Երեկ ժամը 18:00-ին խմբագրություն ահազանգ եղավ, թե «Տրիումֆ» սրճարանում զինված իրար են բախվել երկու խմբեր:
Հնչել են նաեւ կրակոցներ, սակայն, բարեբախտաբար, զոհեր չեն եղել: Ականատեսների վկայությամբ` վիճաբանության կողմերից մեկը եղել է ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի մտերիմներից մեկը: Իսկ մյուս կողմի մասին, որն, ըստ ականատեսների, եղել է հրահրողը, մեզ ոչինչ պարզել չհաջողվեց: Ականատեսները միայն ասացին, որ եղել են գոլդ` 3 թվանիշերով պետհամարանիշի մեքենաներ: Մենք դեպքի վայր հասանք այն պահին, երբ մի քանի ոստիկաններ հավաքված մարդկանց` բազմաթիվ մեքենաներով, փորձում էին հեռացնել սրճարանի տարածքից: Ականատեսները վախից կարկամել էին, քանի որ վեճի մասնակիցներն ամենասկզբում սկսել են բարձրաձայն հայհոյել միմյանց, այնուհետեւ բանը հասել է բռունցքներին: Քիչ անց արդեն օդում կրակոցներ են հնչել: Ըստ հարակից սրճարանում գտնվող մարդկանց` իրենք կռիվը տեսել են այն պահին, երբ բախվող կողմերից մեկը մյուս կողմից մի քանիսին դաժանորեն ծեծում էր: Դրամատիկական թատրոնի մոտ գտնվող «Դիմակ» սրճարանի հաճախորդները սարսափած պատմում էին, որ ծեծկռտուքից հետո կողմերից մեկի ներկայացուցիչը հանել է «Կալաշնիկով» ավտոմատն ու սպառնալով օդ է կրակել: «Մի 3-4 հոգու նենց ծեծեցին, որ ուղղակի սատկացրին: Մի 150 կիլոյանոց հսկաներ էին ծեծողները: Ամեն խմբում մի 15-20 հոգի կլինեին: 15 հոգով մեկին սատկացնում էին»,- պատմում է սրճարանի հաճախորդներից մեկն` ասելով, որ հայհոյախառն բղավոցներից հնարավոր չի եղել հասկանալ, թե վիճաբանության պատճառն ինչ է եղել: Ի դեպ, «ռազբորկան» սկսվելու ժամանակ «Տրիումֆ» սրճարանում նստած մի մարդ տեղից վեր կենալով հայտարարել է, որ ինքը Ոստիկանության աշխատակից է, որից հետո կռվի մասնակիցները հարձակվել են նրա վրա եւ անխնա ծեծել: Ականատեսներից ոմանք կարողացել էին մտապահել վիճաբանության մասնակիցների մեքենաներից մեկի համարը` «Մերսեդես-ջիփ» եւ 99-888 պետհամարանիշով սեւ գույնի «Պրադո», որի վարորդն էլ եղել է օդ կրակողը: Ասում են` նա օդ է կրակել, որպեսզի բոլորը ցրվեն: Ժամը 18:00-ին սկսված «ռազբորկան» շարունակվել է մինչեւ ժամը 18:30-ը, որից հետո զինված խմբավորումները ցրվել են: Ի դեպ, այդ պահին ոստիկաններն արդեն այնտեղ են եղել: Ականատեսներից մեկի վկայությամբ` ծեծվողներից մեկն էլ եղել է «Տրիումֆ» սրճարանի անվտանգության աշխատակիցը: Ասացին նաեւ, որ դեպքի վայր են հասել նաեւ ՀՀ նախագահի Անվտանգության ծառայության աշխատակիցները: Մենք փորձեցինք նաեւ տեղեկատվություն ստանալ սրճարանի ղեկավարությունից: Մեզ ուղարկեցին սրճարանի տնօրեն Գագիկի մոտ, ով ասաց. «Բայց ի՞նչ ա եղել, որ, ոչ մի միջադեպ էլ չի եղել: Մեր սրճարանում ոչ մի վեճ չի եղել, սուտ ինֆորմացիա ա»: Ի դեպ, Ոստիկանության կայքի օպերատիվ ամփոփագիր էջում ոչ մի տեղեկատվություն չկա այս միջադեպի մասին: ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սայադ Շիրինյանը մեզ հետ զրույցում ասաց, թե ինքը միջադեպի մասին տեղյակ չէ: «Ես տեղյակ չեմ, վաղը զանգահարեք՝ կասեմ»,- ասաց նա: Ավելի ուշ Ս. Շիրինյանը զանգահարեց եւ ասաց բառացիորեն հետեւյալը. «Ես հենց նոր ճշտեցի, որ «Տրիումֆ» սրճարանում ոչ մի դեպք էլ չի եղել»: