Դիրքորոշումը փոխել է

24/08/2007

ԱՄՆ-ում գործող «Ընդդեմ վարկաբեկման միություն» հրեական կազմակերպությունը փոխել է իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության նկատմամբ եւ Առաջին աշխարհամարտի տարիներին տեղի ունեցած իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն:

«Ընդդեմ վարկաբեկման միության» տնօրեն Աբրահամ Ֆոքսմանը նախօրեին հանդես է եկել հայտարարությամբ, համաձայն որի՝ թուրքերի կողմից հայերի կոտորածները «հավասարազոր են ցեղասպանության»: Նա հայտնել է, թե խորհրդակցել է պատմաբանների եւ իր բարեկամ՝ Նոբելյան մրցանակի դափնեկիր, Հոլոքոստը վերապրած Էլի Վիզելի հետ, եւ համոզվել, որ հայերի հետ պատահածը ցեղասպանություն է: Այնուհանդերձ, Ֆոքսմանն ասել է, թե իր կազմակերպությունը չի պաշտպանելու ներկայումս Կոնգրեսում շրջանառվող՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծը, եւ հայտարարել է, թե այն «ապակառուցողական շեղում է եւ չի նպաստի թուրքերի եւ հայերի հաշտեցմանը»: Ինչպես նշում է «Ասոշիեյթեդ փրես» գործակալությունը, դիրքորոշման այս փոփոխությունից ընդամենն օրեր առաջ կազմակերպության Նոր Անգլիայի տարածաշրջանի կառույցի ղեկավար Էնդրյու Թարսին պաշտոնանկ էր արվել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար: Իսկ շուրջ մեկ շաբաթ առաջ ամերիկյան Մասաչուսեթս նահանգի Ուոթերթաուն քաղաքի խորհուրդը որոշում էր կայացրել խզել կապերը «Ընդդեմ վարկաբեկման միության» հետ՝ վերջինի կողմից Հայոց ցեղասպանությունը չճանաչելու պատճառով: Ֆոքսմանը չի հայտնել՝ արդյոք Թարսին վերականգնվելո՞ւ է իր նախկին պաշտոնում: Ամերիկայի թուրքական միությունների համագումարի նախագահ Նուրթեն Յուրալը հայտարարել է, թե հիասթափված է «Ընդդեմ վարկաբեկման միության» որոշումից: «Դա քաղաքական հարց չէ, դա պատմական հարց է, եւ այն պետք է թողնել պատմաբաններին,- ասել է Յուրալը՝ հավելելով,- ԱՄՆ-ը Թուրքիայի կարիքն ունի, իսկ Թուրքիան ԱՄՆ-ի կարիքն ունի՝ շատ-շատ առումներով: Դա իրոք վատ կլիներ երկու երկրների համար էլ»: «Ազատությունը» փոխանցում է նաեւ, որ Հարվարդի համալսարանի հայկական հետազոտությունների պրոֆեսոր Ջեյմս Ռասելը, սակայն, ընդգծել է, որ Հայոց ցեղասպանության ապացույցները անչափ շատ են, իսկ «ցեղասպանություն» բառը 1940 թվականին ստեղծել է մի իրավաբան, ով փորձում էր հայերի հետ պատահածը նկարագրող հասկացություն սահմանել: Մասաչուսեթսի նահանգային խորհրդարանի անդամ Ռեյչլ Գաբրիելյանն ասել է, թե «թեթեւացած, սրտապնդված եւ ուրախ» է «Ընդդեմ վարկաբեկման միության» վերջին որոշման կապակցությամբ: Ամերիկայի արեւելյան տարածաշրջանի Հայ դատի հանձնախմբի նախագահ Տիգրան Գալիկյանը, ողջունելով հանդերձ Ֆոքսմանի նոր դիրքորոշումը, միաժամանակ շեշտել է, որ այն բավականաչափ հեռուն չի գնում, եւ Ֆոքսմանին կոչ է արել պաշտպանել կոնգրեսական բանաձեւի նախագիծը: