Մի քանի օր առաջ տեղեկություն տարածվեց, որ Ջավախքի հայությունը բազմամարդ հանրահավաքներ է անցկացրել՝ Վրաստանի իշխանություններից պահանջելով ճանաչել Հայոց ցեղասպանությունն ու Ախալքալաքից դուրս չբերել ռուսական ռազմական բազաները։ Տարօրինակ այս զուգադրությունն ինձ հիշեցրեց մասնավոր բուհերի երբեմն-երբեմն թերթերում հանդիպող հայտարարությունները, որոնք դիմորդներին ուսանելու են հրավիրում, օրինակ, «Հայգուշակ» համալսարանի ստոմատոլոգիայի, գինեկոլոգիայի եւ ժուռնալիստիկայի ֆակուլտետներում։
Ի՞նչ կապ կարող է լինել Հայոց ցեղասպանության ճանաչման եւ ռուսական ռազմական բազաների դուրս չբերման միջեւ, ես այդպես էլ չհասկացա, բայց պարզ էր հանրահավաքի կազմակերպիչների «Two in one» սկզբունքը՝ հազիվ ժողովուրդ է հավաքվել, եկեք միանգամից պահանջենք ինչ ուզում ենք։ Եվ այդ «Two in one»-ից էլ անմիջապես պարզ դարձավ, որ դա ոչ թե ինքնաբուխ ժողովրդական պոռթկում էր, այլ հրահրված էր առնվազն ռուս զինվորականության կողմից։ Սա հասկանալու համար քաղաքական վերլուծաբան լինել պետք չէ, բավական է տարրական տրամաբանությունը։
Եթե Ջավախքի հայերն ուզում են Վրաստանի իշխանություններին ճանաչել տալ Հայոց ցեղասպանությունը, ապա պետք է այդպես էլ ասեն՝ ճանաչեք Ցեղասպանությունը։ Բայց քանի որ հիմնական խնդիրը Հայոց ցեղասպանության ճանաչումը չէ, այդ պահանջին կից ներկայացնում են մեկ այլ հրամայական, ինչը լսելով` վրաց իշխանությունները ոչ միայն չեն ճանաչի հարեւան ժողովրդի ողբերգությունը, այլեւ ամեն ինչ կանեն ռուսական բազաներն օր առաջ դուրս բերելու համար, որպեսզի այդ բազաներին կառչած ժողովուրդը ճարը կորցրած լքի իր բնիկ տարածքները։
Մեր երկիրը, որտեղ հայերից բացի բնակվող ժողովուրդները շատ փոքրաթիվ են եւ այդ պատճառով չեն կարող էական դերակատարում ունենալ քաղաքական կյանքում, մեզ սխալ պատկերացում է տվել ազգային փոքրամասնություն-պետություն փոխհարաբերությունների մասին, որի հիմնական հատկանիշը պետք է լինի առնվազն քաղաքական բարեկիրթ վարքը։
Եթե վրաց իշխանություններն այսօր խնդիր են դրել ամեն գնով իրենց երկրից դուրս բերել ռուսական ռազմական բազաները, ազգային փոքրամասնությունը կարող է խնդիրներ ունենալ այդ որոշման հետ, բայց քաղաքացու բարեկիրթ վարքը եւ խոհեմությունը պետք է հուշեն, որ ազգային փոքրամասնության լավագույն ապագան ոչ թե ապստամբությունն է, այլ ինքնապահպանությունն՝ արժանապատվության եւ փոխըմբռնման շրջանակում։
Ի դեպ, ինչո՞վ է Ջավախքի հայերին սպառնում ռուսական ռազմական բազաների դուրսբերումը, ես այդպես էլ չեմ հասկանում։ Անհեթեթ բացատրությունը, թե ՌՌԲ-ի փոխարեն Ջավախքում կտեղաբաշխվեն թուրքական ռազմական բազաներ, նույնպես համոզիչ չէ։ Այսինքն՝ ոչ թե համոզիչ չէ, այլ նման բան կարող է անցնել միայն հայոց մտքով։ Ազգ, որն իր անկախ պետությունը չի պատկերացնում առանց օտար ռազմական բազաների, իսկ ֆորպոստ լինելը Հարավային Կովկասի այս անհանգիստ տարածաշրջանում պարզապես փեշակ է դարձրել։
Ինչ վերաբերում է արժանապատվությանը, տեղին է հիշել Պարույր Սեւակի հայրենասիրական բանաստեղծության մի տողը, որը շարունակ եւ ընդմիշտ տարակուսանք է առաջացնում. «Մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում»։ Տարակուսանք է առաջացնում մի պարզ պատճառով՝ ես չեմ հասկանում, մենք մեզ պետք է գերադասեի՞նք ու չենք գերադասում, կամ կարող էինք գերադասե՞լ ու մեծահոգաբար չենք գերադասում, թե՞ ինչ։
Եթե բանը հասնում է ռուսներին, բանաստեղծի տողը ճիշտ ու ճշգրիտ է՝ մենք մեզ ռուսներից չենք գերադասում։ Ծիծաղելի կլիներ, որ գերադասեինք, բայց որ ստորադասում ենք, դա փաստ է ու փաստ։ Այսինքն` պատահում են դեպքեր, երբ փորձում ենք գերադասել, օրինակ, ասելով, թե մեր ու ռուսների շահերը համընկնում են, կամ պարզապես փորձելով մտավոր ջանքերի շնորհիվ դուրս բերել շահերի այդ պրոյեկցիան։ Բայց ամեն անգամ չարաչար հուսախաբվում ենք, երբ պարզվում է, որ նրանք՝ ռուսներն, իրենց շահերը գերադասում են մերից։
Իսկ երբ բանը հասնում է թուրքերին, բանաստեղծի տողը կորցնում է ճշմարտացիությունը, որովհետեւ մենք մեզ գերադասում էինք (եւ հիմա էլ գերադասում ենք) այդ ժողովրդից, եւ դրա համար ստացանք այն, ինչը փորձում են վրաց իշխանություններին ճանաչել տալ Ջավախքի մեր հայրենակիցները։
Հիմա էլ հերթը վրացիներինն է։ Այս դեպքում էլ մենք մեզ գերադասում ենք այն երկրից ու ժողովրդից, որի պետության քաղաքացիներն ենք։ Եվ ուղիղ չենք ասում` գիտե՞ք, հարգելի վրացիներ, ՌՌԲ-ի դուրսբերմամբ մենք մոտ 1200 աշխատատեղ ենք կորցնում, եկեք մտածեք ձեր քաղաքացիների մասին։ Չէ՛, մենք մեծ քաղաքականության ուսին ենք նստած, եւ մեր խնդիրները լուծում ենք բացառապես քաղաքական եղանակներով։
Տարիներ առաջ մի բանավոր հարցում էի անցկացրել եւ պարզել էի, որ Վրաստանի հայաբնակ շրջանների բնակչության մեծ մասը վրացերեն չգիտի։ Սա ի՞նչ է նշանակում։ Նշանակում է՝ գերադասել։ Բայց բանաստեղծի տողը հակասում էր ոչ թե Վրաստանի հայաբնակ շրջանների հայերի վարքին, այլ վկայում էր նույն տարիներին Հայաստանում մայրենի լեզուն արհամարհողների բանակի մասին, որն իրեն իսկապես չէր գերադասում՝ հանձնվելով ռուսներին ու ռուսերենին։
Եթե ես լինեի Վրաստանի Խորհրդարանի պատգամավոր, ամեն ինչ կանեի, որպեսզի վրացերենի իմացությունը պարտադիր դառնար այդ երկրի բոլոր քաղաքացիների համար՝ իբրեւ անհերքելի փաստ ունենալով այն հանգամանքը, որ Թիֆլիսում հայկական դպրոցները փակվում էին, եւ դրանց կոնտինգենտը համալրում էր ոչ թե վրացական դպրոցները, այլ՝ ռուսական։
Ռուսական ռազմական բազաներից հայերի այսպես կառչելն անշուշտ բարկացնում է վրացիներին, բայց նաեւ` վիրավորում մեր ժողովրդի ու պետության արժանապատվությունը։ Ջավախքը, որ ցամաքային սահման ունի Մայր Հայրենիքի հետ, անվտանգության բավարար երաշխիք չի համարում իր թիկունքում Հայաստանի գոյությունը. նրան պետք է նաեւ ռուսական ռազմական բազան, որն այդքան չեն սիրում վրացիները։