորկան, Պաբլո Պիկասոն, եւ գուցե նաեւ` իսպանական ֆուտբոլը: