Կինոն ունակ է ճամփորդելու

24/08/2007 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Ֆրանսիական կինոարտադրությունն աշխարհի ամենադիմացկուն ու ճկուն համակարգն ունի: Կինոն ծնվել է Ֆրանսիայում, եւ 20-րդ դարի սկզբին, երբ կինոյի մասին լուրերը դեռ չէին հասել ամերիկյան մայրցամաքներ, Ֆրանսիան արտադրում էր համաշխարհային կինեմատոգրաֆի 90 տոկոսը: Երբ ֆրանսիական կինոն ամերիկյանի ճնշման տակ սկսեց զիջել իր դիրքերը, ֆրանսիական պետությունը շատ արագ արձագանքեց դրան` խնդիրը լուծելով տնտեսական ճանապարհով: Կինոյի աջակցության ֆրանսիական մոդելի մասին մենք սկսեցինք մեր զրույցը Կաննի կինոփառատոնի ֆիլմերի ընտրության պատասխանատու, Եվրոպայի եւ ԱՊՀ երկրների արտադրության ֆիլմերի տարածմամբ զբաղվող «Յունիֆրանս» ընկերության փոխնախագահ Ժոել Շապրոնի հետ:

– Ֆրանսիայում յուրաքանչյուր վաճառված տոմսից հատուկ հարկ է գանձվում, որն իրականում շատ մեծ է` 10-11%: Նշանակություն չունի` թե ո՞ր երկրի արտադրության ֆիլմ է ցուցադրվում. պարտադիր բոլոր կինոթատրոնները, ձայներիզների խանութները վճարում են այդ հարկը: Եվ այդ գումարն ամբողջությամբ ծախսվում է ֆրանսիական ֆիլմերի նկարահանման վրա: Ստացվում է այնպես, որ ամերիկյան եւ արտասահմանյան ֆիլմերն օգնում են մեր ազգային կինոյին: Ամերիկացիները սկզբում բողոքում էին այդ համակարգի դեմ, բայց ոչինչ անել չկարողացան, քանի որ այդպիսին են մեր օրենքները: Այդ օրենքը վաղուց գոյություն ունի, ինչի շնորհիվ պետությունը կարողանում է աջակցել կինոյին, բայց ոչ մի լումա չի ծախսում: Այդպիսով` ամերիկյան կինոն` դուրս գալով մեր էկրաններ, «աշխատում» է ֆրանսիականի օգտին: Մեր կինոինդուստրիան իրեն շատ լավ է զգում, մենք տարեկան 200 ֆիլմ ենք արտադրում, ընդ որում` առանձնակի ուշադրություն է դարձնում դեբյուտային ֆիլմերին:

– Իսկ ինչո՞վ եք բացատրում կորեական, չինական կինոյի հաջողությունները համաշխարհային շուկայում:

– Չինացիները գումար ներդրեցին` փառատոներում հայտնվելու համար, եւ միանգամից մի քանի լավ կոմերցիոն ֆիլմեր նկարահանեցին:

– Նման ճանապարհով կարո՞ղ է զարգանալ հայկական կինոն:

– Հատուկ փառատոների համար նկարահանված ֆիլմերը չեն նպաստում կինեմատոգրաֆի զարգացմանը, եթե ֆիլմերը հետաքրքրություն չեն առաջացնում երկրի ներսում: Որքան էլ խոսենք արեւելյան կինոյի հաջողությունների մասին, ես վստահ եմ, որ ֆրանսիական գյուղերում, միեւնույն է, սիրում են դիտել ֆրանսիական ֆիլմեր, որովհետեւ հանդիսատեսին հետաքրքրում է ներքին կյանքը։ Յուրաքանչյուր երկրորդ հանդիսատեսն ազգային ֆիլմեր է դիտում, դա շատ լավ ցուցանիշ է: Մեր երկրում ազգային կինոն շուկայի 40%-ն է կազմում (դա Եվրոպայում ամենաբարձր չափանիշն է), ամերիկյան կինոն կազմում է 45%-ը: Դա նշանակում է, որ բոլոր այլ երկրների արտադրության ֆիլմերն ընդամենը 5% են կազմում։ Այդ պատճառով էլ` այլ ազգերի կինոմատոգրաֆները կոմերցիոն առումով «ուժեղ» չեն եւ չեն կարող մրցունակ լինել ֆրանսիական շուկայում։ Կարծում եմ` ամեն մի ֆիլմ առաջին հերթին պետք է սեփական երկրում ցուցադրել, քանի որ կինոն ազգային մշակույթի մասնիկն է, եւ սեփական երկրի հանդիսատեսը պետք է իր ազգային արտադրանքը տեսնի։ Մեր աշխատանքում մենք հաճախ հիմնվում ենք ներքին շուկայի տվյալների վրա՝ հասկանալու համար ֆիլմի հետագա ճակատագիրը։ Հայկական ժամանակակից կինոն արտասահմանում հայտնի չէ, կարծում եմ, ձեր երկրի ներսում էլ այն քիչ է ցուցադրվում: Բայց համոզված ենք, որ յուրաքանչյուր գլուխգործոց, որը սեփական երկրում հաջողության է հասել, անպայման կընդունվի այլ երկրների հանդիսատեսի կողմից։ Կինոն, ի տարբերություն, ասենք, թատրոնի, ճամփորդում է ողջ աշխարհով` կարողանալով հասնել մեր մոլորակի ամենախորը վայրերը։ Եվ շատ լավ է, որ կինոն ճամփորդում է։

– Կարելի՞ է ասել, որ գոյություն ունեն խոշոր կինոստուդիաներից իսկապես անկախ հեղինակներ, որոնք շատ մեծ հաջողության են հասնում։

– Իհարկե, լիակատար անկախ հեղինակներ կան, որոնք կարող են նույն հաջողությամբ նկարահանվել եւ՛ կոմերցիոն, եւ՛ «արտ հաուսային» ֆիլմերում։ Յուրաքանչյուր հեղինակ միայն ինքն իրեն է պատկանում եւ կարող է իր անձի հետ անել, ինչ կամենա։ Եվրոպական կինոն ընդհանրապես հենց այդ սկզբունքով է տարբերվում ամերիկյան կինոյից, որը սովոր է կենտրոնացնել ուժերը։

– Հասկանալի է, որ կինոարտադրությունը հանկարծակի չի հայտնվի: Ձեր կարծիքով` ինչպիսի՞ն պետք է լինեն Հայաստանի առաջին քայլերը, որոնք կօգնեն կինոյի կայանալուն։

– Բերեմ Ռումինիայի օրինակը, որը, կարծում եմ, կարող է Հայաստանի համար շատ օգտակար լինել։ Այն, ինչն այսօր կատարվում է ռումինական կինոյում, բոլորի համար անսպասելի էր։ Նույնիսկ ամենահամարձակները ենթադրել անգամ չէին կարող, որ հենց այս երկրում կհայտնվեն մարդիկ, որոնք կկարողանան իսկապես շատ լավ կինո ստեղծել։ Եվ դա ոչ թե մեկ կամ երկու ֆիլմեր են, այլ միանգամից հինգ-վեց հիանալի ֆիլմեր են։ Հիմա շատ փորձագետներ փորձում են ռումինական կինոֆենոմենի բացատրություն գտնել։ Ես կարծում եմ, որ կինոն ծաղկեց միայն այն պատճառով, որ Ռումինիայում ահռելի քանակի արտասահմանյան արտադրանք է նկարահանվում։ Այդ երկրում նկարահանելն ավելի էժան է, եւ ռումինացիներն անընդհատ աշխատում են նկարահանման հրապարակում: Ազգային կինոն չեն նկարահանում, բայց ընդգրկված են կինոպրոցեսի մեջ։ Այս տարվա Կաննի փառատոնում «Ոսկե արմավենի» ստացած կինոռեժիսոր Քրիստիան Մոնդյուն մինչ իր սեփական ֆիլմը ստեղծելը, տասնյակ ամերիկյան ֆիլմերի նկարահանմանն է մասնակցել, եղել է ամերիկացիների եւ ֆրանսիացիների ասիստենտը։ Նա դիտում էր, սովորում էր, ուսումնասիրում էր… Եվ դա միայն ռեժիսորների աշխատանքի հետ չէր կապված, քանի որ սովորում էին բոլորը՝ նկարիչները, հնչյունային ռեժիսորները, օպերատորները, կինո ստեղծող անխտիր բոլոր մասնագետները։ Կարծում եմ, Հայաստանը կարող է առաջ շարժվել ռումինական վերելքի մոդելով։ Գիտեմ, որ ձեր երկրում շատ քիչ ֆիլմ է նկարահանվում, բայց նույնը տեղի է ունենում նաեւ Ռումինիայում, որտեղ ազգային ֆիլմերը քիչ են, փոխարենը՝ կինոարտադրությունն է շատ զարգացած։ Ռումինիա են գալիս գերմանացիները, ամերիկացիները, սերիալներ, հեռուստաֆիլմեր են նկարահանում, կոմերցիայի տեսանկյունից դա նրանց համար ձեռնտու է։ Կինոն եւ ճարտարապետությունն ամենածախսատար արվեստներն են: Չէ՞ որ մեկ շենք կառուցելն ավելի թանկ արժե, քան, ասենք, գիրք գրելը: Կինոն նույնպես առանց կոմերցիայի գոյություն ունենալ չի կարող:

– Փաստորեն, հետխորհրդային երկրները կորսվածը վերականգնելու համար որոշ ժամանակ պետք է էժան աշխատուժի եւ կինոնյութի երկիր դառնան։

– Դա զարգանալու լավ ճանապարհ է։ Հիմա այդ ճանապարհով ուզում է առաջ շարժվել Ուկրաինան։ Սակայն նախկին խորհրդային երկրները բավականին լուրջ խնդիրներ ունեն, կինոն ընդհանրապես շատ սերտ կապված է տնտեսության եւ քաղաքականության հետ։ Պետք է չմոռանալ, որ միշտ էլ դժվար է աշխատել այն երկրում, որտեղ վիզային ռեժիմ գոյություն ունի։ Վիզան քաղաքականության հարց է, որը հաճախ խանգարում է։ Դուք ինքներդ էլ գիտեք, որ կինո ստեղծող մարդիկ անընդհատ տեղաշարժվում ու ճամփորդում են, իսկ բյուրոկրատական մեխանիզմները դանդաղեցնում են կինոպրոցեսը։ Կինոարտադրողները չեն ցանկանում սուզվել բյուրոկրատական հարցերի մեջ։ Կա նաեւ մեկ այլ խնդիր. հիմա Բուխարեստից, Պրահայից կամ Վարշավայից օրական քսան-երեսուն ավիաչվերթ է կատարվում դեպի յուրաքանչյուր եվրոպական մայրաքաղաք։ Իսկ Երեւանից, Թբիլիսիից եւ Կիեւից կատարվող ավիաչվերթերն անհամեմատ ավելի քիչ են։ Իսկ դա խանգարող հանգամանք է։

– Ստացվում է, որ կինոն ավելի շատ քաղաքականություն է։

– Ոչ միայն: Կինոն քաղաքականություն է դառնում այն ժամանակ, երբ սկսում է միջամտել պետությունը։ Պետությունը պատմական որեւէ հատվածում պետք է հասկանա, որ կինոն օգնելու է երկրի իմիջը ցուցադրել արտասահմանում։ Ֆրանսիան հայտնի է դարձել աշխարհին իր կինոյի շնորհիվ, քանի որ ֆրանսիական ֆիլմերը, Ֆրանսիայի կադրերը ցուցադրվում են տարբեր երկրներում՝ ծանոթացնելով բոլորին մեր մարդկանց, մեր գյուղերի, մեր քաղաքների, մեր լողափերի հետ։ Կինոն Ֆրանսիայի իմիջն է ստեղծում, եւ այդ իմիջի շնորհիվ մենք մեծ քանակի տուրիստներ ենք «ստանում»։ Մեր երկիր գալով, տուրիստները շատ լավ պատկերացնում են՝ ո՞ւր են գալիս, քանի որ ֆրանսիական ֆիլմեր են դիտել։

– «Ամելի» ֆիլմի նկարահանման վայրերը նույնիսկ առանձին տուրիստական ուղեւորություն են դարձել։

– Երբ երկիրն իր իմիջն ունի, անպայման սկսում է զարգանալ կինոն։ Եվ հակառակը` կինոն օգնում է երկրի իմիջը ստեղծելուն։

– Մեզ թերեւս ժամանակ է հարկավոր՝ դա ընդունելու համար։

– Երբեմն իսկապես պետք է տասնյակ տարիների աշխատանք անել՝ կինոն զարգացնելու համար։ Սակայն այդ ժամանակահատվածը հնարավոր է զգալի կրճատել։ Եթե երկրում իմաստուն քաղաքական գործիչ՝ նախագահ կամ վարչապետ հայտնվի, նա անպայման կաջակցի ու կնպաստի կինոյին։ Ես ուզում եմ եւս մեկ օրինակ բերել, այս անգամ՝ Բուլղարիայի օրինակը։ Այդ երկրում կինո գրեթե գոյություն չունի՝ չնայած, որ Բուլղարիան Եվրամիության անդամ է, եւ նրա տնտեսությունը Ռումինիայի տնտեսության մակարդակի է։ Սակայն առայժմ բուլղարացի քաղաքական գործիչների մտքով չի անցնում, որ կինոն կարելի է օգտագործել Բուլղարիայի իմիջն աշխարհով մեկ տարածելու համար։ Կինոն եւ հեռուստատեսությունը երկրի դեմքն են, քանի որ կադրերը ճամփորդելու կարողություն ունեն։ Մի անտեսեք այդ ճամփորդության դերը։