ՀՀ կառավարության ծրագիրը հունիսի 26-ին Ազգային ժողովի կողմից ընդունվելուց հետո հրատարակվել է մամուլով ու նաեւ ներկայացվել է հասարակությանը: Բացի այդ, ծրագիրը տեղադրվել է նաեւ կառավարության կայքում. հետաքրքրվողները կարող են ոչ միայն կարդալ այն, այլեւ դիտողություններ ու կարծիքներ ներկայացնել:
Մենք փորձեցինք տեղեկանալ, թե ինչ կարծիք ունեն կառավարության ծրագրի մասին Հայաստանի տնտեսական կյանքի վերաբերյալ իրենց գնահատականներն արտահայտող նախկին ու ներկա որոշ պաշտոնյաներ. պարզվեց, որ հիմա ոչ մեկը դրա հավեսը չունի: Մեր զրուցակիցների մեծ մասը ծրագրին գրեթե ծանոթ չէին: Բայց իշխանամետ գործիչները, հատկապես՝ պատգամավորները, միաբերան պատասխանեցին, թե ինչ էլ որ գրված լինի, միանգամայն իրագործելի են համարում, հակառակ դեպքում՝ ԱԺ-ում կողմ չէին քվեարկի: Ընդունեք, որ միանգամայն սպառիչ բացատրություն է:
Մեր զրուցակիցների պատասխաններն իրար այնքան նման էին, որ հարկ չենք համարում անուններ տալ: Բացի այդ, նրանք խնդրեցին իրենց անունները չնշել՝ խոստանալով արձակուրդների ընթացքում անպայման կարդալ ծրագիրը: Միայն ԱԺ պատգամավոր, բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանն էր «տեղ-տեղ» կարդացել եւ, «միանգամայն իրագործելի է» արտահայտությունից բացի, ասաց, որ այդ ծրագիրը մի քիչ հավակնոտ է, ավելի շուտ՝ ցանկությունների վերին սահմանն է գծել: Կառավարության ծրագիրը չէին հասցրել կարդալ նաեւ ընդդիմադիր գործիչները, որոնք նույնպես առաջարկեցին այդ մասին զրուցել արձակուրդներից հետո: Բայց քանի որ ծրագիրը ներկայացվել է հասարակության լայն խավերին, եւ դիտողությունների մասին էլ կառավարության կայքէջում առաջարկվում է հարցաթերթիկ լրացնել, փորձեցինք տեղեկանալ, թե մեր կառավարությունն առաջիկա տարիներին ինչ նոր կյանք է մեզ խոստանում:
Առաջին հայացքից այն մեզ Հայաստանից դուրս է տանում՝ կրթության որակի էական բարելավում, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանություն, օրենքի առջեւ բոլորի հավասարության սկզբունքի ապահովում, տնտեսվարողների համար հավասար մրցակցային դաշտ, ներդրումների եւ գործարար միջավայրի համար անվտանգ պայմաններ եւ այլն, եւ այլն: Այսինքն` կառավարության ծրագրում ապագայի մասին գրված է մոտավորապես այն, ինչի մասին գրեթե ամեն օր, որպես կայացած փաստ՝ ներկայացնում է «Հայլուրը»: Իսկ ՀՀ կառավարությունն իր այս ծրագիրը պետք է իրագործի առաջիկա 5 տարիների ընթացքում: Եվ այսպես, նշված է, որ 2001-2006թթ. տնտեսության տարեկան երկնիշ աճը Հայաստանին հնարավորություն կտա հետագայում ապահովել տարեկան 8-10 տոկոս աճ, ինչը 2009թ. Հայաստանին ցածր եկամուտ ունեցող երկրների խմբից կտեղափոխի միջին եկամուտ ունեցող երկրների խումբ: Ծրագրի հեղինակները կարեւորել են արտաքին ներդրումների ներգրավումը, ճիշտ այնպես, ինչպես նախորդ բոլոր կառավարությունները, որոնք դրա համար նույնիսկ օրենքով շահութահարկի 50 եւ 100 տոկոսանոց արտոնություններ են սահմանել: Բայց արդյունքում ոչ թե օտարերկրյա ներդրումներն են ավելացել, այլ մեր օլիգարխներն իրենց բիզնեսը գրանցել են որեւէ օֆշորային գոտում, մի որեւէ սեւամորթի կամ շեղաչքի անունով եւ Հայաստանում «օտարերկրյա ներդրումների» անվան տակ՝ գերշահույթներ են ստանում: Հարկային պետական ծառայությունում հաշվառված շահութահարկի արտոնություն ունեցող եւ օտարերկրյա ներդրում համարվող 73 ընկերություններից առնվազն 50-ը պատկանում են հայ օլիգարխներին: Եվ ստացվում է, որ մեր պաշտոնյաներն այս օրենքը ստեղծել եւ պահպանում են, որպեսզի ծառայեցնեն իրենց բիզնեսին: իսկ արդյունքում այս 73 ընկերությունների կողմից պետական բյուջե չի մուծվում տարեկան մոտ 100 մլրդ դրամ հարկ՝ պետական բյուջեի 1/5 մասը: Եվ եթե այս կառավարությունն էլ նույն ձեւով շարունակի խրախուսել օտարերկրյա ներդրումների աճը, ապա ծրագրված աղքատության ընդհանուր մակարդակի մինչեւ 11,2 տոկոս կրճատման կամ տնտեսության երկնիշ աճի մասին կիմանանք միայն Վիճվարչության զեկույցներից: Իսկ կենսաթոշակների 60 տոկոս ավելացումը միայն ձկան կարթի վրա ամրացված որդի նշանակություն կունենա:
Շատ տպավորիչ է նաեւ կոռուպցիայի դեմ պայքարի հատվածը: «Կառավարության համար կոռուպցիայի դեմ պայքարը հանդիսանալու է իրականացվող քաղաքականության գլխավոր բաղադրիչներից մեկը»,- նշված է ծրագրում: Այսպիսի գեղեցիկ արտահայտություններ ծրագրի մեջ շատ կան: Բայց երբ մի պահ փակում ես աչքերդ ու հիշում ես, թե հիվանդանոցներում, դպրոցներում, բուհերում, դատարաններում, Դատախազությունում, Ոստիկանությունում (այս շարքը կարող է անվեջ ձգվել) որեւէ խնդիր ունենալու դեպքում ինչպես է նվազում գրպանիդ պարունակությունը, կամ թեկուզ հիշում ես առանց ծանոթի քաղծառայության մրցույթով պաշտոն ստանալու անարդյունք քննությունը, ապա կառավարության ծրագրի հատկապես այս հատվածը նմանեցնում ես մեր իշխանությունների սիրած՝ Գյուլնազ տատի հեքիաթներին: Հասկանում ես, թե գոյություն ունեցող իրականությունը որքան հեռու է բոլոր տիպի ծրագրերից:
Արդյունաբերական հատվածում ծրագրերն ավելի համեստ են եւ մեծ բաներ չեն խոստանում: «Առաջնահերթ գերակայությունը լեռնամետալուրգիայի զարգացումն է, ոլորտն ունի զարգացման հսկայական ներուժ»: Հայաստանը համարվում է համեմատաբար հարուստ հանքային պաշարներ ունեցող երկիր: Իսկ լեռնամետալուրգիան կամ հանքարդյունաբերությունը մեր երկրում ունեն խիստ ուղղորդված բնույթ՝ ընդերքի հարստությունը՝ պղինձը, մոլիբդենը, ոսկին հանել եւ վաճառել: Հանող-վաճառողները նորից օտարերկրյա ներդրող համարվող հայ պաշտոնյաներն են: Նրանք հոշոտելով երկրի հարստությունը՝ իրենց գրպաններն են լցնում: Ահա եւ Հայաստանի հանքարդյունաբերությունը: Դրա համար էլ կառավարությունն այս հատվածում համեստ է եւ զարգացումների, լուրջ բիզնես-ծրագրերի ավելորդ խոստումներ չի տալիս:
Կառավարությունը համեստ է նաեւ «Տրանսպորտը եւ կապը» հատվածում: «Ակնկալվում է, որ բոլոր բնակավայրերը մինչեւ 2012 թվականը կունենան միջպետական նշանակության ճանապարհներին կապող առնվազն մեկ բարեկարգ ճանապարհ»,- այս արտահայտությունը ծրագրում եղած շատ քիչ կոնկրետ մտքերից է: Մնացած բոլոր դեպքերում ձեւակերպումներն ունեն վերացական բնույթ: Իհարկե, կարեւոր է, որ Հայաստանի բնակավայրերն ունենան նորմալ ճանապարհներ: Օդային փոխադրումների դեպքում էլ կարեւորվում է ազգային փոխադրողի ձեւավորումն ու զարգացումը, ինչը մենք այսօր էլ ունենք հանձին Միխայիլ Բաղդասարովի «Արմավիա» ընկերության: Մեր ազգային փոխադրողն այնպես է զարգացրել հայկական ավիացիան, որ Երեւան-Անթալիա չվերթի տոմսը երեք անգամ ավելի թանկ է, քան Փարիզ-Անթալիա չվերթը, որ գրեթե բոլոր չվերթերն առնվազն մեկ ժամ ուշացումով են տեղի ունենում, որ ինքնաթիռը Փարիզի կամ այլ քաղաքի օդանավակայանում պետք է ժամերով հետաձգի թռիչքը՝ մինչեւ ծակ անիվը կփոխեն, եւ այդպես շարունակ: Սակայն կառավարության ծրագրում ոչ մի տող չկար արտաքին աշխարհի հետ հաղորդակցության այլ ճանապարհներ, այլ ուղղություններ գտնելու մասին: Այստեղ ծրագիրը գրողների երեւակայությունը չի բավարարել: Հո չէի՞ն գրի, թե Ռուսաստանը խոստացել է, բայց հնարավորություն չի տալիս գործարկել Կովկաս-Փոթի լաստանավային ճանապարհը: Կամ չէի՞ն գրի, թե Թուրքիայի հետ սահմանի բացման քննարկումներ չեն սկսում, որովհետեւ դա Ռուսաստանին դուր չի գա:
Իսկ ընդհանրապես, կառավարության ծրագրում կան բազմաթիվ գեղեցիկ, էկզոտիկ, ռոմանտիկ եւ ֆանտաստիկ ձեւակերպումներ, որոնց կանդրադառնանք հետագայում: