Քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը երեկ մերժել է ԵՊՀ սոցիալ-տնտեսական աշխարհագրության ամբիոնի դոցենտ Սասուն Սարիբեկյանի հայցն ընդդեմ համալսարանի: Սասուն Սարիբեկյանը չի աշխատի Երեւանի պետական համալսարանում, սակայն դատարանի որոշմամբ ԵՊՀ-ն պարտավոր է նրան իբրեւ հատուցում վճարել միջին աշխատավարձի չափով գումար՝ մարտի 15-ից մինչեւ հուլիսի 18-ի հատվածի համար: Հիշեցնենք, որ Սարիբեկյանին մարտի 15-ին աշխատանքից հեռացրել էին ռեկտորի հրամանով՝ «պարտականությունները չկատարելու համար»: Մինչդեռ Սարիբեկյանի պնդմամբ՝ դա եղել է իր՝ քաղաքական ազատ հայացքներ ունենալու համար, ինչպես նաեւ՝ այն բանից հետո, երբ նա ուսանողների ցանկությամբ հանդիպում էր կազմակերպել «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի հետ: Դրանից հետո ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի 31 ուսանող դիմում էին ներկայացրել, որոնցում Սարիբեկյանին մեղադրել էին «ՀՀ, ԵՊՀ եւ ֆակուլտետի ղեկավարության վարկաբեկման, երկրում տիրող իրավիճակի տենդենցիոզ քննադատության, ապագայի հանդեպ հոռետեսական մտածողություն ձեւավորելու մեջ»: «Ա1+»-ի փոխանցմամբ՝ Սարիբեկյանը պատրաստվում է դիմել Եվրադատարան, նաեւ միջազգային բոլոր այն կառույցներին, որոնք ինչ-որ առնչություն ունեն Հայաստանի կրթական համակարգի, գործադիր իշխանությունների հետ: Սարիբեկյանը որոշել է հետեւողական լինել ու այս գործը մինչեւ վերջ տանել, սակայն իրեն այս պարագայում հարկավոր է նաեւ հասարակական կազմակերպությունների ու կուսակցությունների աջակցությունը: Իսկ այն ուսանողները, ովքեր, ինչպես Սարիբեկյանն է ասում, «մեկ ստորագրությունով ստորի կարգավիճակ ձեռք բերեցին», նրանց դեմ եւս նոր գործ կհարուցի եւ կպարզի, թե ԵՊՀ ռեկտոր «պարոն Սիմոնյանն ինչպե՞ս է կազմակերպել իր հեռացման այս ամբողջ խայտառակ գործընթացը»: «Ռեկտորն ինքն էլ շատ լավ գիտի, թե ովքեր են իրական կազմակերպիչները, սակայն նա էլ է ընկել անելանելի վիճակի մեջ»,- ասում է Սարիբեկյանը: