ՀՀ Բնապահպանության նորանշանակ նախարար Արամ Հարությունյանի աշխատանքային դեբյուտը նշանավորվեց Թեղուտի անտառներ կատարած այցով: Նախարարին ուղեկցում էին մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Այցից պարզ դարձավ, որ Թեղուտի անտառներից բնաջնջվելու է մոտ 350 հեկտար տարածք` պղնձի հանքաքար արդյունահանելու նպատակով: Հանքավայրի արդյունահանման թույլտվություն ստացածները, իբրեւ վնասի փոխհատուցում՝ խոստացել են փոխարենը վերատնկել կրկնակի անգամ շատ անտառային տարածք:
Սակայն բնապահպանական խնդիրներով զբաղվող մի շարք հասարակական կազմակերպություններ պարզել են, որ Թեղուտի հանքօգտագործման թույլտվությունը տրվել է ՀՀ կողմից վավերացրած միջազգային 8 կոնվենցիաների, ՀՀ սահմանադրության, «Բնության պահպանության», «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության», «Բուսական», «Կենդանական աշխարհի», «Մթնոլորտային օդի պահպանության» մասին օրենքների կոպիտ խախտումներով: Խախտվել են նաեւ Հողային, Ջրային, Ընդերքի, Անտառային օրենսգրքերի մոտ 100 կետեր:
«Հայաստանի անտառներ» հ/կ տնօրեն Նազելի Վարդանյանը մեզ հետ զրույցում ներկայացրեց իրական պատկերը:
– Ըստ իրավասուների մարմինների, Թեղուտի մոլիբդենի հանքավայրը շահագործվելու է բաց եղանակով, քանի որ փակ եղանակի կիրառման դեպքում արդյունահանողը չի կարող եկամուտ ստանալ: Ի՞նչ հետեւանքներ կունենանք Թեղուտի անտառների մեծածավալ հատումների արդյունքում:
– Թեղուտի հանքավայրը փակ տեխնոլոգիաներով շահագործելը նույնպես կարող է եկամտաբեր լինել: Բաց տեխնոլոգիա` նշանակում է, որ սկսելու են հանքաքար հանել սարի գլխից եւ կամաց-կամաց սարը տաշելով իջնելու են ներքեւ եւ, ի վերջո, այդ լեռը վերանալու է: Պարզ է, չէ՞, որ այս գործընթացին զուգահեռ էլ վերանալու է կենդանական եւ բուսական աշխարհը: Բացի այդ, լինելու են գազի եւ փոշու արտանետումներ, աղտոտվելու է ջրային ավազանը: Անձրեւաջրերը լվանալու են բաց ապարները, որը խառնվելու է խմելու ջրին: Իսկ փակ տեխնոլոգիայի պարագայում հորատանցքեր են բացելու եւ այս եղանակով են կորզելու հանքաքարը, ինչը շրջակա միջավայրի համար մեծ վտանգ չի ներկայացնում, սակայն նվազեցնում է արդյունահանողի եկամուտները: Այս հանքավայրի դեպքում շահագործողը չի կարող փակ տեխնոլոգիաների դեպքում եկամուտ չստանալ, քանի որ բոլորիս է հայտնի, թե որքան է բարձրացել մոլիբդենի գինը միջազգային շուկայում: Երբ մենք հարցնում ենք, թե ինչո՞ւ չեք փակ տեխնոլոգիայով արտահանում, ասում են` ապարներն այստեղ այնքան էլ ամուր չեն, կլինեն սողանքներ, փլուզումներ: Իսկ երբ նրանց ասում ենք, որ եթե ապարներն ամուր չեն, ապա բաց տեխնոլոգիայի դեպքում էլ մեծ է սողանքների վտանգը, պատասխանում են, թե` ապարները շատ ամուր են, եւ ոչ մի վտանգ էլ չկա: Հիմա այդ ապարներն ամո՞ւր են, թե՞ թույլ են: ՀՀ Բնապահպանության նախարարությունն այս հանքավայրի շահագործման թույլտվությունը տվել է ՀՀ մի շարք օրենքների, Կառավարության որոշումների եւ միջազգային կոնվենցիաների խախտումներով: Խախտվել են «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» օրենքի գրեթե բոլոր կետերը, բայցեւ հանքավայրի շահագործման վերաբերյալ տրվել է դրական եզրակացություն: Այս փուլում մենք պայքարում ենք, որ կառավարությունը նման իրավիճակում պայմանագիր չկապի շահագործողի հետ:
– Ձեր հաշվարկներով՝ քանի՞ հեկտար անտառ է վերացվելու, նշենք, որ հնչեցված պաշտոնական թիվը 350 հեկտար է:
– Հանքավայրի շահագործման ութ տարիների ընթացքում վերացվելու է մոտ 1200 հեկտար անտառ: Թեպետ նրանք ասում են, որ մի այլ տեղ նոր անտառ են վերատնկելու, սակայն ո՞ւմ են պետք այդ տնկիները, եթե դրանք 100 տարի հետո միայն կարող են անտառ դառնալ: Լավ, ասենք, վերատնկեցին անգամ Երեւանում: Սրա եկամուտն անհամեմատելի է կորցրած հումուսային շերտի, արտանետումների, աղտոտված ջրերի պատճառած վնասի չափի հետ: Մեր տվյալներով՝ Լոռու մարզի Ալավերդու տարածաշրջանում երեք անգամ ավելացել է վիժումների քանակը, երեք անգամ ավելացել է արատավոր երեխաների ծնունդը: Սա նշանակում է, որ մենք կորցնում ենք մեր գենոֆոնդը` հայ տեսակը: Սրա պատճառներն էլ պետք է փնտրել Հայաստանի հյուսիսում գործող մի շարք հանքարդյունաբերական գործարանների շահագործման մեջ, եւ հիմա էլ ավելանում է Թեղուտի շահագործումը: Այս ամենը ծանր մետաղների եւ ծծմբաթթվի արտանետումների արդյունքն է: Ասում են՝ նոր աշխատատեղեր են բացելու: Որքա՞ն գումար են տալու, որ արատավոր երեխա ունեցած ծնողն իրեն երջանիկ զգա: Այս տարածաշրջանում հատկացվող աշխատավարձերի չափն էլ է հայտնի` 30-35 դրամ:
– Ո՞ւմ համար են նախապատրաստել նման արտոնյալ դաշտը:
– Որքան գիտեմ՝ Վալերի Մեջլումյանի Լիխտենշտեյնում գրանցված կազմակերպությունն է, որը մի կողմից էլ՝ որպես օտարերկրյա ներդրում դեռ մի քանի տարի էլ կօգտվի հարկային արտոնություններից: Սակայն այստեղ կարեւորն այն չէ, թե ով է շահագործողը, այլ այն, թե ինչպե՞ս են շահագործելու: Այս գործընթացը կատարվել է համատարած խախտումներով եւ ինքնին ապօրինի է: Խնդիրն այն է, որ ողջ հանրապետությունն ապրում է միայն այսօրով, վաղվա մասին ոչ ոք չի մտածում:
– Այս օրերին Ջերմուկի անտառները հատվում են` ճոպանուղի կառուցելու նպատակով: Քաղաքի զարգացման ծրագիրն ունե՞ր նման նախագիծ:
– Ճոպանուղուց բացի, նախատեսում են անտառների հատման հաշվին կառուցել նաեւ սահուղի: Այն դեպքում, երբ այս անտառում սոճիների որոշ տեսակներ ձեռքով են տնկվել: Անտառներն այդտեղ աստիճանական են տնկվել, տեղանքը դարավանդներով է եւ սահուղու հնարավորություն չի տալիս: Այս անտառահատումն էլ նույնպես կատարվել է առանց բնապահպանական համապատասխան փորձաքննության: Ջերմուկի անտառները նախ՝ արգելավայր են, բնապահպանության առաջին գոտի են համարվում, այստեղ թույլտվություն տալն այնքան խիստ պահանջներ է ենթադրում: Մինչդեռ նրանք արդեն վերջացրել են հատելու գործը: Եթե ուրիշ տեղ ճոպանուղի կառուցելու տարբերակը չլիներ, գուցեեւ, որպես հանգստի գոտի՝ տեղի բնակչությունը շահեր այս նախագծից: Ջերմուկում մերկ սարերի պակաս չի զգացվում, եւ այն էլ շատ հարմար են սահուղիների համար: Խորհրդային տարիներին Ջերմուկի զարգացման ծրագրով նախատեսվում էր ճոպանուղի կառուցել Ձիրակ լեռան վրա, որն անտառազուրկ տարածք է: Ներկա տարբերակում ակնհայտ է, որ չեն ցանկանում զրկվել բնափայտ ստանալու ընձեռված հնարավորությունից: Եթե մեկնաբանում են, որ այս տարածքը մոտ է քաղաքին, ապա կարող էին կառուցել անտառից ուղիղ 100 մետր հեռավորության վրա, որը նույնպես բաց տարածք է:
– Ինչպե՞ս կարելի է հասնել անտառի պահպանման կուլտուրայի կայացմանը:
– Մեր հաշվարկներով՝ մինչեւ 2003 թվականն ապօրինաբար հատվել է մոտ 1մլն խորանարդ մետր փայտանյութ: Վերջին տարիներին այս ցուցանիշը նվազել է եւ տարեկան կազմում է մինչեւ 350-400 հազար խորանարդ մետր, մինչդեռ տարեկան թույլատրելի նորմ է համարվում մինչեւ 70 հազար խորանարդ մետրը: Հիմա անտառն այն վիճակի մեջ է, որ եթե 10 տարի հատումներ չանեն, հազիվ թե վերականգնվի նախնական վիճակը: Անգամ պետք է բացառել սանիտարական հատումները: Նման կարգի արգելումը կբերի նրան, որ շուկայում չի կարող հայտնվել ոչ օրինական եւ ոչ էլ ապօրինի հատված բնափայտ: Սրա համար պետությունը պետք է սահմանամերձ շրջանների անապահով խավերին լույսի կամ գազի տեսքով դոտացիա տրամադրի, ընդ որում` այդ դոտացիան ավելի փոքր թիվ է կազմում պետության համար, քան ապօրինի հատումների պատճառած վնասն է: Այս դեպքում առկա է տնտեսական եւ էկոլոգիական վնաս, որը հաշվարկելն այնքան էլ դյուրին չէ. դա միայն ծառի գինը չէ, ներառում է մի շարք գործոններ` հողի, ջրի, անհետացած կենդանիների, բուսատեսակների հանրագումարը: Հայաստանը ներկայումս փայտ արտահանող երկիր է համարվում: Հարկ է հավասարեցնել հարկային բեռը՝ փայտի ներմուծման եւ արտահանման դեպքերի համար: Իբրեւ արտահանումը խթանող երկիր՝ փայտը նույնպես ազատված է մաքսատուրքից, ինչը չի գործում ներմուծման դեպքում: Այսպես թե այնպես, օլիգարխները խուսափում են հարկերից: Գուցե ժամանակն է օրինականացնել այդ թաքցված հարկերը, օրենքով սահմանելով, որ բարեգործություններն ազատվում են հարկային պարտավորություններից: Մենք ուրախ կլինենք միայն, եթե մի օլիգարխ բարեգործության տակ անտառ տնկի եւ հարկեր չվճարի: Այս պրակտիկան վաղուց գործում է ամբողջ աշխարհում: