Թիվ 15 ընտրատարածքում օգոստոսի 26-ին կայանալիք ԱԺ պատգամավորի լրացուցիչ ընտրություններում գրանցված անկուսակցական թեկնածու Վահագն Պետրոսյանը ցանկանում է փոխել ընտրությունների օրը:
«Օգոստոսի 21-ին կազմավորվում են նոր ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ, որոնց իրավասության սահմաններում է՝ տեղերում կազմել տեղամասային ընտրական հանձնաժողովներ` ընտրությունների կազմակերպման եւ անցկացման նպատակով: Օգոստոսի 21-ից հաշված, 19-օրյա ժամկետից ոչ շուտ եւ 16-օրյա ժամկետից ոչ ուշ ԸԸՀ-ի անդամներն իրավունք ունեն ներկայացնել` նշանակելու մեկական անդամ տեղամասային ընտրական հանձնաժողովներում: Այս կարգն այսօրվա դրությամբ խախտված է, այդ իսկ պատճառով ես դիմում եմ ներկայացրել ԿԸՀ` ընտրությունների օրը փոխելու համար»,- «Ազատությանն» ասել է թիվ 15 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի լրացուցիչ ընտրություններում գրանցված անկուսակցական թեկնածու Վահագն Պետրոսյանը, ով երեկ դիմում է ներկայացրել ԿԸՀ` պնդելով, թե ընտրությունների նշանակումն օգոստոսի 26-ին չի համապատասխանում ԸՕ 37-րդ հոդվածին: Տեղամասային ընտրական հանձնաժողովների ձեւավորման հայտերը ԸԸՀ-ի անդամներն օրենքով պետք է ներկայացնեին ամենաուշը օգոստոսի 10-ին: Մինչդեռ հանձնաժողովի անդամներն իրենք, օրենքի մեկ այլ պահանջով եւ երկրի նախագահի` դրանով թելադրված հրամանագրով, առաջին նիստերը գումարելու են այսօր: Իսկ օրենսգրքի մեկ այլ պահանջով` լրացուցիչ ընտրությունը պետք է անցկացվի մեծամասնականով մանդատի թափուր մնալուց հետո 80 օրվա ընթացքում:
Հիշեցնենք, որ թիվ 15 ընտրատարածքում գրանցված թեկնածուներն են` անկուսակցական Էմին Կարապետյանը, «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, հանրապետական Խաչիկ Մանուկյանը, Թալինի քաղաքապետ, անկուսակցական Մնացական Մնացականյանը, ում սատարում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, դաշնակցական Գուրգեն Շահինյանը, անկուսակցական Վահագն Պետրոսյանը: