Անշարժ գույքը Հայաստանում թանկանում է աստղաբաշխական գներով.Կադաստրի պետական կոմիտեի տվյալներով, վերջին տարիներին՝ տարեկան միջինը 30 տոկոսով: Մասնավորապես, այս տարվա առաջին կիսամյակում անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ անշարժ գույքի գները բարձրացել են 30,6 տոկոսով:
Սակայն անշարժ գույքի գործակալները պնդում են, որ կադաստրի այս տվյալներն իրականությանն այնքան էլ չեն համապատասխանում: Նրանց խոսքերով, ամեն տարի շուկայում թանկացում գրանցվում է, սակայն ոչ այն չափով, որքան ներկայացնում է Կադաստրի պետական կոմիտեն: Բացի այդ` թանկացումն անհամաչափ է տեղի ունենում: Մեր զրուցակիցները հավատացնում են, որ անցած տարվա համեմատ անշարժ գույքի գները Երեւանի կենտրոնում բարձրացել են 10-15 տոկոսով, այն դեպքում, երբ գների աճը համեմատաբար բարձր է եղել Երեւանի մյուս համայնքներում՝ 15-20 տոկոս: Այսպիսով, անշարժ գույքի գործակալները պնդում են, որ Կադաստրի պետական կոմիտեի տվյալները խիստ չափազանցեցված են, ինչը, նրանց կարծիքով, կոնկրետ նպատակներ ունի:
«Պրովոկացիա է»,- ասում է մեր զրուցակից գործակալը, ով համաձայնեց անկեղծ զրուցել միայն չներկայանալու պայմանով: Ինչ վերաբերում է անշարժ գույքի առք ու վաճառքով զբաղվող ճանաչված ու խոշոր գործակալություններին, ապա նրանց մասնագետներն իրենց վերլուծությունների մեջ հիմնականում համամիտ են լինում կադաստրի տվյալների հետ: Նրանք նույնպես պարբերաբար հայտարարում են Կադաստրի տվյալներին մոտ ցուցանիշներ: Եվ այստեղ մի փոքր հակասություն է ստեղծվում՝ անշարժ գույքի փոքր գործակալություններն ու առանձին աշխատող գործակալներն իրենց վերլուծությունների մեջ հակադրվում են գործընկեր խոշոր, մասնագիտացած գործակալություններին ու պետական կառույցներին: Նրանք հավատացնում են, որ իրենց եզրակացություններն իրականությանն ավելի մոտ են, քան պետական կառույցների կամ խոշոր ընկերությունների տվյալները:
«Գիտեք, Կադաստրն, արդեն մի քանի տարի է, անշարժ գույքի գներն արհեստականորեն բարձրացնելու քաղաքականություն է վարում: Դա պատվեր է իշխանությունների կողմից: Կադաստրը բարձր գներ է հայտարարում, որպեսզի արհեստականորեն բարձրացնի անշարժ գույքի արժեքը: Կադաստրի հետ այդ պրովոկացիային մասնակցում են նաեւ անշարժ գույքի խոշոր գործակալությունները: Նրանք նույնպես իշխանություններից նման քաղաքականություն վարելու հրահանգ են ստացել: Եվ պատկերացրեք, որ այդ պրովոկացիան իր ազդեցությունն ունենում է՝ գները բարձրանում են: Անշարժ գույքի այսօրինակ թանկացումն իրականում ուրիշ լուրջ հիմքեր չունի»,- ասում է մեր զրուցակիցը:
Մասնագետները բացատրում են, որ այդ պրովոկացիոն քաղաքականությունը երկու հիմնական նպատակ ունի: Առաջինն այն է, որ արհեստականորեն բարձրացնեն անշարժ գույքի եւ հատկապես բնակարանների գները: Հիշեցնենք, որ վերջին տարիներին մեծ թափ ստացավ էլիտար բնակարանաշինությունը: Իսկ Հայաստանում էլիտար շենքեր կառուցում են կամ բարձրաստիճան պաշտոնյաները, կամ էլ բարձրաստիճան պաշտոնյա հովանավոր ունեցողները: Անշարժ գույքի գներն արհեստականորեն բարձրացնելով՝ կառուցապատողներն իրենց շինարարական բիզնեսից գերշահույթներ են ստանում: Արժե հիշել, որ բնակարանաշինության բիզնեսում հնչող անունների մեջ նշվում են ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանի, Ռոբերտ Քոչարյանի որդու, Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի եւ այլոց անունները: Մեր զրուցակիցը հավատացնում է, որ անշարժ գույքի գներն արհեստականորեն թանկացնելու հրահանգն իջել է անմիջապես ՀՀ նախագահականից: Իսկ Ռոբերտ Քոչարյանին կարելի է համարել անձամբ այդ պրովոկացիան տարածողներից մեկը: Նա երբեք առիթը բաց չի թողնում եւ ամենուր հայտարարում է, թե յուրաքանչյուր տարի Հայաստանի տնտեսությունը երկնիշ թվերով աճ է գրանցում, աճում է հատկապես շինարարությունը, ավելանում են նաեւ բնակիչների եկամուտներն ու գնողունակությունը: Բրոքերների ասելով` նախագահն իր այս հայտարարություններով նույնպես հեռահար կերպով նպաստում է անշարժ գույքի գների արհեստական թանկացմանը: Բացի այդ` անշարժ գույքի գների թանկացմամբ մեր իշխանություններն ուզում են տպավորություն ստեղծել, թե Հայաստանի տնտեսությունն իսկապես աճում է:
Կադաստրի պետական կոմիտեի տվյալներով` այս տարվա առաջին կիսամյակին 3,3 տոկոսով նվազել են անշարժ գույքի օտարման գործարքները: Իսկ գործակալները նորից պնդում են, որ անշարժ գույքի առքուվաճառքի քանակն ավելի է պակասել:
«Այս տարի մեռած վիճակ էր,- ասում է մեր զրուցակիցը: -Դա մի կողմից կարելի է կապել ԱԺ ընտրությունների հետ: Բացի այդ, շուկայի ակտիվացմանը խոչընդոտում է նաեւ դոլարի արժեզրկումը: Մարդիկ իբր թե մեծ գումարներ են Հայաստան ուղարկում, բայց դա հասնելով մեր երկիր՝ արժեզրկվում է եւ շատ դեպքերում անշարժ գույք ձեռք բերելուն չի բավարարում: Հնարավոր է` սեպտեմբերից մի փոքր ակտիվացում նկատվի, բայց դա շատ կարճ կտեւի, որովհետեւ առջեւում նախագահի ընտրություններն են: Իսկ դոլարի կուրսն աշնանը նորից կընկնի»:
Բոլոր դեպքերում նշենք, որ Հայաստանի ամենաթանկ բնակարանները վաճառվում են Երեւանի Կենտրոն համայնքում: Այստեղ շինությունների 1 քմ-ն վաճառվում է միջինը 433.600 դրամով: Կենտրոն համայնքին հաջորդում է Արաբկիր համայնքը՝ 1 քմ-ն արժե 343.400 դրամ: Երեւանի ամենաէժան տները վաճառվում են Նուբարաշեն համայնքում՝ 1քմ-ն՝ 102.000 դրամ: Երեւանից դուրս ամենաթանկ տները վաճառվում են Աբովյան, Էջմիածին, Աշտարակ եւ Նոր Հաճըն քաղաքներում: Բնակարանների գները բավականին բարձր են նաեւ Դիլիջանում եւ Ջերմուկում: Հիշեցնենք, որ 2-3 ամիս առաջ վարչապետ Սերժ Սարգսյանը Բանկերի միության տարեկան ժողովի ժամանակ կարծիք հայտնեց, թե կարելի է Դիլիջանը դարձնել ֆինանսական փոքրիկ կենտրոն: Ասում են` Ս. Սարգսյանը ցնցում է առաջացրել Դիլիջանի անշարժ գույքի շուկայում՝ տների գները միանգամից «թռել» են: Եթե անցյալ տարի այս քաղաքում բնակարանների 1 քմ-ն արժեր ընդամենը 39.000 դրամ, ապա այս տարի այն հասել է 67.000 դրամի: Անցած տարվա համեմատ՝ մոտ 40 տոկոսով թանկացել են նաեւ Ջերմուկի բնակարանները: Հասկանալի է` Ջերմուկն էլ դարձել է առողջարարական կենտրոն: Ավելացնենք, որ Հայաստանի ամենաէժան տները վաճառվում են Լոռու մարզի Շամլուղ քաղաքում՝ 1 քմ-ն արժե ընդամենը 3000 դրամ: