Գրի մոգականությունը

24/08/2007 Էլլա ԶԱՔԱՐՅԱՆ

Մարսելի Պանիե կոչվող հին թաղամասերից մեկում բլրի վրա տեղադրված է հեռվից հազիվ նկատելի, սակայն անակնկալներով լի մի կառույց:

Այդ շինությանը մոտենալու համար պետք է անցնել բլրի զառիվեր փողոցներով, գողտրիկ անցումներով, փոքր հրապարակներով, որոնք իրենց ամբողջության մեջ ներկայացնում են կարծես նախապես մտածված, մի հմայիչ, գեղարվեստական անկանոնություն: Ճարտարապետն է Պիեռ Պյուժեն, որը հայտնի է նաեւ որպես քանդակագործ: Ահա այսպիսի միջավայրում է, որ XVII դարի վերջին սկսվեց «Vieille Charite» (գթության տուն, աղքատանոց, հիվանդանոց ու նույնիսկ արգելանոց) համալիրի կառուցապատումը, որն այդպես էլ մնաց մինչեւ 1798 թվի ֆրանսիական հեղափոխությունը, որից հետո այն սկսեց ծառայել հասարակության ընկերավարական աջակցության բուն նպատակներին:

1960-ական թվականներին «պատմական հուշարձանների» կազմակերպության եւ Մարսելի քաղաքային իշխանությունների հովանավորությամբ սկսեցին համալիրի, այդ թվում եւ ֆրանսիացի մեծ ճարտարապետի` Պյուժեի հղացքով կառուցված, տարածքի կենտրոնում տեղադրված բարոկկոյի էլիպսաձեւ, բացառիկ գմբեթով մատուռի վերականգնման լայնածավալ աշխատանքները:

Այսօր «գթության» վաղեմի տունը Մարսելի մշակութային կյանքի կարեւորագույն կենտրոններից է: Այստեղ գործում են մշտական ցուցահանդեսներ` նվիրված Միջերկրական ծովի շրջակայքի հնագիտությանը, Եգիպտոսի, Ամերիկայի հնդիկների արվեստներին, ինչպես նաեւ՝ Ֆրանսիայի ժամանակակից արվեստի ժամանակավոր ցուցադրություններին:

Ահա այսպիսի մի հետաքրքիր, իր անվանի փառքով նշանակալի, ներկայումս գործուն համալիրի հովանու ներքո Քլոդ Արմեն Մութաֆյանին` Հայաստանի եւ հայ մշակույթի անմնացորդ նվիրյալին, բավականաչափ լուրջ խոչընդոտներ հաղթահարելուց հետո հաջողվեց իրականացնել «Գրի մոգականությունը» բազմիմաստ խորագրով հերթական ցուցահանդեսը:

(Հայաստանի անկախությունից հետո նրա առաջին ցուցահանդեսը նվիրված էր Կիլիկիայի Հայկական Թագավորությանը. Սորբոնի մատուռ,1994թ. Փարիզ, երկրորդը` Հռոմ-Հայաստան, Վատիկան. Սիքստինյան սրահ,1999 թիվ):

Եվ ահա երրորդը, թերեւս ամենաշքեղ եւ ամենաընդգրկուն ցուցադրությունը Մարսելում, ուր զետեղված են հայ արվեստի տարբեր բնագավառներից նմուշներ, որոնք ամփոփում են V դարից մինչեւ XX դարի մշակութային կյանքը մի երկրի, որը քաղաքական քարտեզի վրա մեծ բան չէր. բայց հայտնի էր իր մշակույթով: Ցուցահանդեսը բովանդակում է այդ մշակույթի բոլոր բնագավառները. արձանագրություններ քարի վրա, կիրառական արվեստներն՝ իրենց բոլոր ժանրերով, գորգեր, ձեռագործներ, գրքարվեստ, տպագիր գրքեր, քարտեզագրություն, XX դարի մամուլ, հայ մեծ գրագետների` Միսակ Մեծարենցի, Դանիել Վարուժանի եւ այլոց խորապես հուզիչ ձեռագիր բանաստեղծությունները, այսինքն՝ այն ամենը, ինչ մարդու մտքի եւ հոգու արգասիքն է: Դիպուկ ընտրված խորագիրը` «Գրի մոգականությունը», ողջ ցուցահանդեսի ուղեցույցն է: Յուրաքանչյուր ցուցադրված իր կրում է ինքնահատուկ մակագրություն: Գրի ու նախեւառաջ Աստվածաշնչի թարգմանության շնորհիվ էր, որ հայերը վերջնականապես գիտակցեցին իրենց ինքնությունը որպես քրիստոնյա ժողովուրդ, անդառնալիորեն գրավելով իրենց տեղը համաքրիստոնեական մշակույթի անդաստանում: Ուրեմն եւ զարմանալի չէր, որ Մաշտոցի աշակերտ Կորյունը իր ուսուցչին ներկայացնում է որպես քրիստոնյա միսիոներ:

Այս գիտակցությամբ էլ իրականացված է ցուցադրության բեմականացումը տաղանդավոր արվեստագետ Էդուարդ Սարգսյանի կողմից: Առաջին իսկ քայլերից այցելուն կարծես հայտնվում է մի հնամենի հայկական վանքի խորհրդավոր մթնոլորտում, որտեղ ցուցադրված նմուշները վկայում են բուռն ստեղծագործական աշխատանքի մասին: Սա ստեղծագործական մի հնարք է, որին վստահում ես. դա օգնում է հիշողությանդ խորքերում վերակենդանացնել միջնադարյան վարպետների կերպարները: Այս է, որ պայմանավորում է ցուցադրության հաջողությունը, ստեղծում համապատասխան տրամադրություն:

Բեմադրիչին հաջողվել է տրված տարածության մեջ ստեղծել նոր, յուրահատուկ անսպասելի ծավալներ, ուր լուսավորության արտիստիկ օգտագործման շնորհիվ իրերը բացահայտվում են նորովի, օժտվում հետաքրքիր դիմագծերով:

Հայաստանը հարուստ է վիմագրական նյութերով. մարդիկ գրել են քարերի, եկեղեցիների պատերի, աշխարհիկ եւ եկեղեցական սպասքի, տարազի ու նրբահյուս կերպասների վրա` ամենուր թողնելով իրենց հետքը, երբեմն նույնիսկ՝ կարճառոտ պատմությունը: Գիրը խթանում է մեր երեւակայությունը, ծնունդ տալիս վաղուց ի վեր հեռացած, անէացած պատկերների ու իրադարձությունների, արթնացնում հիշատակներ, որոնք վերապրում ես նորից ու նորից. արդյոք հենց սրա մեջ չէ՞ գրի մոգականությունը` այն ուժը, որ մեզ տեղափոխում է բոլորովին այլ ժամանակային տարածք, հանդիպեցնում է ուրիշ սիմվոլիկ ներկայության հետ: Ցուցահանդեսի խորհրդավոր մթնոլորտն օգնում է հանդիպման կայացմանը: Այցելուն հայտնվում է նախահայկական գրերով քարե բեկորների առջեւ, որոնց մասին լսել էր կամ գիտեր, բայց չէր սպասում տեսնել այստեղ` իրենց բնօրրանից հեռու: Սա ցուցահանդեսի սկիզբն է. ուրարտական սեպագրեր, էլամերեն, արամեերեն, միջին պարսկական ու փեհլեւի արձանագրություններ:

Անհասկանալի գիրը որոգայթ է… Բայց ահա սրանց կողքին հայտնվում է ամենավաղ` V դարով թվագրվող հայերեն մի արձանագրություն` երկաթագիր, բայց փոքր-ինչ կլորավուն տառերով, որը շատ էլ բնորոշ չէ V դարի համար: Բայց VI դարում արդեն նման տառատեսակ հայտնվում է Երուսաղեմի Մուսրաբա կոչվող գերեզմանային մատուռի հատակի խճանկարի վերին եզրին:

Պետք է ասել, որ ցուցանմուշների ընտրությունը կատարված է բացառիկ իմացությամբ ու նպատակադրված: Քարի մշակման բնագավառում, ուր հայերը լիովին դրսեւորեցին իրենց բարձր մասնագիտական կարողությունները, ներկայացված են տարբեր տիպի առարկաներ` բեկորներ արձանագրություններով, խիստ տպավորիչ թեւավոր խաչ, որը դիտվում է որպես կլոր քանդակ ծխնելույզի քար անտրոպոմորֆ քանդակով, խաչքարեր, ալեբաստրե քանդակ Աստվածամոր ու մանկան պատկերներով` բոլորն էլ հետաքրքրական եւ քիչ հայտնի: Յուրահատուկ արժեք են ներկայացնում գրքարվեստի ցուցափեղկերը. ամենավաղ նմուշները VIII-IX դարերի պատառիկներն են եւ ապա, ամփոփելով միջնադարյան գրքի լավագույն նմուշները` իշխանուհի Ֆիմիի ձեռագիրը, զորավար Օշինի պատվիրած ձեռագրից մի թերթ, Ավագ ծաղկողի 1329թ. նկարազարդած, Թորոս Տարոնացու 1318 թվին ընդօրինակած ձեռագրերը, Լոնդոնի Սամֆոգ մասնավոր հավաքածուի 1160 թվականի արժեքավոր ձեռագիրը եւ այլ հետաքրքրական նմուշներ: Ցուցադրությունը ձգվում է մինչեւ XVII-XVIII դարերի քաղաքային մշակույթի շնչով կենդանացած, գեղատեսիլ թռչնագրերով ու կենդանագրերով զարդարուն ձեռագրեր, որոնք արդեն ավելի գեղագիտական արժեք են ներկայացնում, քան հոգեւոր: Այսպիսով, այս ցուցադրությունն իր խելամիտ, լուրջ ընտրության շնորհիվ բացառիկ հնարավորություն է ընձեռում հետեւելու գրքարվեստի զարգացման ընթացքին մինչեւ տպագրության հայտնագործումը: Բացի դրանից, տարբեր ոճական ուղղությունների հետեւող նմուշների առկայությունը մտահանգումների առիթ է տալիս. հավանաբար հայոց մանրանկարչության ոճական բազմազանությունը կապված է ոչ այնքան երկրի ֆեոդալական մասնատվածության ու կենտրոնական իշխանության բացակայության հետ, որքան արդյունք էր անհատական ստեղծագործական սկզբունքի ու արտիստների ընդգծված ինքնության: Մինչդեռ պատկերագրությունը բացառիկ դեպքերում է շեղվում ընդունված կանոններից: Հետաքրքրասեր այցելուն կարող է նաեւ որոշակի տպավորություն կազմել հայկական ձեռագրի, գրքի տեսակների մասին` բժշկական, պատմական, երաժշտագիտական, արարողական գրքեր եւ այլն: Բայց սա դեռ ամենը չէ: Տեղեկացված այցելուին անակնկալ է սպասվում: Ցուցահանդեսի կազմակերպիչ Քլոդ Արմեն Մութաֆյանի ջանքերով վերագտնված է ու ցուցադրության մեջ իր պատվավոր տեղն է գրավում 1198 կամ 1199 թվին ընդօրինակված Լիմբերգի Ավետարանը: Այն ցուցադրվել է 1996 թվին Նյու Յորքի բյուզանդագիտական գիտաժողովի ժամանակ եւ ապա նորից անհետացել: Պարզվում է, որ այս ձեռագիրը պահվել է կաթոլիկության կենտրոններից մեկում` Լեհաստանի Գնեզնո քաղաքում: Համաձայն հիշատակարանի` Ավետարանը գրված ու նկարազարդված է Գրիգոր Սկեւռացու կողմից: Առաջին պատվիրատուն, որին պատկանել է ձեռագիրը, եղել է ոմն վանական Ստեփանոսը: Այժմ այս թանկարժեք ձեռագիրը գտնվում է Պելպլին քաղաքում եւ համարվում է այդ երկրի հայերի համայնքի ազգային մշակութային ժառանգության կարեւորագույն նմուշներից մեկը:

Հայկական կիրառական արվեստների յուրահատուկ մաս են կազմում գրքերի կաշվե եւ մետաղյա կազմերը: Ցուցադրության մեջ, մեծարժեք ձեռագրերի հետ միասին, ներկայացվում են շքեղ, վարպետորեն դրվագված արծաթյա կամ մետաղյա, ինչպես նաեւ՝ նրբաճաշակ կաշվե կազմեր: Սակայն իրականում այս կազմերի դերը եւ նրանց տեղը կիրառական արվեստների շարքում երկիմաստ է: Տեխնիկական տեսանկյունից դիտված` դրանք իրոք կիրառական արվեստի մի ճյուղ են, իմաստաբանական առումով կազմի վրա հաճախ հանդիպող տեսարաններով լրացնում են հայկական իկոնոգրաֆիայի պատկերացանկը ու նաեւ խաղում են պահպանակի դեր՝ գիրքը ժամանակի ավերածություններից զերծ պահելու համար: Պատահական չէ, որ խաչը, որ երբեմն գրքի ներքին էջերի վրա էր, նույն պատկերով հայտնվում է կազմին` որպես պահապան-խորհրդանիշ: Այս ցուցահանդեսը շահեկանորեն տարբերվում է համաժամանակյա այլ ցուցահանդեսներից նաեւ «մանր արվեստների» բազմաթիվ ու բազմազան նմուշների առկայությամբ: Ընդունված է կարծել, որ շքեղ ու պերճափայլ իրերը հատուկ են պետականության հովանու տակ ապրող ու ստեղծագործող ժողովուրդներին: Հայոց մշակույթի օրինակով կարելի է դատել, որ միշտ չէ, որ այդպես է. կարեւորն, ըստ երեւույթին, ստեղծագործական եռանդի առկայությունն է: «Գրի մոգականությունը» ցուցահանդեսում ներկայացված են եկեղեցական, բայց նաեւ աշխարհիկ ու երբեմն իշխանական պատկանելության գործեր տարբեր ժամանակաշրջաններից: Դժբախտաբար, պատերազմների ավերածությունների թոհ ու բոհի մեջ անհետացել են շատ ու շատ իրեր: Կիրառական արվեստներից մեզ հասած ամենավաղ իրերը բրոնզե բուրվառներ են, որ թվագրվում են VII դարով: Ինչ վերաբերում է այս ցուցահանդեսում ներկայացված նմուշներին, իրապես կարելի է հիանալ տարբեր ժանրերով, զանազան տեխնիկաներով կատարված հրաշագեղ առարկաներով, ինչպես, օրինակ, նրբագեղ քշոցներով ու խաչերով, դրվագված արծաթյա ոսկեհուռ կազմերով, արծաթյա ու էմալապատ լամպերով եւ վերջապես Քյոթհյայի ճենապակե իրերով: Չմոռանանք նշել կիրառական արվեստների շարքում մեր ցուցադրության ամենաարժեքավոր ու դրանով իսկ մեր իմացության սահմաններն ընդարձակող գտածոն, այն է` «Գուհար» տիպի մի գորգ, որն ունի ընդարձակ մի մակագրություն, ուր ասված է. «Ես Գուհարս մեղոք լի հոգովս տկար ես նոյհս ձեռամբ իմով գործեցի ով կարդա մեկ բերան ողորմի ասի, թվ. ՌՃԽ (Ր)»:

Այս մակագրությունը խիստ կարեւոր է ոչ միայն իր թվագրությամբ (1699 կամ 1700 թիվ), այլ նաեւ գործողի անվան հիշատակումով, քանի որ հաստատում է «Գուհար» տիպի գորգերի ծագումը: Թերեւս սա առաջին գորգն է, որ կրում է հենց իր ստեղծողի անունը, որը երկար ժամանակ անհայտ էր եւ միայն 1977 թվին է, որ երեւացել է Լոնդոնի մի աճուրդում, գնվել ու տեղափոխվել է ԱՄՆ:

Ցուցադրությունն իր մշակութային ընդգրկմամբ թերեւս ամբողջական չէր լինի, եթե Քլոդ Արմեն Մութաֆյանի մասնագիտական, հմուտ գիտելիքների շնորհիվ չընդգրկվեին Ղ.Վանանդեցու քարտեզը, տպագիր բարձրաճաշակ գրքերը (հմտությամբ ու խորը գիտելիքներով բացահայտված Մելինե Փահլեւանյանի կողմից) բառարաններն ու հայոց գրերի հայտնվելը եվրոպական հրատարակությունների մեջ` որպես հայ ժողովրդի ներկայության ու մշակույթի շարունակականության գրավական: Ինչպես նաեւ մեր ասելիքը չէր լինի լիակատար, եթե մասնավորապես չնշվեր «Հայաստան, գրի մոգականությունը» կատալոգի փայլուն, գիտական լուրջ մակարդակով իրականացված հրատարակությունը, մի հրատարակություն, որը միաժամանակ արվեստի գիրք է արվեստասեր հասարակության համար եւ ուսումնասիրության ու աշխատանքի գործիք մասնագետների համար: