Քննություններից դժգոհ են

24/08/2007 Նատաշա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Անի Խաչատրյանն այս տարի` դպրոցն ավարտելուց հետո, դիմել է Երեւանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետ: Մեկ տարի շարունակ Անին պարապել է կրկնուսույցների մոտ` բուհ ընդունվելու համար: Քննությունների արդյունքում, սակայն, անցողիկ միավորները չեն բավարարել Պետ. համալսարանի համար, եւ նա ընդունվել է Մանկավարժական համալսարան. «Ամբողջ տարի անդադար պարապել եմ, որ համալսարան ընդունվեմ, քննություններս էլ լավ հանձնեցի, բայց ցածր դրին: Հիմա չեմ ուզում սովորել Մանկավարժականում, չգիտեմ` ի՞նչ անել»,- դժգոհում էր Անին:

Արդեն պարզ են այն դիմորդների անունները, որոնք ընդունվել են բուհեր: Քննությունների ընդհանուր արդյունքները ցույց են տալիս, որ անցյալ տարվա համեմատ անցողիկ միավորները զգալիորեն նվազել են: Անի Խաչատրյանը պատմում է, որ հայոց լեզվի քննությունից 10 միավոր է ստացել, երբ գրավորը վերցրել է, հաշվարկային սխալ է նկատել. «Չորս միավոր չէին հաշվել, դասախոսիս հետ բողոքարկեցինք, բարձրացրին: Իսկ անգլերենի գրավորիցս ոչ մի միավոր չբարձրացրին, թեեւ գրածիս համեմատ ցածր էի ստացել»,- ասում է նա:

Հայոց լեզվի կենտրոնացված քննությունների արդյունքներից շատերն են դժգոհում: Դիմորդների ծնողներից շատերը նշում են, որ հատկապես շատ են եղել հաշվարկային սխալները: Նման սխալները, սակայն, հիմնականում բողոքարկումների ժամանակ ուղղվել են: Ծնողներից շատերը դժգոհում են նաեւ գրականության բանավոր քննությունների արդյունքներից, որտեղ այս տարի բավական ցածր միավորներ են արձանագրվել: Տիկին Մարիետան, ում դուստրը դիմել է բանասիրության ֆակուլտետ, ասում է, որ քննասենյակում տեղադրած տեսախցիկի միջոցով ծնողները հնարավորություն են ունեցել հետեւել իրենց երեխայի պատասխաններին. «Աղջիկս շատ լավ պատասխանեց, ընդունող հանձնաժողովի անդամներին էլ շատ դուր էր եկել նրա պատասխանը: Բայց արդյունքում 16 ստացավ, մինչդեռ ես շատ ավելի բարձր գնահատականի հույս ունեի»:

Բարձրագույն ուսումնական հաստատություններ դիմողների շրջանում որոշակի առավելություններ ունեն զորացրված երիտասարդները: Այս դեպքում նրանց բավական է միայն նվազագույն անցողիկ միավորներ հավաքել, եւ նրանք բուհ կընդունվեն պետպատվերի շրջանակներում: Կարեն Մուրադյանը, ով այս տարի է զորացրվել բանակից, դիմել էր ԵՊՀ-ի երկրաբանական ֆակուլտետ: Ֆիզիկա առարկայից ստանալով 8, մաթեմատիկայից` 12.5 միավոր, նա ընդունվել է համալսարան. «Ոչ մի բողոքարկման չեմ դիմել, քանի որ դրա հարկը չկար, միավորներս ինձ լրիվ բավականացնում էին: Զորացրվածների համար երկրաբանական ֆակուլտետում երկու տեղ էր հատկացված: Ինտերնետային կայքից նախօրոք իմացել էի, որ զորացրված միայն մեկ հոգի է դիմել, այսինքն` բախտս բերել էր, մենակ ես էի, հետեւաբար, դրական միավոր հավաքելն ինձ բավական էր: Ընդհանրապես, բանակից հետո ընդամենը չորս ամիս էի պարապել, դրա համար էլ բարձր միավորների հույս չունեի»:

Անցողիկ միավորների, բողոքարկումների արդյունքների մասին ավելի կոնկրետ տեղեկություններ մեզ չհաջողվեց ստանալ, քանի որ Կրթության եւ գիտության նախարարությունից ասացին, որ պետք է դիմել Հանրապետական ընդունող հանձնաժողով, իսկ ընդունող հանձնաժողովում տեղեկատվություն չտվեցին` պատճառաբանելով, որ այն պետք է տա ԿԳ նախարարության մամուլի քարտուղարը: Իսկ նա արձակուրդի մեջ է, ու քանի դեռ հանգստանում է կրթության ոլորտի պատասխանատուներից, ոչ ոք չի կարող պատասխանել լրագրողների հարցերին: