Օգոստոսի 18-ի երեկոյան, երբ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում ընթանում էր Համահայկական 4-րդ խաղերի բացման արարողությունը, միջադեպեր են գրանցվել «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության ներկայացուցիչների, «Ժառանգություն» կուսակցության անդամների, նրանց համախոհների ու
իրավապահ մարմինների ներկայացուցիչների միջեւ:
Ազատ, անկախ, ինքնիշխան, իրավական ու ժողովրդավարական մեր երկրում, որտեղ ասում են, թե միջազգային չափանիշներին համապատասխանող ընտրություններ են լինում, վերը նշված միջադեպերի պատճառ է հանդիսացել… թռուցիկներ բաժանելը: Ինչպես հիշում եք, մի քանի տարի առաջ ընդդիմադիր ուժերի որոշ ներկայացուցիչներ դատապարտվեցին թռուցիկներ բաժանելու համար: Բայց, դե, այն ժամանակների համեմատ Հայաստանի ժողովրդավարության մակարդակը թունդ բարձրացել է ու գրեթե հասել է վագրային ոստյունների շնորհիվ առաջ ընկած տնտեսության հետեւից: Ասվածն ապացուցելու համար բավական է հիշեցնել, որ ընդամենը մի քանի ամիս առաջ Հայաստանում տեղի ունեցան Ազգային ժողովի գրեթե ազատ, մասամբ արդար եւ նույնիսկ հարսի քողի պես թափանցիկ ընտրություններ: Այնպես որ, նման փառահեղ առաջընթացից հետո շատ անսպասելի էր, որ թռուցիկ բաժանելու հարցում ժողովրդավարության վիճակը մեր երկրում դեռեւս գտնվում է 2003թ.-ի մակարդակում: Սակայն իրականությունը երբեմն շատ դաժան է, եւ ստիպված ենք խոստովանել, որ թռուցիկների հարցով ժողովրդավարության մակարդակը մեր երկրում դեռեւս չի համապատասխանում եվրոպական չափանիշներին: Բանն այն է, որ Հանրապետական մարզադաշտում Համահայկական 4-րդ խաղերի բացման ժամանակ «Այլընտրանքի» եւ «Ժառանգության» անդամներն ու համախոհները մարզադաշտից դուրս բաժանել են թռուցիկներ ի պաշտպանություն քաղբանտարկյալներ՝ ՀՀ նախկին արտգործնախարար, «Անհնազանդություն» շարժման նախաձեռնող Ալեքսանդր Արզումանյանի, «Ժամանակ Երեւան» թերթի խմբագիր Արման Բաբաջանյանի, «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության համակարգող Ժիրայր Սէֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի՝ նրանց ազատ արձակելու կոչերով: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը «Ազատություն» ռ/կ-ին փոխանցել է, որ իրավապահներն անընդհատ փորձել են իր եւ «Փաստաբաններ՝ մարդու իրավունքների համար» հասարակական կազմակերպության խորհրդի անդամ Սեդա Մելիքյանի պայուսակները ստուգել, անձը հաստատող փաստաթղթեր են պահանջել, թույլ չեն տվել հետեւել հանդիսությանը, շրջափակել են եւ շատ կոպիտ են վարվել իրենց հետ՝ ի վերջո, տանելով իր ձեռքի տոպրակը: Միջադեպից հետո Փոստանջյանը Կենտրոնի Ոստիկանություն հայտարարություն է ներկայացրել՝ պահանջելով պատժել իրենց նկատմամբ բռնություն գործադրած իրավապահներին եւ վերադարձնել տոպրակը, որում, ըստ նրա, եղել են ոչ միայն թռուցիկների տրցակ, այլեւ շատ կարեւոր փաստաթղթեր, որոնք վերաբերում են իր նախկին պաշտպանյալների, այդ թվում՝ զինվորականների, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի գործերին:
Այդ օրն իրավապահները քաշքշել են նաեւ «Այլընտրանքի» համախոհ Վարդգես Գասպարյանին: Վերջինիս այնուհետեւ բերման են ենթարկել Կենտրոնի Ոստիկանություն: Ըստ Ոստիկանության, Հանրապետական մարզադաշտի դեպքերի հետ կապված արձանագրվել է միայն Զ. Փոստանջյանի դիմումը: Հանգամանքները պարզվում են, կատարվում է հետաքննություն: Իսկ «Այլընտրանքի» համախոհների հետ կապված միջադեպի մասին պաշտոնական ամփոփագրում արձանագրություններ չկան: Սակայն «Այլընտրանքի» ներկայացուցիչ, «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը հաստատում է, որ Վարդգես Գասպարյանը եւ նախաձեռնության եւս երկու անդամներ բերման են ենթարկվել Ոստիկանության Մարաշի բաժանմունք, որտեղ, մասնավորապես, հաշվել եւ առգրավել են նրանց մոտ առկա թռուցիկները: Ն. Փաշինյանի բաժանմունք գալուց հետո երեքին էլ բաց են թողել: Սակայն կոնկրետ ինչի՞ համար են նշված անձինք բերման ենթարկվել, ո՞րն է եղել նրանց գործած հակաօրինական քայլը, հայտնի չէ: Նիկոլ Փաշինյանն էլ չգիտի, թե բերման ենթարկվածներին կոնկրետ ինչում են մեղադրել: Նա երեկ մեզ փոխանցեց, որ անգամ Ոստիկանությունում տեղյակ չեն եղել, թե այդ մարդիկ ինչո՞ւ են բերման ենթարկվել: Պարզապես ասվել է, որ բերման ենթարկողներն իրենց բաժնից չեն եղել: Միջադեպերի կապակցությամբ երեկ հայտարարություն է տարածել վերոնշյալ քաղբանտարկյալների պաշտպանության նախաձեռնող խումբը՝ «Չորսի» պաշտպանության խումբը: Հայտարարությունում մասնավորապես նշված է, որ «ՀՀ Ոստիկանությունը խոչընդոտում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների՝ տեղեկատվությունն ազատորեն տարածելու սահմանադրական իրավունքի իրականացմանը»: Ըստ հայտարարության հեղինակների, օգոստոսի 18-ին, երբ ակտիվ քաղաքացիների մի խումբ տարածել է վերոնշյալ քաղբանտարկյալների նկարներով եւ նրանց անհապաղ ազատ արձակելու պահանջով թռուցիկներ, ոստիկանները, այդ թվում՝ բարձրաստիճան, շրջափակել են թռուցիկ տարածողներին եւ բռնության կիրառմամբ նրանցից խլել են թռուցիկները: «Չբավարարվելով դրանով՝ թռուցիկ տարածողների մի մասին ապօրինի բերման են ենթարկել Ոստիկանության բաժանմունք, իսկ մյուս մասին՝ բռնի ուժով մի քանի ժամ անօրինական պահել են մարզադաշտում»,- նշել են հայտարարության հեղինակները: Նրանք դատապարտել են իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից քաղաքացիների սահմանադրական իրավունքների բռնի ոտնահարման գործողությունը եւ պահանջում են խստագույն պատասխանատվության ենթարկել պաշտոնատար դիրքը չարաշահած իրավապահներին: