Ռուսական լրատվամիջոցները, անդրադառնալով Իրան-Հայաստան միջպետական համաժողովին, կանխատեսել էին, որ հավանաբար հայկական կողմն իրանցիներին կառաջարկի գնել «Նաիրիտ գործարանը»: Նշենք, որ «Նաիրիտ գործարանի» ներկայիս սեփականատերն է «Ռայնովիլ փրոփերթի լիմիթեդ» անգլոիռլանդական ընկերությունը, որը փաստացի ղեկավարվում է ԱՊՀ միջպետական բանկի չինովնիկների կողմից: Երեկ ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանին էլ ուղղեցինք «Նաիրիտ գործարանի» հնարավոր վերավաճառքի մասին մեզ հետաքրքրող հարցերը:
– Հնարավո՞ր է` գործարանը վերավաճառվի:
– «Նաիրիտ գործարանը» սեփականատեր ունի, եւ Կառավարությունն իրավասու չէ նման բան անել:
– Սակայն «Նաիրիտի» սեփականատերը Կառավարության հետ ունեցած պայմանագրի համաձայն՝ չի կատարել իր ներդրումային պարտավորությունները:
– «Նաիրիտի» վերջնական վաճառքը դեռ անցած օրն ենք վերջացրել:
– Գուցեեւ այդպես է, սակայն համաձայն ՀՀ կառավարության պայմանագրի, մինչեւ տարեվերջ սեփականատերը պետք է 60մլն դոլարի ներդրումներ կատարեր:
– 2008 թվից բութադիենի արտադրությունն աշխատելու է, սակայն հարցն այն է, որ մենք հանձնում-ընդունումը մի ամիս առաջ ենք վերջացրել: Էդ հո մեքենա առնել չէ՞, որ փողը տա ու քշի գնա:
– Դուք գո՞հ եք, որ «Նաիրիտում» նման իրավիճակ է տիրում:
– Գոհ եմ, որ աշխատավարձի պարտք չկա, որ արտադրանք են տալիս, որ 25 տոկոսով բարձրացրել են աշխատավարձերը:
– Աշխատավարձի բարձրացումը ներդրում չի նշանակում, այն պետք է բարձրացվեր իր եկամուտների հաշվին:
– Այո, աշխատավարձի բարձրացումը ներդրումային պարտավորություն չի համարվում, սակայն 300-400 մարդու աշխատանքի ընդունելու մասին հայտարարություն են տվել, որոնց պետք է սովորեցնեն բութադիենի վրա աշխատելու համար:
– Դուք գո՞հ եք նաեւ, որ ԱՊՀ միջպետական բանկից վերցրած 70մլն դոլարի վարկից 30մլն-ն ընդհանրապես Հայաստան չի հասել:
– Ո՞վ է վերցրել այդ վարկը:
– «Նաիրիտի» սեփականատերը` «Ռայնովիլ փրոփերթի լիմիթեդը»:
– «Ռայնովիլը» հո միայն «Նաիրիտի» սեփականատե՞րը չէ: Մոսկվայում հազար ու մի բիզնես ունի, բնակարաններ է կառուցում, իր խնդիրն է` ինչպես վարվել իր փողերի հետ:
– Ձեր խոսքով` ստացվում է, որ սեփականատերը կարող է գրավ դնել «Նաիրիտի» բաժնետոմսերը, վարկ ստանալ եւ փոխանակ այդ վարկն անմիջապես ներդնի գործարանում, կարող է մոսկվաներում բիզնես անել եւ փողեր պտտացնել:
– Դա իր իրավունքն է, ինչ կուզենա` կանի, բայց մեր խնդիրն է, որ «Նաիրիտ գործարանը» չծանրաբեռնվի: Օրինակ, ասենք, սեփական մեքենա եք առել, իրավունք ունեք ձեր մեքենան գրավադրել եւ մի ուրիշ բան առնել: Օրենքն արգելո՞ւմ է:
– Պարոն նախարար, «Նաիրիտը» մեքենա չէ, այլ ռազմավարական նշանակության եւ խիստ եկամտաբեր գործարան է բոլորի համար: Բացի այդ, այդ գործարանը Կառավարությանը վաճառվել է որոշակի նախապայմաններով, եւ միանշանակ չէ, որ այն «Ռայնովիլի» սեփականությունն է: Ձեզ հիշեցնեմ, որ գործարանում նշված ժամկետներում սեփականատիրոջ կողմից ներդրումներ չկատարելու դեպքում Կառավարությունը կարող է ետ վերցնել գործարանը` առանց մասնակի կատարած ներդրումները վերադարձնելու:
– Ո՞վ է ասել՝ 70 մլն, ո՞վ է ասել՝ 30մլն-ը չկա, դուք հիմա թերթերի բամբասանքներն եք ասում:
– 70մլն վարկի տրամադրումը բաց ինֆորմացիա է, որը Դուք կարող եք տեսնել ԱՊՀ միջպետական բանկի տարեկան հաշվետվության մեջ:
– Ես ի՞նչ կապ ունեմ դրա հետ, կամ էդ բալանսը բերեք, ես էլ տեսնեմ:
– Պարոն Մովսիսյան, Դուք «Նաիրիտում» ներկայացնում եք 10 տոկոս պետական բաժնեմասի շահերը: Եթե 30մլն դոլարի վարկն անհետացել է, ապա դուք պետք է քայլեր ձեռնարկեք միայն 2008 թվին` էլ ավելի խորացնելով գործարանի կուտակած պարտքերը: Եթե գործարանը պարտքեր չունի սպառած գազի գծով, ապա ունի ահռելի վարկային պարտավորություններ: Եվ, ի դեպ, այդ ընթացիկ ծախսերը մարվում են հենց վարկերի հաշվին եւ ոչ թե գործարանի եկամուտներից:
– Դա սեփականատիրոջ խնդիրն է, մեր խնդիրը «Նաիրիտն» է: Դուք ի՞նչ գիտեք, թե ինչքան են ներդրել: Եվ հետո, եկեք նստենք հանգիստ խոսենք, սա երկար պատմություն է:
Հ.Գ. «168 Ժամն» արձակուրդից կվերադառնա օգոստոսի 13-ին: Այդ ժամանակ անպայման կդիմենք նախարարին` երկար պատմությունը շարունակելու համար: