«Աշխարհի ոչ մի երկիր, այդ թվում՝ նաեւ ԱՄՆ-ը, Լեռնային Ղարաբաղը չի ճանաչել իբրեւ անկախ պետություն: Հետեւաբար, մենք չենք ճանաչում նաեւ այդ ընտրությունները»,- «Ազատություն» ռ/կ-ին ասել է Հայաստանում ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար Ռուդոլֆ Փերինան: «Այդ իսկ պատճառով մենք պաշտոնապես դիտորդներ չենք ուղարկել ու նաեւ գնահատական չենք տվել այդ ընտրություններին,- նշել է ամերիկացի դիվանագետը՝ հավելելով,- Բայց մենք հույս ունենք, որ այդ ընտրությունները որեւէ կերպ չեն խոչընդոտի ընթացող բանակցություններին, եւ հույս ունենք, որ այդ բանակցությունները կշարունակվեն նորմալ ընթանալ»: Հիշեցնենք, որ Ռուդոլֆ Փերինան 2001-2004 թվականներին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահն էր: Այն հարցին, թե արդյոք կապ կա՞ իր՝ Հայաստանում ժամանակավոր հավատարմատար նշանակվելու եւ հակամարտության կարգավորման գործընթացի միջեւ, եւ արդյո՞ք ԱՄՆ-ը ցանկանում է արագացնել խնդրի կարգավորումը՝ ակնկալելով, որ հակամարտությանը ծանոթ դիվանագետն իր փորձառությամբ կարող է նպաստել դրան, նա պատասխանել է. «Ես եղել եմ համանախագահ, բայց հիմա դրանով չեմ զբաղվում, եւ այդ կարգավիճակով չէ, որ վերադարձել եմ Հայաստան: Գուցե այս պաշտոնում իմ նշանակման հարցում որոշակի դեր է ունեցել այն հանգամանքը, որ որպես համանախագահ բազմիցս այցելել եմ Հայաստան, ճանաչում եմ երկրի ղեկավարներին, բայց հիմա մենք ունենք այլ համանախագահ, ով ակտիվորեն մասնակցում է բանակցություններին,- ասել է Փերինան` ավելացնելով,- Թեեւ ես ուղղակիորեն չեմ մասնակցում բանակցություններին, բայց ցանկանում եմ վստահեցնել ձեզ, որ ղարաբաղյան խնդրի կարգավորումն ԱՄՆ-ի համար առաջնահերթություն է, քանի որ մենք տեսնում ենք, որ սա շատ կարեւոր է Հայաստանի, Ադրբեջանի եւ այս տարածաշրջանի կայունության համար: Մենք անցյալում այս ուղղությամբ շատ ակտիվորեն աշխատել ենք, եւ համոզված եղեք, որ ԱՄՆ-ը շարունակելու է աջակցել խնդրի կարգավորման հարցում նաեւ ապագայում»: