Հայաստանցիների մի ստվար հատվածն այս ամառ գերադասել է իր հանգիստն անցկացնել Բուլղարիայի «Ոսկե ավազներ» կոչվող հանգստավայրում: Այս լողափը Սեւ ծովի երկայնքով ձգվում է մոտ 3կմ, եւ այս տարածքում կառուցված են միմիայն հյուրանոցային համալիրներ ու զվարճատեղեր:
Ի տարբերություն Հայաստանի, հողն այստեղ բացառապես պետության սեփականությունն է, եւ մասնավոր հատվածը լողափում բիզնես կազմակերպելու համար ամեն տարի պետությունից տարածք է վարձակալում եւ իր տարածք «ներխուժած» տուրիստներից տարածքի համար գումար գանձելու իրավունքներ չունի: Գումար կարող է վերցնել միայն տրամադրած ծառայությունների համար, եթե տուրիստը ցանկանում է օգտվել այդ ծառայություններից ընդհանրապես: Տարածքների վարձակալության գներն էլ պետությունն արդեն հարմարեցրել է Եվրամիության չափանիշներին, որից էլ ածանցվում են նաեւ ծառայությունների գները: Մի փոքրիկ կրպակի վարձակալման գինը հասնում է մոտ 7-9 հազար եվրոյի: Սպասարկման եւ ծառայությունների գներն այստեղ նախորդ տարվա համեմատ աճել են գրեթե 10 անգամ: «Ոսկե ավազներում» մեկ դեղձն արժե այնքան, որքան Հայաստանում մեկ կիլոգրամն է: Գնային այս նոր քաղաքականությունը Բուլղարիայի տուրիստական շուկայից այս ամառ դուրս է մղել անգլիացիներին, ովքեր չեն սիրում անտեղի «թեյավճար» վատնել: Էժան տուրիզմի փնտրտուքի ակնկալիքով երեք աստղանի հյուրանոցների մշտական հաճախորդներն են համարվում գերմանացիներն ու ռուսները: Իսկ ահա հայերը սիրում են իջեւանել հինգ աստղանի հյուրանոցներում, եւ այս լողափում հայերը նախապատվությունը տալիս են «Կեմպինսկի» կոչվող հյուրանոցին: Ինչպես Հայաստանում, այնպես էլ Բուլղարիայում հյուրանոցային բիզնեսը պատկանում է պետական էշելոնի պաշտոնյաներին: Օրինակ, «Կեմպինսկի» հյուրանոցը Բուլղարիայի Ֆինանսների նախարարի սեփականությունն է, ով, ի տարբերություն հայ նախարարների, ոչ միայն չի թաքցնում, որ հյուրանոցի սեփականատերն է, այլ նաեւ հասանելի է իր հյուրանոցի այցելուների համար: Բուլղարիայի տուրիստական շուկայում հայերը զբաղեցնում են երրորդ հորիզոնականը՝ զիջելով ռուսներին ու գերմանացիներին:
Անդրանիկի գանձերը
Վառնա քաղաքում մոտ 5 հազարանոց հայկական համայնք է ապրում: Քաղաքի կենտրոնում է գտնվում Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին: Բուլղարները հայերի մասին միայն լավ են խոսում: «Նրանք Բուլղարիան սիրում են այնպես, ինչպես մենք` բուլղարներս»,- ասում է տաքսու վարորդ Քրիստիանը, ով մասնագիտությամբ պատմաբան է, իսկ երկրորդ մասնագիտությամբ` ճարտարապետ: Սակայն հանգամանքների բերումով տաքսու վարորդ է աշխատում: Բուլղարների համար սպառնալիք են համարվում թուրքերն ու գնչուները, որոնք իրենց նույնպես թուրք են համարում: Բուլղարական պառլամենտում վերջիններս ունեն 30 ձայնի իրավունք, իսկ հայկական համայնքը ներկայացնում է մեկ պատգամավոր: Եվ, ընդհանրապես, Բուլղարիայի բնակչության 35-40 տոկոսը թուրքերն են: Հայերի բախտն այստեղ բերել է, նրանց սիրում են անգամ տեղացի թուրքերը: Առուծախի մասնագետ թուրք Սուլեյմանը հիացած է հայերի առատաձեռնությամբ եւ մեզ խոստովանում է, որ հայերին թուրքերից շատ է սիրում:
Վառնայում է գտնվում Զորավար Անդրանիկի տուն-թանգարանը, բուլղար ժողովուրդը նույնպես նրան ազգային հերոս է համարում: Երկար դեգերելուց ու հարցուփորձից հետո քաղաքի ծայրամաս համարվող Գալաթեա փողոցի վրա վերջապես գտնում ենք Անդրանիկի տուն-թանգարանը: Այս փողոցն ինչ-որ ժամանակ կոչվել է հենց Զորավար Անդրանիկի անունով: «Մոտ երկու տարի առաջ էլ երկու ադրբեջանցու եմ բերել այստեղ, սակայն չգիտեմ, թե ինչ էին փնտրում: Հայերն այստեղ հազվադեպ են գալիս»,- պատմում է Քրիստիանը: Ցավալի էր տեսնել մեծանուն զորավարի թանգարանը նման թշվառ վիճակում: Կողպված դարպասի վրա ինչ-որ ցուցանակ էր փակցված, որի վրա բուլղարերեն գրված էր, թե այս տանն ինչ-որ սերմեր են վաճառվում: Տուն-թանգարանից միայն կանգուն էր մնացել հուշատախտակը, որի հիմքն արդեն սկսել էր խարխլվել: Մեզ շրջապատում էին հետաքրքրասեր հարեւանները եւ պատմում, որ այս տանը դեռ բոլորովին վերջերս վարձակալներ էին բնակվում: «Նախկինում պետական ծրագրերով այս տարածքները պետք է հատկացվեին Անդրանիկի տուն-թանգարանին` զբոսայգի կառուցելու համար, սակայն ինչ-ինչ պատճառներով այստեղից հողհատկացումներ արեցին մասնավոր հատվածին: Անդրանիկի նոր հարեւանները դեռ հավատում են այն պատմությանը, որ Անդրանիկը մեծ գանձեր է ունեցել եւ իր ունեցվածքն ի պահ է տվել այս հողերին, ու յուրաքանչյուրն իր հողում անվերջ որոնում է այդ գանձերը»,- պատմում է հարեւաններից մեկը, ով մեզ զարմացրեց հայ ժողովրդի պատմության մասին իր ունեցած գիտելիքներով: Սուրբ Սարգիս եկեղեցու քահանա Տեր Սարգիսը Զորավար Անդրանիկի տուն-թանգարանի անմխիթար վիճակի վերաբերյալ իր բացատրությունն ուներ: «Անդրանիկի տան ժառանգորդը համարվում է նրա խորթ աղջիկը, ում հետ եկեղեցին չի կարողանում շփման եզրեր գտնել: Տունն այս պահին վաճառվում է մոտ 90 հազար եվրոյով, եւ նրա աղջկան առաջարկել ենք ավելի բարձր գնով մեզ վաճառել, սակայն նա հրաժարվել է: Հավանաբար նա մտածում է, որ եթե այդքան գումար ենք առաջարկել, ուրեմն կարող է է՛լ ավելի թանկ գնով վաճառել: Մենք այս հարցը պատրաստվում ենք վիճարկել դատական կարգով»,- ասում է Տեր Սարգիսը: Վառնահայերը հիմնականում գաղթել են 20-րդ դարի սկզբին Թուրքիայից եւ ոմանք երեւելի գործարարի համբավ են վայելում: Տնտեսական զարգացման տեսակետից Հայաստանից այնքան էլ չտարբերվող Բուլղարիան հրապուրել է նաեւ 20-րդ դարի վերջին Հայաստանից արտագաղթածներին: Սպիտակցի Արգամն ու երեւանցի Վահանը «Ոսկե ավազներ» լողափում ինքնատիպ՝ էկզոտիկ կենդանիների գազանանոց են բացել: Օձերի, կոկորդիլոսների, կրիաների ու սարդերի հետ լուսանկարվել ցանկացողները կարող են օգտվել հայկական ծառայությունից: 15 տարուց ավելի այս մարդիկ ապրում են Բուլղարիայում, իսկ քաղաքացիություն ստանալու խնդիրը Վահանը լուծել է կրկին ինքնատիպ` կեղծ ամուսնության ճաnապարհով: ԵՄ ընդունվելու ճանապարհին Բուլղարիան շատ խիստ է վերաբերվում փախստականներին եւ հավանաբար մինչեւ եկող տարի իր երկիրը կմաքրի ապօրինի փախստականներից: