Միասնական թեկնածուն հաղթեց… Լեռնային Ղարաբաղում

21/07/2007 Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Ղարաբաղցիներն ընտրեցին նոր նախագահի։ Իսկ նոր նախագահը միասնական թեկնածու Բակո Սահակյանն է, որի շուրջ էին համախմբվել երկրի խորհրդարանական բոլոր ուժերը, մի շարք հասարակական կազմակերպություններ։

Ինչպես միշտ, ընտրություններում ղարաբաղցիների մասնակցության բարձր ցուցանիշ է գրանցվել. այս ընտրություններում հանրապետությունում ընտրելու իրավունք ունեցող 92.152 հոգուց քվեարկությանը մասնակցել է 71.287 քաղաքացի կամ ընդհանուր թվի 77,36 տոկոսը: Նրանցից կողմ է քվեարկել 67.695 քաղաքացի: Ըստ ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների, Բակո Սահակյանի օգտին քվեարկել է 57.828 հոգի կամ 85,42 տոկոսը, Մասիս Մայիլյանի օգտին` 8270-ը կամ 12,21 տոկոսը: Արմեն Աբգարյանի օգտին գրանցվել է 856 ձայն կամ 1,2 տոկոս, Հրանտ Մելքումյանի օգտին` 462 կամ 0,8 տոկոս, իսկ Վանյա Ավանեսյանի օգտին` 202 ձայն կամ 0,3 տոկոս։

Չնայած նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի նախընտրական շտաբի կողմից հենց ընտրությունների օրը ԿԸՀ ներկայացված շուրջ երկու տասնյակ դիմում-բողոքներին, դիտորդներն արձանագրել են, որ ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ ու միջազգային չափանիշներին համապատասխան։ Դիտորդները նշել են մասնակցության բարձր տոկոսը՝ գտնելով, որ դա նույնպես ժողովրդավարության դրսեւորում է, եւ Ղարաբաղի ժողովուրդն ինքնակառավարման հարցում որոշ առաջընթացի է հասել: ԱՊՀ երկրների Ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինի խոսքերով, Ղարաբաղը շատերն անվանում են չճանաչված ու ինքնահռչակ, «կարծես թե մնացած պետություններն ինքնահռչակ չեն»: «Երեւի այդ փաստն է ղարաբաղցիներին ստիպում, որ նրանք ցուցաբերեն հատուկ ուշադրություն ընտրությունների գործընթացին եւ չառաջացնեն ներքին ցնցումներ եւ արտաքին դիտողություն»,- ասել է Զատուլինը: Ընտրությունների արդարությունն ու թափանցիկությունն ընդգծել են նաեւ Հայաստանի խորհրդարանական պատվիրակները։ Իսկ պատվիրակության անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» կուսակցության անդամ Լարիսա Ալավերդյանն ընդգծել է, որ նախագահական ընտրություններում շատ մեծ լումա է ներդրել նաեւ ընդդիմությունը, այլախոսությունը: «Ընդդիմախոս թեկնածուն, որը քվեարկության արդյունքներով զբաղեցրել է երկրորդ տեղը, ցույց է տվել, որ այլախոսությունը եւ ժողովրդավարությունը կայանում է ոչ միայն ճանաչված եւ մեծ պետություններում, այլ նաեւ Ղարաբաղի նման փոքրիկ ու չճանաչված երկրում: Սա ընդդիմության պարտություն չեմ համարում»,- ավելացրել է տիկին Ալավերդյանը։

Ընտրությունների նախնական արդյունքներն ամփոփելուց հետո հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ Մասիս Մայիլյանը հայտարարել է, որ իր նախընտրական շտաբի կողմից արձանագրվել են բազմաթիվ ընտրախախտումներ. «ընտրակարուսելի» փորձ է կանխվել Բերձորի 22/1 ընտրատեղամասում, որտեղ Մ. Մայիլյանի վստահված անձը ընտրատեղամաս մտնելուց կանգնեցրել է հանձնաժողովի անդամ Կարինե Բալայանին, որի ձեռքում էր Բ. Սահակյանի անունը նշած քվեաթերթիկ: Նման փորձ է կանխվել նաեւ Հադրութի թիվ 11/1 ընտրատեղամասում։ Ընտրատեղամասեր կային, որտեղ ընտրողները ներկայացել են մի քանի անձնագրերով: Շտաբն արձանագրել է նաեւ զանգվածային ապօրինի լցոնումներ եւ այլն։ Խախտումների մասին խոսելով՝ Մ.Մայիլյանը հայտնել է այն կարծիքը, որ «խախտումներ կատարողները պետք է պատժվեն, որպեսզի հետագայում նման ընտրախախտումներ չլինեն»։