2007թ. հունվար-հուլիս ամիսներին Հայաստանի տնտեսությունն աճել է 12,1 տոկոսով: ՀՀ Վիճակագրական ծառայության նախնական տվյալների համաձայն, տնտեսության ճյուղերից շինարարությունը գրանցել է 19,2 տոկոս աճ, ծառայությունների ոլորտն աճել է 17,9 տոկոսով, գյուղատնտեսությունը՝ 2,2 տոկոսով, իսկ արդյունաբերությունը՝ ընդամենը 1,3 տոկոսով: Իսկ ահա արդյունաբերությունն անցած 6 ամիսների համեմատ ոչ միայն չի աճել, այլեւ 0,1 տոկոսի անկում է ունեցել: 1 տոկոսով նվազել է նաեւ էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը: Աճի ամենամեծ չափը գրանցած տնտեսության ոլորտն արտաքին առեւտրաշրջանառությունն է՝ 37 տոկոս: Սակայն այդ ցուցանիշը որակական առումով իրականում շարունակել է նվազել, քանի որ ներմուծումն աճել է 44,5 տոկոսով, արտահանումը՝ 20,8 տոկոսով: Բացարձակ թվերով արտահայտված՝ 2007թ. առաջին 7 ամիսներին ներմուծվել է 1 մլրդ 631 մլն դոլարի ապրանք եւ արտահանվել է ընդամենը 631 մլն դոլարի արտադրանք: Այսինքն, ՀՀ արտաքին առեւտրաշրջանառության բացասական հաշվեկշիռը արդեն հատել է 1 մլրդ դոլարի սահմանը: Անցած տարիներին միշտ ահազանգ է եղել, թե արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը տարեկան կտրվածքով հասնում է 1 մլրդ դոլարի եւ հավասարվում է ՀՀ պետական բյուջեին: Իսկ այս տարվա առաջին յոթ ամիսների ցուցանիշն արդեն վկայում է, որ մեր երկրի արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը մինչեւ տարեվերջ կարող է գերազանցել պետական բյուջեն: Եվ զարմանալի է, որ արդյունաբերության եւ արտաքին առեւտրի այս խայտառակ ցուցանիշների ֆոնի վրա Վիճակագրական ծառայությունը դեռ քաջություն ունի երկնիշ թվով տնտեսական աճ արձանագրել: Հայաստանի տնտեսությունն այս տարի մեկ այլ մտահոգիչ փաստ էլ է արձանագրել՝ գրեթե կրկնակի չափով կրճատվել են շինարարության աճի ծավալները: Տեղեկացնենք, որ եթե այս ոլորտը 2005թ. հունվար-հուլիս ամիսներին գրանցել էր մոտ 27 տոկոս, իսկ 2006թ. նույն ժամանակահատվածում՝ 42,8 տոկոս աճ, ապա այս տարվա յոթ ամիսներին՝ ընդամենը 19,2 տոկոս աճ: Սա նշանակում է, որ վերջին տարիներին մեծ թափ հավաքած եւ մեր տնտեսության շարժիչ ուժը համարվող շինարարությունն արդեն զարգացավ-պրծավ եւ առաջընթացի տեղ չունի: Այս ոլորտը կարող է մեծ աճ գրանցել այն դեպքում, երբ պահանջարկը մեծ լինի: Տվյալ դեպքում, ճիշտ է` պահանջարկը մեծ է, սակայն գնողունակությունն է ցածր: Հենց դրա համար էլ շինարարությունն անցած մի քանի տարիների նման այլեւս մեծ տեմպերով չի զարգանում: Իսկ շինարարության աճի եւ գնողունակության անկումն իր հերթին նույնպես կասկածելի է դարձնում այն, որ ՀՀ տնտեսությունն աճել է 12,1 տոկոսով: Ավելացնենք նաեւ, որ Վիճվարչության տվյալներով` այս տարի գրանցվել է 4,5 տոկոս գնաճ: