ՀՀ գլխավոր դատախազությունը երեկ հաղորդագրություն է տարածել, ըստ որի, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մ. Սարգսյանի մոտ հուլիսի 11-ին տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն ՀՀ ոստիկանապետի տեղակալ Ա. Երիցյանի մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են 2004թ. հոկտեմբերի 5-ին Էդուարդ Նիկողոսյանի անհետանալու, 2006թ. մարտի 4-ին Սայաթ-Նովա փողոցում օրը ցերեկով սպանված, «Քաղցրիկ» ՍՊԸ-ի տնօրեն Աշոտ Վարդանյանի սպանության, 2006-ի հունիսի 11-ին տեղի ունեցած խուլիգանության (որի ընթացում Արթուր Վարդանյանն իր մոտ գտնվող զենքից կրակել եւ ոտքի շրջանում հրազենային վնասվածք էր պատճառել Արմեն Հակոբյանին), 2007-ի մայիսի 9-ին տեղի «Պանդոկ» ռեստորանի մոտ տեղի ունեցած Ստեփան Վարդանյանի սպանության ու 2007-ի հուլիսի 7-ին հոր գերեզմանի մոտ սպանված Արտավազդ Վարդանյանի, Վարդան Մելիքյանի, Գրիգոր Ստեփանյանի սպանությունների առթիվ հարուցված քրեական գործերի նախաքննության ընթացքը, ձեռք բերված ապացույցները: Որոշվել է նշված քրեական գործերը միացնել մեկ վարույթում ու դրա նախաքննության իրականացումը հանձնարարել ՀՀ Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերով քննության վարչությանը: Թվարկված սպանություններից երկուսը՝ Աշոտ եւ Ստեփան Վարդանյանների սպանությունները, ըստ ՀՀ Գլխավոր դատախազության, բացահայտվել են: «Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա. Վարդանյանի սպանությունը կատարելու համար Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների դատախազության կողմից որպես մեղադրյալ է ներգրավվել Հայկ Կարապետյանը, իսկ Ստեփան Վարդանյանի սպանությունը կատարելու համար՝ Շենգավիթ համայնքի դատախազության կողմից՝ Հայկ Բենիկյանը, եւ նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում»,- ասված է Դատախազության տարածած հաղորդագրության մեջ: