«Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Արմեն Մազմանյանը երեկ հրավիրված ասուլիսում փորձեց վերլուծել, թե ինչպիսի՞ն է մտավորականության դերը քաղաքականության մեջ:
Ուղղակի եւ անուղղակի կերպով քաղաքականությամբ զբաղվող ռեժիսորը, գնահատելով քաղաքական ներկայիս զարգացումները, ասաց. «Եթե մենք հասկանում ենք՝ քաղաքականությամբ զբաղվել նշանակում է լինել որեւէ կուսակցության անդամ կամ ունենալ սեփական կուսակցություն, ապա այդ իմաստով ես քաղաքականությամբ չեմ զբաղվում: Եթե քաղաքականությամբ զբաղվել կնշանակի՝ որպես քաղաքացի, որպես մարդ եւ մտավորական՝ ունենալ սեփական դիրքորոշում, սեփական ակտիվ կարծիք, ապա, այո՛, ես միշտ զբաղվել եւ զբաղվում եմ ակտիվ քաղաքականությամբ»: Քաղաքականության ակտիվիստ մտավորականն իր դիրքորոշումների օբյեկտիվությունն ապացուցելու համար հիշեցրեց, որ երբեմն իր կարծիքը հակառակ է պետական թեւին, երբեմն էլ` ընդդիմադիր թեւին: Նա ասաց, որ հիմա թատրոնում հայաստանյան քաղաքական անցուդարձի մասին մի պիես է բեմադրում: Իսկ ընդհանրապես Ա. Մազմանյանը չի ընկալում ընտրություններից առաջ մեր ազգային գերակտիվությունը, հետեւաբար, որպես քաղաքացի՝ նա գերադասում է իր կարծիքը հայտնել մինչեւ ընտրական թոհուբոհը. «Եթե նկատել եք, այս ընտրությունից առաջ ընդհանրապես լռել եմ»: Անդրադառնալով հայ մտավորականության քաղաքական կեցվածքին` Ա. Մազմանյանն իր ատելությունն արտահայտեց «սարքովի ինտելեկտուալների» հանդեպ: Նրա կարծիքով` արտաքուստ այդպիսիներն իրականում գնում-մտնում են քաղաքական կուլուարներ` սկսում են առեւտուր անել` խոստանալով լռել, ինչի համար էլ ստանում են պետական կոչումներ, պաշտոններ, մեդալներ: Ըստ Ա. Մազմանյանի` հենց մտավորականը պետք է լինի թոհուբոհի կենտրոնում` ունենալով հստակ, ոչ կոնյունկտուրային, ոչ որեւէ կուսակցությանը կամ պետական համակարգին հարող կարծիք: Նա նշեց, որ այսօր Եվրոպայում որեւէ կուսակցության կամ պետական գործչի մասին լուրջ արտիստի հայտարարությունը տասնապատիկ էֆեկտիվ կամ կործանարար է տվյալ ուժի համար, քան մի ամբողջ քաղաքական պատվերով արվող PR-ը եւ լոբբինգը: Ա. Մազմանյանի կարծիքով` մտավորականի կերպարը մենք փչացրել ենք, որովհետեւ ժամանակին երբ մտավորականը փողոցով քայլում էր` երթեւեկությունը կանգնում էր` «Դա լիներ Մետաքսյա Սիմոնյանը, Մհեր Մկրտչյանը կամ Շիրազը: Մարդիկ կանգնում եւ պահանջում էին նրանց սեփական կարծիքը` ի՞նչ եք կարծում, երեկ այս շենքը քանդում էին… Ինչպես որ կասեր այդ մտավորականը` դա դառնում էր հասարակական կարծիք: Այսինքն` մտավորականությունը որպես ազգի ինտելեկտուալ վերնատուն՝ պարտավոր է անպայման աշխատել»: Մազմանյանը հիշեց Վիլյամ Սարոյանի խոսքերը` «Բայց եթե կյանքիդ ճանապարհին կհանդիպես սրիկայի` սպանիր նրան, սպանիր նրան առանց վարանելու»:
Վերջինս նաեւ վատ արարք գնահատեց մտավորականների` մեկ օրում կուսակցական դառնալու երեւույթը` բացատրելով, որ դրանով ժողովուրդը կորցնում է հարգանքը, վերաբերմունքն ու հավատը դեպի ինտելեկտուալ, հոգեւոր արժեքների կրող մտավորականի հանդեպ, ինչը մենք այսօր տեսնում ենք: «Անգամ սովետական ժամանակաշրջանում մտավորական ասածը շատ վտանգավոր բան էր: Այդ միությունները, որ ստեղծվել էին` դրանք պիտի հետեւեին, որ հանկարծ մտավորականը մի օր բարձրաձայն մի բան չշփացներ, եւ այդ սոցիալ-քաղաքական անդորրը վայրիվերում չապրեր»,- ասաց Ա. Մազմանյանը` հիշեցնելով, որ Հովհ. Շիրազին շաբաթներով տնային կալանքի տակ էին պահում, որովհետեւ մտավորականի կարծիքը վտանգավոր էր: Այսօր մտավորականի խոսքը վտանգավոր չէ, որի համար մեղավոր են իրենք` մտավորականները, այդ թվում նաեւ` ինքը` ռեժիսոր Ա. Մազմանյանը:
Ինչ վերաբերում է նկարիչներին, ապա, ըստ նրա, կան հրաշալի տղերք, որոնց լռությունը, սակայն, Ա. Մազմանյանին դուր չի գալիս: «Եթե նրանք ասում են` դա ինձ չի վերաբերում, ապա ես դա էլ եմ համարում փոքրոգություն եւ փախուստի ձեւ»: Անդրադառնալով մայրաքաղաքում ընդդիմության հանրահավաքներին, Ա. Մազմանյանը նկատեց. «Ես միտինգների եղել եմ 1988-ի փետրվարից: Շատ անգամ անհամեստորեն ինձ թույլ եմ տվել վերցնել խոսափողը: Էն ժամանակ միտինգի գնալը մոդա չէր, իսկ խոսափող վերցնելը վտանգավոր էր: Հիմա ես միտինգի կգնամ մի դեպքում, երբ որ հավատամ, հասկանամ, որ այն բովանդակային կոնտեքստը, որ այնտեղ դրված է` ազնիվ է, հանուն ազգի եւ հանուն պետական շահերի է»: Միտինգները, պարզվում է, տեղի են ունենում անմիջապես Ա. Մազմանյանի տան եւ գրասենյակի մոտ, հետեւաբար նա ակամայից դառնում է միտինգի մասնակից: Ցավոք, նա բոլորին գիտի, եւ, երբ հասկանում է, որ միտինգի ամբողջ ասելիքն այն է, որ` «Ժողովուրդ ջան, եկե՛ք սրանց գցենք, տվեք ինձ` լավ կլինի, ես ձեզ կփրկեմ, ապա ես նրանց չեմ հավատում»,- ասում է Մազմանյանը: Չի հավատում, որովհետեւ այդ նույն մարդկանց մի մասին նա տեսել է նախորդ իշխանական համակարգում: Ա. Մազմանյանը չի գնա միտինգների, որովհետեւ չի տեսնում ազգային, լուրջ, բովանդակային կոնտեքստ, չի տեսնում այն անհատին, որի հետեւից կգնա հանուն հայրենիքի ապագայի: «Այս միտինգներին ես չեմ գնա այնքան ժամանակ, մինչեւ չտեսնեմ այդ իրական, ներքին, ազնիվ կորիզը, ինքնանվիրումը, ոչ թե սեփական շահը: Սա կրոցի ա: Բոլորն իրար արժեն»,- ասուլիսը եզրափակեց Ա. Մազմանյանը: