Ով՝ ինչ է լվանում

19/07/2007 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններից ընդամենը մի քանի օր առաջ հայրենի իրավապահները հպարտությամբ ազդարարեցին, որ հայտնաբերել են փողերի լվացման մի դեպք: Իսկ «փող լվացողները», տվյալ դեպքում, ըստ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության, ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանն ու պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանն էին, ովքեր ապրիլի վերջերին նույն ինքնաթիռով գնացել էին Մոսկվա եւ վերադարձել դարձյալ նույն ինքնաթիռով:

Մեր իրավապահները պարզել էին, որ նրանք գնացել էին «փող լվանալու»: Մայիսի 7-ին Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն էր տարածել, որտեղ ասվում էր, թե Ա. Արզումանյանն ու Վ. Շիրխանյանը համաձայնության են եկել «2005-ից ֆինանսական զեղծարարությունների համար» հետախուզման մեջ գտնվող, «ՀՀ-ում նախընտրական շրջանում որոշակի նպատակներ հետապնդող եւ դրանց իրագործման ակնկալիքներ ունեցող» ՌԴ քաղաքացի Լեւոն Մարկոսի հետ՝ «իրենց միջոցով կազմակերպելու կասկածելի ծագում ունեցող գումարների՝ ՀՀ տեղափոխումը եւ օրինականացումը»: Մայիսի 5-ին Ալեքսանդր Արզումանյանի բնակարանի խուզարկության ժամանակ հայտնաբերվել էր 55.400 ԱՄՆ դոլար: Այս ամենից հետո մոսկվացի գործարար Սաշիկ Աղազարյանը հայտարարեց, թե ինքն է Ալեքսանդր Արզումանյանին գումար ուղարկողը: Մոտ 3 շաբաթ առաջ էլ Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն տարածեց, թե քննիչների մի խումբ են գործուղել Մոսկվա, որը պետք է պարզի Արզումանյանին գումար փոխանցած անձի ով լինելը, գումարի ծագման աղբյուրը եւ գումարի փոխանցման նպատակը: Ստացվում էր, որ առանց փողերի ծագումն իմանալու նախկին արտգործնախարարին կալանավորել էին այդ «փողերի լվացման» համար: Բացի այդ, այս գործով ԱԱԾ-ի՝ մայիսին տարածած հաղորդագրության մեջ կարծեք թե «կասկածելի ծագում ունեցող» գումարների տիրոջ անունը նշվում էր (Լեւոն Մարկոս): Այսինքն՝ ԱԱԾ-ի վերոնշյալ երկու հաղորդագրությունների միջեւ որոշակի հակասություն կա. առաջինում նշվում էր, որ Ա. Արզումանյանն ու Վ. Շիրխանյանը «լվացել են» Լ. Մարկոսի փողերը, իսկ երկրորդից էլ տեղեկանում ենք, որ քննիչների խումբ է գնացել Մոսկվա, որ պարզի, թե ով եւ ինչ գումար է ուղարկել Արզումանյանին: Ինչեւէ, նախորդ երկու ամիսներին այս գործում Վ. Շիրխանյանի ու Լեւոն Մարկոսի անունները կարծեք թե հետին պլան մղվեցին: Մեր երկրի իրավապահներն այլեւս չեն խոսում այն մասին, որ Վ. Շիրխանյանն էլ է «փողեր լվացել Ա. Արզումանյանի հետ միասին» եւ «լվացել է» Լ. Մարկոսի փողերը, փոխարենը սկսել են, մի տեսակ, խճճվել իրենց հայտարարությունների ու հայտնաբերած «փաստերի» մեջ, ու դժվար է հստակ ասել, թե այս գործով իրականում ով ինչ է լվանում: Ինչեւէ, պարզվում է, որ մեր երկրի իրավապահներից երկուսը եղել են Մոսկվայում, հարցաքննել Սաշիկ Աղազարյանին ու այլոց: Օրերս «Արմինֆոն», հղում անելով Մոսկվայի իր աղբյուրներին, տեղեկացրել էր Մոսկվա գործուղված վերոնշյալ մարդկանց «բացահայտումների» մասին: Երեկ էլ Հայաստանի Գլխավոր դատախազությունն է բացահայտել նշված անձանց «բացահայտումները»: Ըստ այդմ, ՀՀ Գլխավոր դատախազությունից lragir.am-ին փոխանցել են, որ Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի դեմ փողերի լվացման մեղադրանքով հարուցված քրեական գործի վերաբերյալ նորություններ կան: Մասնավորապես, ՀՀ Գլխավոր դատախազությունն իրավական օգնության միջնորդությամբ դիմել է Ռուսաստանի Գլխավոր դատախազություն, եւ ռուսական կողմի համաձայնությամբ նախաքննություն իրականացնող մարմնի երկու ներկայացուցիչ է մեկնել Մոսկվա: Հարցաքննվել է ՌԴ քաղաքացի Սաշիկ Աղազարյանը: Հիշեցնենք, որ ՀՀ նախկին արտգործնախարարի կալանավորումից հետո Ս. Աղազարյանը հայտարարել էր, թե ինքն է փող ուղարկել Ա. Արզումանյանին: Ըստ ՀՀ Գլխավոր դատախազության, Ս. Աղազարյանը հարցաքննության ժամանակ տեղեկացրել է, որ Ա. Արզումանյանի խնդրանքով է 178.200 ԱՄՆ դոլարն ուղարկել 9 տարբեր անձանց անուններով՝ յուրաքանչյուրին՝ 19.800 դոլար: Իսկ այդ անձանց անունները, ըստ Սաշիկ Աղազարյանի, տվել է Ալեքսանդր Արզումանյանը: Իսկ թե ինչո՞ւ է Ա. Արզումանյանն այս ձեւն ընտրել, Ս. Աղազարյանը չգիտի: Դատախազության կարծիքով՝ դա արվել է գումարների տեղաշարժը թաքցնելու նպատակով: Դատախազությունը տեղեկացնում է, որ «գրավոր որեւէ փաստաթուղթ, որը կվկայեր, որ փոխանցումները կատարել է Սաշիկ Աղազարյանը, չի հայտնաբերվել»: Դատախազությունը պարզել է, որ փողերը փոխանցվել են Ռուսական առեւտրային ֆինանսավորման բանկից հայկական «Կոնվերս» բանկ: Հաղորդվում է նաեւ, որ հարցաքննվել են նաեւ այն 9 անձինք, ում անունից գումարը փոխանցվել է Հայաստան: Ըստ ՀՀ Գլխավոր դատախազության, այդ ինն անձանցից ութը հայտնել են, թե իրենք փոխանցված գումարների հետ կապ չունեն, նման գումարներ չեն փոխանցել եւ չեն ճանաչում այն անձանց, ում անունով գումարներ են փոխանցվել Երեւան: Գլխավոր դատախազությունից lragir.am-ին նաեւ փոխանցել են, որ հարցաքննության ժամանակ Ս. Աղազարյանն ասել է նաեւ, որ չի ճանաչում Վահան Շիրխանյանին եւ նրան փող չի փոխանցել: